Ինչպե՞ս կազդեն տարածաշրջանային իրադարձությունները Հայաստանի վառելիքի շուկայի վրա

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով աշխարհի շատ երկրներում թանկանում են էներգակիրները։ Հայաստանում տարբեր փորձագետներ ընդգծում են, որ երկարաժամկետ հեռանկարում հակամարտության ազդեցությունը երկրի տնտեսության վրա ակնհայտ է լինելու։ Միջազգային բորսաներում էներգակիրների գները շատ արագ են փոխվում։ Ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի վառելիքի շուկայի վրա այդ փոփոխությունները։

Բենզինի հայաստանյան շուկայում գների տատանումներ են։ Որոշ լցակայաններում վերջին մի քանի օրում վառելիքի գինը բարձրանում է։ Ինչո՞ւ, արդյո՞ք գնային տատանումները կապ ունեն Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում տնտեսագետ Աղասի Թավադյանն ընդգծում է՝ շոշափելի վտանգ դեռ չկա, բայց առաջիկայում տարածաշրջանային իրադարձությունների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա զգալի կլինի․

«Սա դեռ սկիզբն է։ Միայն այն պատճառով, որ մենք վառելիք ստանում ենք այն տեղերից, որոնք դեռ համաշխարհային փոփոխությունների ազդեցությունը չեն զգում»։

Հայաստանը նավթամթերք ներկրում է հիմնականում ՌԴ–ից, ուստի այս պահին ռիսկեր չեն նկատվում, բայց երկարաժամկետ հեռանկարում էական ազդեցությունը նկատելի կլինի՝ կարծում են փորձագետները։ Այս պահին էներգակիրների հարցը սուր է աշխարահի գրեթե բոլոր հատվածներում՝ ԵՄ-ից մինչև ԱՄԷ և ասիական երկրներ։ Հորմուզի նեղուցի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն արդեն ազդում են ԵՄ երկրների վառելիքի շուկայի վրա։ Գերմանիայում, օրինակ, վառելիքի գները արագ աճում են: Իրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր այդ երկրի լցակայաններում վառելիքի գներն աճել են 30 ցենտով՝ մեկ լիտրի համար հասնելով գրեթե 2,5 եվրոյի։ Սա դժգոհություն է առաջացնում երկրում, քանի որ բենզինն ու դիզելային վառելիքը զգալիորեն էժան են եվրոպական այլ երկրների համեմատ, հայտնում է Euronews-ը։

Տնտեսագետ Աղասի Թավադյանը բենզինի թանկացում է կանխատեսում նաև Հայաստանում․

«Այս պահին «Ուրալուս» մակնիշի նավթամթերքն էլ է բավականին թանկացել․ 80–85 դոլար է։ Սա նշանակում է, որ Ռուսաստանից եկող բենզինն էլ է ուշ թե շուտ թանկանալու։ Սովորաբար համաշխարհային շուկաներում երբ որ նավթամթերքը թանկանում է, բենզինի գինը 2 կամ 3 ամիս հետո նույնպես աճում է։ Այսինքն՝ առաջիկա 2 ամիսներին բենզինը բավականին կթանկանա»։

Տնտեսագետ Մերի Բոյաջյանը կարծում է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը և համաշխարհային էներգետիկ ճգնաժամը ազդեցություն կունենան Հայաստան ներմուծվող որոշ ապրանքների ծավալների վրա․

«Մասնավորապես` հեղուկ գազի, դիզելային վառելիքի, շինանյութերի գների վրա ազդեցություն լինելու է։ Բացասաբար կազդի նաև մի շարք այլ կենցաղային ապրանքների վրա, ընդ որում՝ Իրանից շինանյութերի մատակարարումների կրճատումը կարող է ազդել Հայաստանում շինանյութի գների վրա»։

Տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը նշում է, որ տնտեսության վերաբերյալ կանխատեսումներ անելիս պետք է հաշվի առնվեն բացասական ու դրական բոլոր գործոնները․

«Այստեղ պետք է նայենք, թե Մերձավոր Արևելքում որոշակի խնդիրների հանդիպող էներգետիկ ռեսուրսները կամ ապրանքային շղթաները կամ դրանց մի մասը արդյոք կարող ենք անցկացնել մեր տարածաշրջանով, օգուտ քաղել այդ ամենից, թե ոչ»։    

Բազմաթիվ երկրներում կառավարությունները ծրագրեր են մշակում վառելիքի պակասը լրացնելու, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Ավստրալիայի էներգետիկայի նախարար Քրիս Բոուենը, օրինակ, հայտարարել է, որ գործողությունների լայն շրջանակ են մշակել։ Դրանցից մեկը բենզինի քվոտավորումն է։  

«Մենք սահմանել ենք 50 լ վառելիք. եթե մեկն ունի հիմնավոր պատճառ ավելին գնելու համար, կարող ենք բանակցել, բայց առայժմ 50 լ սահմանաչափ ենք դրել՝ տեղացիներին և օտարերկրացիներին սպասարկելու»։

Հայաստանում նման իրավիճակ չի կանխատեսվում։ Բայց փորձագետները գրեթե վստահ են, որ վառելիքի գների փոփոխությունն անխուսափելի է։

Leave a Comment