Անվտանգության ոլորտում մենք բազմազանացման քաղաքականություն ենք վարում. Փաշինյան

ԵՄ-ի հետ ՀՀ-ի գործընկերությունը զարգանում և խորանում է՝ լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ռադիոլուր»-ի հարցին։ Նա ասել է, որ անվտանգության ոլորտում Հայաստանը բազմազանացման քաղաքականություն է վարում։ Վարչապետն անդրադարձել է նաև Ռուսաստանի նախագահի հետ վերջին հեռախոսազրույցին, ինչպես նաև Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրի փոխանցելու վերաբերյալ խոսակցություններին։

Օրեր առաջ ԵՄ քաղաքականության ընդլայնման հանձնակատարի գրասենյակից մեզ փոխանցել էին, որ Հայաստանին ֆինանսական աջակցությունը զգալիորեն մեծանում է, և այդ գումարը տրամադրվելու է գլխավորապես ոչ մահաբեր սպառազինություն ձեռք բերելուն։ Նշվում էր, որ ԵՄ բրիգադը կվերափոխվի ճամբարի։ Ի՞նչ է սա նշանակում, և անվտանգային ի՞նչ միջոցներ են ձեռք բերվել։ Սա կպատասխանի՞ այն մարդկանց, որոնք խոսում են Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեների անհավասարակշռության մասին։ Կառավարության նիստից հետո «Ռադիոլուր»-ն այս հարցը տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․

«Դուք գիտեք, որ խաղաղության եվրոպական գործիքից մենք արդեն երկու անգամ աջակցություն ենք ստացել, և այդ թվում՝ անվտանգության ոլորտում մենք բազմազանեցման քաղաքականություն ենք վարում։ Եվ ձեր նշածը այդ քաղաքականությունների շրջանակում է։ Ավելի մանրամասն չեմ կարող ասել»։

Վարչապետն անդրադարձավ նաև դեպի ԵՄ Հայաստանի կատարած քայլերին ու ԵՄ-ին անդամակցելու հավանականությանը։ Այդ մասին շատ է խոսվում վերջին շրջանում։ Հարցին, թե ինչ նախապայմաններով է Հայաստանը մտադիր անդամակցելու ԵՄ-ին, օրինակ, ընդունելու է արդյոք միասեռականության վերաբերյալ եվրոպական ստանդարտները, վարչապետ Փաշինյանն այսպես արձագանքեց.

«ԵՄ երկրները տարբեր կարգավորումներ ունեն։ Ամեն տեղ չէ, որ ամեն ինչ ընդունված է, և կան առանձնահատկություններ ու ԵՄ ոչ մի երկիր իր առանձնահատկությունը չի կորցրել»։

Մարտի 23-ին ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում նշվել էր, որ հարմար առիթի դեպքում Փաշինյան-Պուտին զրույցը կշարունակվի նաև հանդիպման ձևաչափով։ Ինչ միջոցառման շրջանակում է նախատեսվում այդ հանդիպումը և ինչ ժամկետներում՝ հետաքրքրվեցինք վարչապետ Փաշինյանից։

«Մենք պայմանավորվել ենք, որ փնտրենք, փորձենք փնտրել առիթ, որպեսզի խոսակցությունը շարունակենք։ Քանի որ հիմա մենք ընտրական փուլ ենք մտնում, և ես ԵԱՏՄ-ի միջոցառումներին մասնակցության հետ կապված՝ չգիտեմ ինչքանով կկարողանամ մասնակցել, հիմա աշխատում ենք, կտեսնենք»։ 

Մարտի 23-ի հեռախոսազրույցը հայկական կողմի խնդրանքով էր տեղի ունեցել։ Փաշինյանն ասաց, որ այդտեղ տարօրինակ բան չկա, և նման զրույցների բացարձակ մեծամասնությունը հենց այդպես է կազմակերպվում։ Այդպես է եղել նաև Ֆրանսիայի նախագահի դեպքում՝ չնայած Էմանուել Մակրոնի հետ ջերմ հարաբերություններին։

«Հակառակ կերպ մտածել՝ նշանակում է իրականության զգացումը կորցնել։ Եվ ես այդ հանդիպումները խնդրում եմ մեր երկրի շահերին վերաբերող հարցեր քննարկելու համար»։

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի բովանդակության կապակցությամբ տարբեր վարկածներ եղան։ Խոսվում էր, որ, օրինակ, Հայաստանի վարչապետը շոշափել է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարումը երրորդ կողմին հնարավորինս արագ փոխանցելու հարցը։ Այդ առումով հստակ ժամկետ չկա, բայց նաև անժամկետ չէ՝ ասաց վարչապետը և հույս հայտնեց, որ այդ հարցին գործընկերային լուծում կտրվի։ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ քննարկվում է կոնցեսիոն կառավարումը ղազախական ընկերության փոխանցելու տարբերակը։

«Դեմ չենք լինի, եթե պարզվի, որ մեր և Ռուսաստանի միջև կա փոխադարձ ըմբռնում, որ ղազախական ընկերությունը երկուսիս համար էլ ընդունելի է»։

Նիկոլ Փաշինյանն ասաց նաև, որ այս հարցի շուրջ քննարկում, որպես այդպիսին, չի եղել։ Կան գաղափարներ, չկան արդյունքներ։ Հայաստանն էլ, հետևաբար, դեռ չունի առաջնահերթություն կամ նախապատվություն որևէ մեկի առումով։

Մոտ մեկ ամիս առաջ հայտարարվել էր Հայաստանի երկաթուղու երկու հատվածների վերականգնման շուրջ բանակցությունների մեկնարկի մասին։ Դրանց նպատակը այդ երկու հատվածների միացումն է Ադրբեջանի երկաթուղուն՝ Երասխի շրջանում, և Թուրքիայի երկաթուղիներին՝ Ախուրյանի շրջանում: Արդյո՞ք այս հարցին անդրադարձ արվել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ և, ընդհանուր առմամբ, ի՞նչ տրամադրվածություն ունեն ռուս գործընկերներն այդ հարցի կապակցությամբ։

«Մենք աշխատում ենք այդ թեմաների հետ կապված։ Նորություն չկա, նորմալ աշխատանքային պրոցես է։ Աշխատում ենք»։ 

Իրանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում որքանո՞վ է Հայաստանը պաշտպանված՝ լոգիստիկ և տնտեսական առումով, և որքանո՞վ է կառավարությունը պատրաստ հնարավոր ճգնաժամային իրավիճակում աջակցելու տնտեսությանն ու բիզնեսին։

Պատասխանելով այս հարցերին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ անցած տարի՝ Իրանի դեմ 12-օրյա պատերազմից հետո, ԱԽ համակարգմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը հենց այդ հարցերի պատասխանը պետք է տար։ Այսօր էլ խմբի խնդիրը նույնն է՝ շարունակել ուսումնասիրել իրավիճակը և ըստ անհրաժեշտության կայացնել իրավիճակից բխող որոշումներ՝ եզրափակեց վարչապետը։

Leave a Comment