Խորհրդարանում հնչող հայտարարությունները և դրանց շուրջ ծավալված քննարկումները ցույց են տալիս՝ խաղաղության օրակարգի ընկալումների շուրջ իշխանության ու ընդդիմության մոտեցումները շարունակ բախվում են։
Իշխանական թևը պնդում է, որ ընդդիմության առաջարկած քաղաքականությունը կարող է հանգեցնել էսկալացիայի և պատերազմի, մինչդեռ ընդդիմությունն այդ մեղադրանքները համարում է քաղաքական շահարկում, անգամ շանտաժ ընտրություններից առաջ։ Այսպիսով, առաջիկա ընտրությունները ներկայացվում են որպես ընտրություն ոչ միայն քաղաքական ուժերի, այլև խաղաղության ու պատերազմի միջև։
Իշխանությունը պնդում է, որ եթե ընդդիմությունը հաղթի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, դա կհանգեցնի պատերազմի։ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խորհրդարանում այս հարցի վերաբերյալ պարզաբանում խնդրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանից.
«Փորձում են սա նկարագրել այնպես, որ մենք սպառնում ենք Հայաստանի ժողովրդին։ Դրա համար ես կարևորում եմ այս խոսակցությունը։ Մենք ընդամենը իրար կապում ենք փաստերը։ Ռոբերտ Քոչարյանը վերջերս հայտարարել է հետևյալը՝ Հայաստանը չպետք է բավարարվի իր 29 հազար 743 քմ տարածքով։ Հայտարարությունը, ըստ էության, իրեն դարձնում է պատերազմի հրձիգ։ Սա փաստացի քանդում է խաղաղության ամբողջ ճարտարապետությունը։ Եվ, իմ կարծիքով, միայն այս փաստը բավարար է, որպեսզի մեր հանրության համար հասկանալի լինի, որ Ռոբերտ Քոչարյանը և ընդդիմությունը, ըստ էության, նպատակ են դրել պատերազմի՝ իր բոլոր աղետալի հետևանքներով։ Ես ուզում եմ, որ դուք արձագանքեք այս խոսույթին, որ դա նաև մեր հանրությանը հասնի»։

Փաշինյանը վստահություն հայտնեց, որ այդպես չի լինի։ Ասաց, որ վերջին մեկ ամսում ժողովրդի հետ ունեցած շփումներից հետո է հանգել այդ համոզմունքին։ Հազարամյա դեգերումից հետո հայ ժողովուրդը հասել է այն հանգրվանին, որին ձգտել է, ու դժվար է հավատալ, որ դրանից 5 րոպե առաջ կատարի կտրուկ շրջադարձ՝ զարգացման օրակարգից վերադառնալով գոյատևման և գոյապահպանության օրակարգին։
«Որտեղից է այդ համոզվածությունը։ Բոլոր ընդդիմադիր ճակատով հանդես եկող ուժերը, բոլորը հանդես են գալիս խաղաղության վերանայման տրամաբանությամբ։ Ընդ որում, հենց իրենք օգտագործում են խաղաղությունը ուժային մեթոդներով պարտադրելու և այլնի մասին։ Այլ կերպ, քան պատերազմի ճանապարհ ոտք դնել անհնար է։ Կոնկրետ՝ Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան ուժերը հանդես են գալիս. ընդհանուր տրամաբանությունը դա է։ Այսինքն՝ իրենք չեն համարում, որ այն խաղաղությունը, որը կա, այդ խաղաղությանը պետք է տեր կանգնել, և այդ խաղաղությունը պետք է խնամել։ Իրենք ասում են, որ այդ խաղաղությունը պետք է վերաբանակցել և դա միանշանակ բացում է էսկալացիայի ճանապարհը»։
Այս թեման մինչև կառավարության հետ հարցուպատասխանի ժամը լայնորեն քննարկվում էր նաև խորհրդարանի միջանցքներում։ Լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանից հետարքրվեցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ գործող իշխանությունն է խաղաղության ամենամեծ սպառնալիքը:

«Որ ասում են՝ շանտաժ, ի՞նչն է սխալ մեր ասածի: Բոլորը՝ ինքը, Կարապետյանները, Սերժի Թաթոյանը, Սերժը, Ծառուկյանն իր Դոնբասի Անդրանիկ Թևանյանով, ասում են՝ այս խաղաղության համաձայնագիրը պետք է ռևիզիայի ենթարկվի, ասում են՝ TRIPP-ի համար պետք է Ռուսաստանից ու Չինաստանից անվտանգության երաշխավորություն բերել, ինչը իրենից ենթադրում է առհասարակ TRIPP-ի չեղարկում: Ես չեմ պատկերացնում՝ ոնց են իրենք պատկերացնում, որ ինչ-որ մի օր, ասենք, հրաշքով ձայն են հավաքել, այդ ձայնը տվել են Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նախատեսում են անել, ու Քոչարյանը գնում Թրամփին ասում է՝ Ռուսաստանից ու Չինաստանից երաշխավորություն եմ բերել, կամ որ ասում են՝ Արարատը մերն է»:
Ալեքսանյանի խոսքով՝ կարելի է հասկանալ, որ հուզական առումով մեր քաղաքացիներին դա հաճելի է լսելը, բայց երբ դա ասում է քաղաքական գործիչ, որը հավակնում է երկրի ղեկավարության, դա Թուրքիայից տարածքային ուղիղ պահանջ է։
Վահագն Ալեքսանյանը դա պատերազմի հրահրման փորձ է համարում. «Իրենք փորձելու են ուրիշ ուղղությամբ պատերազմ հրահրել ու ստանալու են պատերազմ, որի ժամանակ էլ հակառակորդ կողմը ստանալու է ամբողջական աջակցություն նույն Թուրքիայից, այլ երկրներից»։

«Մեծ քաղաքականություն» փոթքաստի վերջին հաղորդման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հակադարձել էր իրեն ուղղված մեղադրանքներին.
«Պարադոքսալն այստեղ այն է, որ փորձում է պատերազմի վտանգը կապել մի մարդու հետ, որի նախագահության ժամանակ ամենից խաղաղ տարիներն են։ Ես միտքը կրկնեմ՝ գոնե մեկ, այսպես ասենք, միջին ծավալի միջադեպ չենք ունեցել սահմանների վրա։ Միջադեպ չի եղել։ Փորձ նույնիսկ չի եղել որևէ բան որևէ տեղ անել»։
Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն իր հերթին անդրադարձավ հարցին, թե ինչ հիմքով են հայտարարում աշնանը պատերազմ սկսվելու մասին, և որ իրենց քաղաքական հակառակորդները դա համարում են սպառնալիք ընտրություներից առաջ: Ռուբինյանը խորհուրդ տվեց նախ հասկանալ «սպառնալիք» բառի բառարանային իմաստը:
«Մենք ասում ենք՝ եթե ՀՀ-ն որդեգրի այն քաղաքականությունը, որը ընդդիմադիրներն առաջարկում են, որպեսզի այն որդեգրի, դա անխուսափելիորեն բերելու է պատերազմի, այստեղ սպառնալիքի հետ որևէ աղերս չկա: Մենք նախ՝ ասում ենք՝ այս պահին պատերազմի հավանականությունը հավասար է զրոյի, որովհետև Հայաստանը վարում է այն քաղաքականությունը, որը այժմ վարում է։ Եվ եթե ընդդիմությունը գա իշխանության և սկսի վարել այն քաղաքականությունը, որի մասին հայտարարում է, իսկ իրենք բաց հայտարարում են, որ համաձայն չեն այս խաղաղության պարամետրերի հետ, նրանք պատրաստվում են տարբեր կոմպոնենտներով էս խաղաղության, ամեն ինչ վերանայել: Դա բերելու է ակնհայտ և 100 տոկոսանոց պատերազմի: Ո՞րն է էստեղ սպառնալիքը կամ ինչը այստեղ պարզ չէ»։
Ռուբինյանը հիշեցրեց՝ ուղիղ մեկ տարի առաջ, երբ վարչապետն ասում էր՝ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն, նույն ընդդիմադիրներն ու մամուլն ասում էին՝ ինչպես ես ասում՝ չի լինելու պատերազմ: Ռուբինյանն ընդգծեց՝ խոսքը ո՛չ շանտաժի, ո՛չ սպառնալիքի, այլ նրա մասին է, որ հունիսի 7-ին քաղաքացիներն ունենալու են ընտրություն ոչ միայն կուսակցությունների, այլև այն քաղաքականությունների միջև, որ առաջարկում են ուժերը:

«ՔՊ-ն առաջարկում է պահել այս խաղաղությունը, ոչ թե նոր բան անել, այլ հակառակը՝ նոր բան չանել՝ պահել, իսկ ընդդիմությունը առաջարկում է վերանայել այս խաղաղությունը: Եվ ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ եթե իրենք գան իշխանության, եթե անեն այն, ինչ խոստանում են անել, այն է՝ վերանայել այս խաղաղությունն իր բոլոր կոմպոնենտներով, շարունակեն ղարաբաղյան հակամարտությունը, դա հանգեցնելու է պատերազմի»։
Օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հռչակագրից հետո սահմաններին չի լսվել ոչ մի կրակոց, չի եղել ոչ մի զոհ` հիշեցնում է Ռուբինյանը.
«Երբ, օրինակ՝ Քոչարյանի խմբակցությունից պատգամավորն ասում է՝ Դադիվանքը մերն է, Արարատը մերն է, դա նույնն է, ինչ վիճարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային ամբողջականության ճանաչումը: Երբ ասում են, որ TRIPP-ի մեջ պետք է ներառել նոր կողմերի, դա նույնն է, ինչ ասել, որ TRIPP -ը չի լինելու, որովհետև այն հայ-ամերիկյան բիզնես նախագիծ է»։
ԱԺ նախագահի տեղակալի խոսքով՝ երբ ընդդիմությունն ասում է՝ Ղարաբաղի հարցը փակված չէ, եթե անեն այն, ինչ հայտարարում են, այսինքն՝ վիճարկեն սահմանազատման սկզբունքները, տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքները, TRIPP-ը, խաղաղությունը չեն լինի: