Կառավարությունը որոշել է փոխել երևանամերձ բնակավայրերում սերտիֆիկատների իրացման գինը Արցախից տեղահանվածների համար՝ նախկինում ընտանիքի մեկ անդամի համար սահմանված 3 մլն դրամը դարձնելով 4 մլն, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
Նա տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ 5217 արցախցի ընտանիքի սերտիֆիկատ է տրամադրված բնակարան գնելու համար, և 3736 ընտանիք արդեն ձեռք է բերել բնակարան։
«Ընդունել ենք նաև Արցախից տեղահանված անձանց ինքնազբաղվածության նոր ծրագիրը, որը չի եղել, իմաստը փոքրիկ միկրոձեռնարկություններ ստեղծելն է՝ օգնելով մեր այդ հայրենակիցներին, անպայման պայման է բնակապահովման ծրագրից օգտված լինելը»,- ասել է Թորոսյանը՝ հավելելով, որ արդեն կա 76 հայտ այն քաղաքացիներից, որոնք համապատասխանում են այս ծրագրին։
Երևանի մետրոպոլիտենում մարտի 22-ին վիճաբանություն էր տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև, երբ Փաշինյանն առաջարկել էր ՀՀ դրոշով պատկեր նվիրել կնոջ երեխային: Արցախի Ազգային ժողովի խմբակցություններն անընդունելի և դատապարտելի էին որակել վարչապետ Փաշինյանի հնչեցրած «պառակտիչ» արտահայտությունները Արցախից բռնի տեղահանվածների վերաբերյալ։
