ԵԽ գործընկերների հետ քննարկվել է ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության ղեկավար Ֆրեդերիկ Դոլտի գլխավորած պատվիրակության։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ-ի դեմ գանգատներով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած մի շարք վճիռների կատարման ընթացքը, այդ թվում՝ արձանագրված համակարգային խնդիրները,մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության շրջանակներում իրականացված լայնածավալ բարեփոխումները, այդ թվում՝ խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի շրջանակներում նախաձեռնված օրենսդրական փոփոխությունները, հանրային իրազեկվածության բարձրացմանը միտված նախաձեռնությունները, ինչպես նաև դատական և իրավապահ մարմինների, կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտի աշխատակիցների վերապատրաստումները։

Խտրականության կանխարգելման առնչությամբ նախարարի տեղակալը նաև ընդգծել է, որ Արդարադատության նախարարության կողմից արդեն իսկ մշակված է միջոցառումների որոշակի պլան՝ կարևորելով այս ոլորտում դատական պրակտիկայի շարունակական ուսումնասիրությունն ու հանրային կարծիքի վերաբերյալ տվյալների հավաքագրումը։

Ներկայացվել է նաև ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ոլորտում իրականացված աշխատանքը, այդ թվում՝ կազմակերպված բազմաթիվ վերապատրաստումները և նման բռնությունից տուժած անձանց համար պետական տուրքի վճարումից ազատելու կառուցակարգերի ներդնումը։

Կողմերը կարևորել են շարունակական երկխոսությունն ու համագործակցությունը՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը և Եվրոպական դատարանի վճիռների լիարժեք կատարման ապահովմանը։

Leave a Comment