Վերջին շրջանի քաղաքական օրակարգն ու տարբեր ուժերի հայտարարությունները ցույց են տալիս, որ արցախյան հիմնահարցն ու ԼՂ վերադարձի թեմաները, ըստ ամենայնի, խորհրդարանական ընտրություններում նախընտրական պայքարի հիմնական և առանցքային թեմաներից են լինելու։ Ղարաբաղից տեղահանված կնոջ հետ մետրոյում տեղի ունեցած միջադեպից հետո Հայաստանի վարչապետը, բացի ներողությունից, նաև իր թիմակիցներին ուղիղ հայտարարեց, որ այս ամենի մասին խոսելու կարիք կա։ «Ռադիոլուր»–ը փորձել է հասկանալ, թե այս պահին ընտրողների ամենաշատ քվեներին հավակնող ուժերը ինչպես են դիրքավորվում կոնկրետ այս հարցում։
Վերջին օրերին քաղաքական տարբեր ուժեր հանրապետության բնակավայրերում ակտիվ հանդիպումներ են ունենում։ Ամենազգայուն հարցն այդ ընթացքում Լեռնային Ղարաբաղին է առնչվում։ Արցախից բռնի տեղահանման թեման նախօրեին բուռն է եղել նաև մետրոյում քաղաքացիներից մեկի ու վարչապետ Փաշինյանի միջև, երբ վերջինս արձագանքել է Արցախը տալու ձևակերպմանն ու պնդել, որ իրենք ամեն ինչ արել են այնտեղ ապրող հայերին տեղում պահելու համար, մինչդեռ նրանք, մեջբերում, «փախել են այնտեղից»։ Այս բանավեճը համացանցում աղմկոտ քննարկման թեմա է դարձել, ինչին արձագանքել է Փաշինյանն ու հեռակա կերպով ներողություն խնդրելով երիտասարդ կնոջից, որի հետ տեղի է ունեցել վեճը, նրան հրավիրել է հանդիպման, որ դեմ առ դեմ ներողություն խնդրի նրանից։
Քաղաքական ուժերից շատերը, եթե կարելի է այդպես ասել, «բռնեցին» այդ թեման և տարատեսակ շեշտադրումներով ծավալեցին՝ ԼՂ վերադարձի հնարավորությունից մինչև փաստաթղթային մանրամասներ։ Միայն թե Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը զգուշացնում է ուշադիր լինել մանրուքներին։
«Ենթադրենք, այնտեղ դռները բացում են, ասում են` եկեք։ Այստեղ էլ այն մարդիկ, ովքեր ուզում են գնալ, գնում են։ Խնդրում եմ ինձ նկարագրեք պայմանների, եթե չասեմ ամբողջությունը, գոնե մասնակիորեն։ Արդյո՞ք դա նշանակում է գնում եք և լինում եք անկախ պետություն, թե՞ լինում եք Ադրբեջանի քաղաքացի Ադրբեջանի անձնագրով, գնում եք դպրոց, որտեղ հայերեն չկա։ Թե՞, օրինակ, ոստիկանությունը, այդ որոշակի տարածքում անպայման պիտի լինեն հայազգի ոստիկաններ, թե՞ ադրբեջանցի ոստիկանը նորմալ է, դատարանը և այս կարգի տասնյակներով հարցեր։ Այդ հարցի պատասխանից շատ մեծ բան է կախված, և ՀՀ քաղաքացիներն էլ կարող են տեսնել այդ մարդկանց անկեղծությունը նաև անցյալի մասով։ Երբ իրենք մաքսիմալն էին պահանջում և երբ մենք ասում էինք նշաձողը իջացնենք՝ լուծումներ կգտնվեն, մեզ դատապարտում էին։ Հիմա տեսնենք, կարո՞ղ է պարզվի այդ մարդկանց նշաձողը տասնյակ անգամներով ավելի ցածր է այն նշաձողից, որի մասին մենք էինք այդ օրերին խոսում։ Ես վախենամ հենց այդպես էլ պարզվի, դրա համար այդ մարդիկ որևէ կերպ չեն կոնկրետացնում․ վերադարձ ասելով ի՞նչ նկատի ունեն»:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 120 հզր քաղաքացուց ՀՀ քաղաքացիություն է ստացել 34․576 անձ, որոնցից Հայաստանում հաշվառվածները կարող են մասնակցել ընտրություններին։ Այստեղ, սակայն, էականը ոչ թե ընտրողների թիվն է, այլ այդ ընտրողներին ներկայացող ուժերի քաղաքական շեշտադրումների իրատեսականությունն ու անկեղծությունը։
Ընդդիմադիր դիրքից հանդես եկող «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը այս փուլում վերադարձի մասին զգուշավորությամբ է խոսում՝ շեշտը դնելով վերադարձողների անվտանգության վրա։
«Մենք պետք է ռեալ հողի վրա, այս պահին տեսնենք` ինչպես է իրավիճակը։ Այս պահին հողի վրա իրավիճակը այդպիսի հնարավորություններ չի բացում, և այդ էտապի համար հայկական պատմության մեջ մի քիչ փոփոխություններ են կատարվել։ Դրա համար մենք տեսնում ենք առաջնայինը հայրենիք վերադարձի իրավունքը, մեր հայրենակիցների և նրանց անվտանգության երաշխիքները իհարկե։ Արցախում 10 հայ էր մնացել, բայց 10–ից ոչ մեկը այսօր այնտեղ չէ։ Եթե չեն կարողացել 10 հայի հետ լեզու գտնեն այնտեղ, մենք չենք տեսնում այն երաշխիքները, որ մեր մյուս հայրենակիցները կարող են անվտանգ այնտեղ լինել»։
Ըստ Կարապետյանի՝ իրենց թիմը այս հարցում շեշտը դնելու է միջազգային իրավունքի վրա, բայց կրկին ընդգծում է երաշխիքների կարիքը։ Հետևաբար, այս ուժից կոնկրետ այս հարցով դետալային մոտեցում չկա։
Ղարաբաղ վերադարձի իրավունքի համար պայքարելու ընդգծված կեցվածքով ու խոստումներով ընդդիմադիր դաշտում առանձնանում է «Հայաստան» դաշինքը, թեև մյուս կողմից էլ պնդում է, որ փորձում են անհարկի լավատեսություն չհաղորդել։ Սկզբնական փուլում խոստանում են գոնե քաղաքական օրակարգ վերադարձնել միջազգային իրավունքով սահմանված այդ նպատակը։ Արցախցիների հետ հանդիպմանը, ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը խոստովանել է, որ իրագործելու առումով սա ամենադժվար հարցերից մեկն է։
«Երևի ընդհանուր հարցերի մեջ, որոնք այսօր Հայաստանի առջև կանգնած են, ամենաբարդ հարցը այդ հարց է։ Նախ վերադառնալու համար պետք է ճանաչվի այդ վերադառնալու իրավունքը։ Այսօր Հայաստանը որպես պետություն չի ցանկանում խոսել ընդհանրապես այդ թեմայի շուրջ։ Առաջնային հարցը, որը մենք տեսնում ենք, հենց վերադառնալու իրավունքի ճանաչումն է, որը միջազգային իրավունքից է բխում։ Դրանից հետո պետք է գնա հետևյալը՝ վերադարձվող մարդիկ պետք է անվտանգ լինեն, և ուրեմն խոսքը պետք է գնա անվտանգ վերադարձի մասին։ Ժամանա՞կ է պահանջելու, այո, ժամանակ է պահանջելու։ Դժվա՞ր է լինելու, շատ դժվար է լինելու։ Ես չեմ ուզում ավելորդ լավատեսություն հայտնել ձեզ»։
Իսկ մինչ այս ուժը կորոշակիացնի քայլերը՝ ուղղված տվյալ հարցի լուծմանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը մեղադրանք է ուղղում արտգործնախարարին։
Քրիստինե Վարդանյան․«Արցախահայերի նկատմամբ այս պետական մակարդակով ատելությունը ու՞մ պահանջով եք տարածում։ Երբ երկրի վարչապետը արցախահայ կնոջը ասում է` փախել եք։ Ձեր խոսույթը չի տարբերվում Ալիևից։ Վերջնարդյունքը գործողությունները՝ այն է, ինչ Ալիևը պատկերացնում է։ Դուք որոշեք, մեկը մեկից վատ է»։
Արարատ Միրզոյան․ «Ներողություն, այդպիսի բան պնդելը անպատկառություն է։ Ես ուրիշ բառ չգիտեմ՝ ոնց բնութագրեմ։ ՀՀ–ն ամեն ինչ արեց, որ չլինի բռնի տեղահանությունը։ ՀՀ–ն ամեն ինչ արեց, որ այնտեղ ուղիղ երկխոսություն ձևավորվի։ ՀՀ կառավարությունը արդեն բռնի տեղահանությունից հետո ամեն ինչ արեց՝ առաջնային կարիքները հոգալու բոլոր հնարավոր գործիքները ունենան։ Կարո՞ղ էր լինել ավելի շատ։ Դե պարզ է՝ որքան էլ ֆինանսական ներարկում անես, դա կպահանջի ավելի շատ, զրոյից նոր կյանք են հիմնադրում շատերը։ Իսկ շատերը` Հյուսիսային պողոտաները իրենցն էն և բիզնեսներն ու գործարաններն են իրենցը՝ մեծ գործարանները։ Բայց դե ռացիոնալ սթափության մակարդակում, ես չեմ ասում, մեր միջազգային գործընկերներն են ասում, որ բոլոր անհրաժեշտ քայլերը արվել են և արվում են»։
Հայաստանի ներքաղաքական դաշտում որևէ քաղաքական ուժ այս պահին գործնական ծրագրով և դետալացված չի ներկայացնում ԼՂ վերադարձին միտված անելիքները, թեև նման խոսույթ տարածում են։ Իր մոտեցումն իշխող ուժի ղեկավար Նիկոլ Փաշինյանը ձևակերպում է այսպես․ ղարաբաղյան պայքարի էջը փակված է, իսկ վերադարձի թեման իրատեսական չէ։
Հենց քաղաքական դաշտում շահարկումներն ու դրանց հիմքով ստեղծվող քաղաքական լարվածությունն է, որ վարչապետին ստիպում է վերադառնալու այս թեմային, թեև խոստովանում է, որ սա այն դեպքն է, երբ չի կարողանում էմոցիաները զսպել։ Բայց նաև թիմակիցներին զգուշացնում է, որ անհրաժեշտ է խոսել իշխանական ուժի տրանսֆորմացիայի մասին։
«Ես պաշտոնապես ասում եմ` Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր հիմնադրման ժամանակ և հետագայում եղել է այդ տրամաբանության մեջ։ Եկեք բոլորս խոստովանենք, որ մենք եղել ենք ՔՊ–դաշնակցական։ Մեր կուսակցությունում մի քանի մարդիկ եղել են, որ անընդհատ ուզեցել են դրան դիմադրել, զգույշ այդ ուղեծրից դուրս բերեն և այլն։ Ես այդ թեման բաց չեմ թողնելու, առանձին ուղիղ եթեր եմ անելու առաջնորդության մասին»։
ՔՊ–դաշնակցական ուղեծրից՝ իշխող կուսակցությունը դուրս եկավ և իր քաղաքական առաջնահերթությունները փոխեց 2020-ից հետո։ Որոշ հարցերում ընդունեց սխալները և այժմ ՀՀ ինքնիշխանության պահպանմամբ է բացատրում Ադրբեջանի հետ խաղաղությունը մինչև վերջ ինստիտուցիոնալացնելու նպատակը։ Այստեղ ընդդիմությունը նոր հարց ունի իշխանությանը, որը պատգամավոր Գեղամ Մանուկյանն ուղղեց արտգործնախարար Արարատ Միրզոյանին։
Գեղամ Մանուկյան․ «Որտեղի՞ց այն երաշխիքը, որ մեկ տարի հետո չեք ասի, որ այսօր էլ սխալվել եք։ Ինչ վերաբերում է արցախցիներին, ցավոք սրտի այդ մարդկանց գլուխը խփեցիք պատին»։
– Ժողովուրդը կորոշի, եղբայր։ ժողովրդի գլուխը ձեր պատճառով այդպես եղավ, մերն էլ հետը։
Իշխող թիմում չեն ընդունում կշտամբանքները, թե «Քաղաքացիական պայմանագիր»-ը պատերազմի կանխատեսմամբ վախեցնում և ահաբեկում է ընտրողներին։ Նման խոսույթ չկիրառելու ընդդիմադիրների կոչն արտգործնախարարն ընկալում է որպես ընտրապայքարում անճարակություն, մյուս կողմից՝ ընդամենը քաղաքական խոսույթ։ Իսկ հիմնավորումն այն է, որ իրական Հայաստանի քարտեզը չընդունող մարդիկ երբ գան իշխանության, ակնհայտ է, թե ինչ է լինելու։