Եվ դու գիտես, Նիկո՛լ, որ այն արհավիրքը, որ դու բերել ես հայ ժողովրդի գլխին, քո իշխանության իրական կողմն է. Նարինե Մկրտչյան

Միշտ այդպես է լինելու․ երբ դուրս գաս փողոց և կեղծ ինքնավստահությամբ քայլես Երևանի փողոցներում կամ մետրոյի գնացք մտնես, համընդհանուր լռության միջից մեկը հրաժարվելու է վերցնել առանց Արցախ փոքրացած Հայաստանի քարտեզը, և դու ստիպված ես լինելու հասկանալ, որ քեզ չեն ներելու։

Միշտ այդպես է լինելու, երբ կառավարության առանձնասենյակումդ մի պահ մենակ մնաս և անգամ ողջ սեղանիդ պատկերես առանց Արցախ Հայաստանի քարտեզը, ձեռքիդ գրիչն է ծառանալու քո դեմ, համակարգչիդ Արցախի պատկերն է երևալու, և Արագածի նկարի կողքին Արարատն է բացվելու։ Եվ դու հասկանալու ես, որ անգամ քո գրիչն ու համակարգիչը չեն ենթարկվելու քեզ։

Միշտ այդպես է լինելու, երբ հասարակական լռությունը կամ համընդհանուր հեղձուկը քեզ համաձայնություն կամ վախ թվան, երբ բոլորին արգելես Արցախի անունը տալ, պատերի քարերն են աղաղակելու, որ դու դավաճանել ես Արցախին։

Որ դու քամուն ես տվել հայ ժողովրդի նորագույն շրջանի պատմության հաղթանակները։

Միշտ այդպես է լինելու, երբ բացես 2018թ․ բազմամարդ հեղափոխության նկարները, կողքին միշտ երևալու են հայազրկված Արցախի մայրաքաղաքի՝ Ստեփանակերտի, դատարկված և մարդազուրկ քաղաքի փողոցները։

Միշտ այդպես է լինելու, երբ դու սեղմես հայ ժողովրդի թշնամիների ձեռքը, քո թիկունքում անհայր մնացած որդիների դեմքերն ես տեսնելու և որդիներ կորցրած մայրերի մորմոքն ես լսելու։

Միշտ այդպես է լինելու, երբ դու գոռաս «խաղաղություն», Շուշվա բարձունքից թշնամուն մնացած Սուբ Ղազանչեցոց եկեղեցու զանգերի՝ անգամ անղողանջը ձայնը խլացնելու է քո իսկ ձայնը։

Դա ողջ կյանքիդ համար է, Նիկո՛լ, հետագա քո ողջ կյանքի համար։ Եվ դրանից դու անգամ չես կարող փախչել-հեռանալ, և առանց Արցախ Հայաստանի քո քարտեզը ոչ թե քո կեղծ հպարտությունն է, ոչ թե Հայաստանը պահպանելու քո ձգտում է, այլ քո վախն է, որ միշտ հետապնդելու է քեզ։

Որովհետև դու մեր հպարտությունը՝ Արցախը, հանձնեցիր թշնամուն։

Սա՛ է քո խաղաղության հակառակ կողմը։

Եվ դու գիտես, Նիկո՛լ, որ այն արհավիրքը, որ դու բերել ես հայ ժողովրդի գլխին, քո իշխանության իրական կողմն է։

Նարինե Մկրտչյան, Մամուլի ազգային ակումբի նախագահ

Leave a Comment