2026 թվականի մարտի 23-ին Երևանում կայացավ հանդիսավոր նիստ՝ նվիրված Օդերևութաբանության համաշխարհային օրվան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում նշվող անտառագետի, ջրաբանի և օդերևութաբանի մասնագիտական տոներին: Նիստին մասնակցում էին տարբեր գերատեսչություների, գործընկեր կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանդիսավոր նիստը բացեց Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ ողջունելով ներկաներին և շնորհավորելով մասնագիտական տոների առթիվ։ Իր խոսքում նախարարն ընդգծեց օդերևութաբանների, կլիմայագետների, ջրաբանների և անտառագետների կարևոր դերակատարումը եղանակային վտանգների կանխատեսման, մարդկանց և տնտեսությունների պաշտպանության, կլիմայական փոփոխություններին հարմարվելու, ջրային ռեսուրսների կայուն կառավարման, կենսաբազմազանության պահպանման գործում։
Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն պարոն Լևոն Ազիզյանը՝ ընդգծելով, որ օդերևութաբաններն ու ջրաբաններն ողջ աշխարհում ծառայում են հասարակության անվտանգությանը, քանի որ եղանակային և կլիմայական վտանգները սահմաններ չեն ճանաչում։ Նա նշեց, որ ճշգրիտ դիտարկումներն ու հուսալի կանխատեսումները կենսական նշանակություն ունեն՝ աղետները կանխելու և կյանքեր փրկելու համար։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի 2025 թվականի գործունեության հիմնական արդյունքները, ինչպես նաև ցուցադրվեց Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Սելեստե Սաուլոյի ուղերձը՝ նվիրված Համաշխարհային օդերևութաբանության օրվան։
Ցուցադրվեց նաև տեսահոլովակ, որը ներկայացնում էր հիդրոօդերևութաբանական և շրջակա միջավայրի մոնիթորինգի շուրջ երկու դարերի պատմությունն ու ձեռքբերումները։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի կողմից շնորհակալագիր հանձնվեց «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանին՝ օդերևութաբանության համաշխարհային օրվա, ինչպես նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատանքներին աջակցելու և արդյունավետ համագործակցության համար։
Մասնագիտական տոների կապակցությամբ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին շնորհակալագրերով և պատվոգրերով շրջակա միջավայրի նախարարի և «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի անունից։
Նիստը եզրափակվեց ավելի վաղ հայտարարված մանկական ստեղծագործական մրցույթի հաղթողների պարգևատրմամբ: