«Ակադեմիական քաղաք»-ի իրազեկման նպատակով արդեն ծախսվել է 159 մլն դրամ

«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրազեկման աշխատանքների համար պետական բյուջեից արդեն զգալի գումարներ են ծախսվել։ Այս աշխատանքները ներառել են գովազդային արշավներ, տեսանյութերի և լրատվական նյութերի պատրաստում, ինչպես նաև՝ մարզային այցելություններ և ֆորումներ։ Ծրագրի հանրայնացման նպատակով կիրառվել են տարբեր գործիքներ՝ արտաքին գովազդից մինչև փոդքասթներ և միջազգային հարթակներ։ Սակայն, հարցեր են առաջանում՝ արդյոք այդ ծախսերը համաչափ են ծրագրի հանրայնացման իրական արդյունքներին։ Մասնավորապես՝ որքանո՞վ են իրականացված միջոցառումները նպաստել ծրագրի բովանդակության հանրային ընկալմանը, ինչպիսի՞ լսարանի են հասել, և արդյոք առկա են չափելի ցուցիչներ, որոնք կվկայեն դրանց արդյունավետության մասին։ Պատասխանատուները վկայակոչում են միայն մասնակիցների թիվն ու սոցհարթակներում դիտելիության ցուցանիշները:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից «Հետքին» հայտնում են, որ 2024թ. սեպտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը իրականացվել է ծրագրի իրազեկման բարձրացմանն ուղղված արշավ։ Այդ ընթացքում Աշտարակի խճուղու՝ Մ-1 միջպետական ճանապարհին տեղադրվել է «Ակադեմիական քաղաք» նախաձեռնության գովազդային վահանակ։ Ծառայությունների մատուցման նպատակով «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը պայմանագիր է կնքել «ԷԳԱ» ՍՊԸ-ի հետ, որի արժեքը կազմել է մոտ 555 հազար դրամ։

2025թ. ապրիլ-հունիսին իրականացվել է ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ փոդքասթի ձևաչափով վեց տեսանյութերի նկարահանում։ «Գովազդային հոլովակների նկարահանում, մոնտաժում և լուսարձակում» ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվել է «Ալիմկին Մաքսիմ Ալեքսեյեվիչ» անհատ ձեռնարկատիրոջ հետ, որի արժեքը կազմել է 700 հազար դրամ։

2025թ. հոկտեմբերի 7-27-ը Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվել է ծրագրի վերաբերյալ լայնածավալ իրազեկման արշավ Հայաստանի 10 մարզերի 14 քաղաքներում՝ Թալինում, Հրազդանում, Գորիսում, Կապանում, Եղեգնաձորում, Ալավերդիում, Նոյեմբերյանում, Վանաձորում, Գյումրիում, Վարդենիսում, Գավառում, Արտաշատում, Իջևանում և Արմավիրում։ Այն իրականացվել է շարժական տեղեկատվական տաղավարի միջոցով։ Այդ նպատակով տպագրվել են բաներներ, թռուցիկներ, այցեքարտեր և այլն։

Բացի այդ, հոկտեմբերի 20-ին և 21-ին Երևանում անցկացվել է «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորում» միջոցառումը։ Ֆորումին մասնակցել են բարձրագույն կրթության, գիտության, հետազոտությունների և նորարարության ոլորտների տեղական և միջազգային ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպություններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ակադեմիական առաջնորդներ, ուսանողներ և այլ շահագրգիռ կողմեր։

Նշված միջոցառումների կազմակերպման նպատակով իրականացվել է կատարող կազմակերպության ընտրության մրցույթ՝ էլեկտրոնային աճուրդի միջոցով։ Մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել «Աութսորս» և «Մոնթե Կորպորեյշն» ՍՊԸ-ները (համատեղ գործունեություն)։ 2025թ. սեպտեմբերի 22-ին կնքվել է պայմանագիր՝ 159 մլն 905 հազար դրամ արժեքով։ Սակայն երկու ամիս անց պայմանագրի արժեքը նվազեցվել է՝ կազմելով 157 մլն 661 հազար դրամ։

Ծրագրի շրջանակում իրականացվել է նաև երկօրյա միջազգային ֆորում, որի նպատակն էր ներկայացնել «Ակադեմիական քաղաք» ծրագրի առաքելությունն ու տեսլականը՝ որպես համաշխարհային մակարդակի կրթական, գիտական և նորարարական կենտրոն։ Ֆորումը կայացել է 2025թ. հոկտեմբերի 20-21-ը՝ «Դվին» հյուրանոցային համալիրում։ Միջոցառումն ունեցել է ավելի քան 300 մասնակից, այդ թվում՝ ՀՀ վարչապետը, ԿԳՄՍ նախարարը, բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ինչպես նաև տեղական և միջազգային համալսարանների ներկայացուցիչներ։

Նշենք, որ «Աութսորս» ՍՊԸ-ն 2025թ. օգոստոսի 5-7-ը կազմակերպել է նաև Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը և նմանատիպ մի քանի այլ խոշոր միջոցառում: Ընկերությունը ստեղծվել է 2015թ.-ին: Հիմնադիրն ու տնօրենը Արմեն Սարգսյանն է: 

«Աութսորս» ընկերությունը պետական գնումներում խոշոր պայմանագրեր է կնքում համայնքապետարանների, պետական մարմինների հետ: Օրեր առաջ՝ 2026թ. մարտի 3-ին, ընկերությունը մոտ 38 մլն դրամի պայմանագիր է կնքել Արտաշատի համայնքապետարանի հետ՝ Արտաշատ համայնքում երթևեկության և հետիոտնային լուսացույցների ձեռքբերման և տեղադրման նպատակով: 2025թ. օգոստոսին «Գործնական հմտությունների կատարելագործման» եռօրյա ծառայությունների պայմանագիր է կնքել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ 100 ուսանողի մուտքը տեխնոլոգիական աշխատաշուկա խթանելու համար: 

2025թ. հոկտեմբերին մոտ 75 մլն դրամի պայմանագիր է կնքվել «Աութսորս»-ի և Էկոնոմիկայի նախարարության միջև՝ «Աջակցություն զբոսաշրջային զարգացմանը» ծրագրի ենթամիջոցառման (միջազգային միջոցառումների կազմակերպում) իրականացման նպատակով: Նույն տարվա սեպտեմբերին էլ նույն կողմերի միջև պայմանագիր է կնքվել պետություն-մասնավոր երկխոսության միջոցառման կազմակերպման համար, որի պայմանագրային արժեքը եղել է մոտ 23 մլն դրամ և այլն:

Արմեն Սարգսյանի ընտանիքին է պատկանում «Գործք» ՍՊԸ-ն, որն իրականացնում է հիմնականում վերապատրաստման դասընթացներ հանրակրթության, բիզնես ոլորտներում, պետական գնումների, հարկային և աշխատանքային օրենսդրության վերաբերյալ: Օրինակ՝ վերապատրաստման պայմանագրեր են կնքվել Հանրային ռադիոյի, Հանրային հեռուստաընկերության, ԱՆԻՖ-ի և այլ պետական ընկերությունների հետ: Աշխատակիցները վերապատրաստվել են կադրային գործակալության, մարդկային ռեսուրսների կառավարման, հաշվապահության, աշխատանքային և հարկային օրենսդրության և այլ թեմաներով: 

«Գործք» ՍՊԸ-ն ստեղծվել է 2005թ.-ին: Ընկերության տնօրենը Արմեն Սարգսյանն է, իսկ սեփականատերը մայրն է՝ Մարինե Չարխչյանը: 

Արմեն Սարգսյանը համագործակցում է ԿԳՄՍ և Էկոնոմիկայի նախարարությունների հետ: Սոցիալական հարթակներում տարածում է այդ գերատեսչությունների հաղորդագրությունները, որոնք վերաբերում են իր մասնակցությամբ ծրագրերին: 

«Գործք» ընկերությունը տպագրում է նաև ամսագիր՝ «Գործք» անունով, որին վերջին տարիներին  բաժանորդագրվելու պայմանագրեր են կնքում նաև պետական մարմինները և համայնքները, օրինակ՝ Հանրապետության նախագահի, վարչապետի աշխատակազմերը, Ստեփանավանի համայնքապետարանը, Գյումրու բժշկական կենտրոնը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը և այլն:  

Էկոնոմիկայի նախարարությունը  տեղեկատվություն էր հրապարակել՝ կից լուսանկարով (Արմեն Սարգսյանն ու հայրը՝ Արթուր Սարգսյանը նախարար Պապոյանի հետ), որ 2026թ. մարտի 20-ին ընկերության ղեկավար կազմը նախարար Գևորգ Պապոյանին է հանձնել ամսագրի հերթական համարը, որը նվիրված է նախարարության կողմից բիզնեսին տրամադրվող աջակցության ծրագրերին և իրականացվող այլ նախաձեռնություններին։ Համարում տեղ է գտել նաև նախարար Գևորգ Պապոյանի հարցազրույցը, որտեղ ներկայացվում են ոլորտի զարգացման առաջնահերթությունները, պետական աջակցության գործիքները և իրականացվող քաղաքականության հիմնական ուղղությունները։

«Մոնթե Կորպորեյշն» ՍՊԸ-ն ստեղծվել է 2020թ.-ի մարտին Անդրանիկ Խուրշուդյանի կողմից: Նա նաև ընկերության տնօրենն է: Այս ընկերությունը 2023թ. իրականացրել է Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Նոր-Նորք, Արաբկիր վարչական շրջանների ամանորյա ձևավորման աշխատանքները: 2024-ին նույն աշխատանքներն իրականացրել է Մասիս համայնքում, իսկ 2025-ին՝ Աբովյանում: 

Անդրանիկ Խուրշուդյանի  «Մոնթե Կորպորեյշն» ՍՊԸ-ն 2026թ. փետրվարի 28-ին «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր էջում տեղադրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական «բրենդ» դարձած սրտիկի լուսանկարը՝ «Խաղաղություն» գրությամբ: Սրանից կարող ենք ենթադրել, որ Խուրշուդյանը կապեր ունի իշխող կուսակցության հետ կամ առնվազն համակրում է այդ կուսակցությանը: 

«Մոնթե Կորպորեյշն» ՍՊԸ-ն «Աութսորս» ՍՊԸ-ի հետ հաղթել է նաև այլ խոշոր գնումներում: 2025թ. հուլիսի 10-ին վարչապետի աշխատակազմը պայմանագիր է կնքել համատեղ գործունեություն իրականացնող այդ ընկերությունների հետ, որպեսզի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համար համաժողովների կազմակերպման ծառայություններ մատուցեն: Պայմանագրի արժեքը կազմել է 234 մլն դրամ: Նմանատիպ պայմանագիր նույն կողմերի միջև կնքվել է նաև 2025թ. հոկտեմբերին՝ մոտ 52 մլն դրամ արժեքով: 

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից հայտնում են, որ 2023-2025 թվականներին սոցիալական հարթակներում «Ակադեմիական քաղաքի» իրազեկման նպատակով առանձին գումար չի նախատեսվել և չի ծախսվել։ «Հետքը» նկատել է, որ մի քանի բլոգերներ սոցցանցերում գովազդում են «Ակադեմիական քաղաքը»։ Արդյոք նրանք այդ գործն անվճար են կատարել։ 

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից հետաքրքրվել ենք՝ կա՞ ուսումնասիրություն, վերլուծություն, ծախսերի համաչափության և ծրագրի հանրայնացման իրական արդյունքների վերաբերյալ։ Բացի այդ, ինչքանով վստահ կարող ենք լինել, որ իրազեկման միջոցառումներն արդյունք են տվել:

Կոմիտեից պատասխանել են, որ այդ տվյալների ուսումնասիրությունը և որակական վերլուծությունն իրականացվում են աշխատանքային կարգով՝ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Կոմիտեն քանակական  հետեւյալ տվյալներն է ներկայացրել արդյունքների վերաբերյալ, առանց որակական գնահատման որեւէ ցուցիչի՝

  • «Ակադեմիական քաղաք Հայաստան» ծրագրի վերաբերյալ լայնածավալ իրազեկման արշավի շրջանակներում մարզային 14 քաղաքներում հանդիպումներին մասնակցել է ավելի քան 17 հազ. մարդ: 
  • Ակադեմիական քաղաքի սոցիալական հարթակներում ընդհանուր դիտելիությունն անցել է 1 մլն-ը (Ակադեմիական քաղաքի սոցիալական հարթակներում՝ 701 հազ. 112 դիտում, ինֆլուենսերներ՝ 304 հազ. 892): 
  • Իրազեկման արշավը լայնորեն լուսաբանվել է տեղական և մարզային լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում և այլ տեղեկատվական հարթակներում: Իսկ «Ակադեմիական քաղաք Հայաստան» գիտելիքի միջազգային ֆորումին մասնակցել է 1000-ից ավելի մարդ, յուրաքանչյուր նիստին՝ 350 մասնակից: Ֆորումը լուսաբանվել է 50-ից ավելի տեղական լրատվամիջոցներում: Սոցհարթակներում ընդհանուր դիտելիությունը 1 մլն-ից ավելի է: 

Հետաքրքրվել էինք, թե մինչև Ակադեմիական քաղաքի կառուցումը ինչո՞վ են պայմանավորված լայնածավալ իրազեկման միջոցառումները: Այս հարցի պատասխանը չենք ստացել: 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment