Աննախադեպ հարվածներ՝ նոր ու ավելի մեծ հեռահարության հրթիռների կիրառմամբ։ Նովրուզի օրը Իրանի զինված ուժերը ամերիկյան ու բրիտանական բազաների ուղղությամբ 4000 կմ հեռահարությամբ հրթիռներ են կիրառվել։
Ամերիկյան-իսրայելական ուժերն էլ հարվածել են Նաթանզ քաղաքում գտնվող իրանական միջուկային օբյեկտին, ռադիոակտիվ նյութերի արտահոսք չկա՝ վստահեցնում է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը։ Իսրայելին ուղղված հրթիռներից մեկի բեկորներն էլ ընկել են Երուսաղեմի հայկական եկեղեցու տարածքում, զոհեր ու տուժածներ չկան։
Պատերազմի 21-րդ օրը Իրանն առաջին անգամ կիրառել է մոտ 4000 կմ հեռահարության բալիստիկ հրթիռներ։ The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ բալիստիկ երկու հրթիռ է արձակվել Հնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզում գտնվող բրիտանա-ամերիկյան ռազմաբազաների վրա։ Այստեղ, ըստ միջազգային լրատվամիջոցների, տեղակայված են ամերիկյան ռմբակոծիչներ, միջուկային սուզանավեր և ականակիրներ։ «Հասե՞լ են իրանական բալիստիկ հռթիռները նշանակետին, թե՞ ոչ» հարցի պատասխանները հակասական են։
Իրանական լրատվամիջոցները գրում են, որ ամերիկյան բազաների վրա այս հարձակումը ուղերձ է այն մասին, որ իրանական հրթիռների հեռահարությունը գերազանցում է հակառակորդի պատկերացումները։
Պակաս հուժկու հարվածներ չեն գրանցվել իրանական հողում։ Տեղի լրատվամիջոցները գրում են, որ ամերիկա-իսրայելական ուժերը հարվածել են Նաթանզում գտնվող ուրանի հարստացման համալիրին։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը հղումով նշվում է որ համալիրից բարեբախտաբար ռադիոակտիվ նյութերի արտահոսք չի գրանցվել։
Այս զարգացումների ֆոնին Վաշինգտոնը դիտարկում է ռազմական գործողությունների դադարեցման հնարավորությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում գրել է, որ ԱՄՆ-ն շատ մոտ է իր առջև դրված նպատակներին։
«Իրանի հրթիռային ներուժը, արձակման կայանները, արդյունաբերական բազան, ռազմածովային և ռազմաօդային ուժերը ոչնչացվել են: Երբեք թույլ չենք տա, որ Իրանը նույնիսկ մոտենա միջուկային զենքին, քանի որ ԱՄՆ-ն միշտ կարող է արագ և հզոր արձագանք տալ։ Մենք ցանկանում ենք զրուցել նրանց հետ, բայց չկա մեկը, որի հետ կարող ենք խոսել։ Եվ գիտե՞ք ինչ։ Դա մեզ դուր է գալիս։ Հորմուզի նեղուցն էլ պետք է պահպանվի և վերահսկվի՝ անհրաժեշտության դեպքում, այն երկրների կողմից, որոնք օգտագործում են այն։ Եթե մեզ խնդրեն, կօգնենք, բայց դրա կարիքը չի առաջանա, երբ Իրանից բխող սպառնալիքը չեզոքացվի»։
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահը հայտնել էր, որ Հորմուզի նեղուցը բացելու համար պարզ ռազմական գործողություն է պահանջվում։
Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով եվրոպական զորքերի անվտանգությունն ապահովելու նպատակով ՆԱՏՕ-ն Իրաքից Եվրոպա է տարհանել իր բոլոր ուժերը, ինչը դուր չի եկել Թրամփին։ Նա վախկոտության մեջ է մեղադրել ՆԱՏՕ-ի անդամներին, նշել, որ Հորմուզի նեղուցից ամենաշատն օգտվող Չինաստանն ու Ճապոնիան պիտի մասնակցեին նեղուցի ապաշրջափակման գործողությանը։
«Մենք այնտեղ շատ հմուտ ենք գործում։ Գիտեք, մենք չենք օգտագործում Հորմուզի նեղուցը։ Մեզ դա պետք չէ։ Եվրոպային դա պետք է։ Կորեան, Ճապոնիան, Չինաստանը և ուրիշներ։ Նրանք պետք է մի փոքր միջամտեն այս գործին»։
Հորմուզի նեղուցի սահմանափակման և տարածաշրջանի նավթագազային օբյեկտների թիրախավորման հետևանքով աշխարհում հասունացող էներգետիկ ճգնաժամի ֆոնին Միացյալ Նահանգները ժամանակավորապես չեղարկել է իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն թույլատրել է նավերի վրա արդեն բեռնված իրանական նավթի տեղափոխումը։ Ըստ նրա՝ պատժամիջոցների չեղարկումը թույլ կտա, որ դրանք մուտք գործեն համաշխարհային շուկա։ Խոսքը մոտ 140 միլիոն բարելի մասին է:
Իրանական նավթի մատակարարումների լիցենզիան ուժի մեջ կմտնի մեկ ամսից։ Վաշինգտոնը ժամանակավորապես թուլացրել է նաև ռուսական նավթի նկատմամբ գործող պատժամիջոցները՝ նավթի գների աճը կանխելու համար։
Խնդիրը լուծված համարելու հայտարարություններին ի պատասխան՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նշել է, որ պատերազմն անհաջող է ընթանում ամերիկացիների համար, և որ Վաշինգտոնը պատրանքներ է կառուցում։
Սրան հաջորդել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հայտարարությունը՝ Իրանի դեմ գործողություններն ավելի ինտենսիվ են դառնալու։
«Այս շաբաթ Իսրայելի պաշտպանության բանակի և ԱՄՆ զինված ուժերի կողմից իրանական ահաբեկչական ռեժիմի և դրա վրա հիմնված ենթակառուցվածքների դեմ իրականացվող հարձակումների ինտենսիվությունը զգալիորեն կաճի, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած արշավը կշարունակվի։ Մենք վճռականորեն տրամադրված ենք շարունակելու Իրանի ահաբեկչական ռեժիմի դեմ հարձակումը, որպեսզի գլխատենք հրամանատարներին և խափանենք ռազմավարական կարողությունները, մինչև Իսրայելի պետության և տարածաշրջանում անվտանգության սպառնալիքները վերացվեն»։
Իսրայելի դեմ հարվածներից մեկն էլ Երուսաղեմի հայկական եկեղեցուն մոտակայքում է եղել։ Վերջին տվյալներով հայերի շրջանում զոհեր ու վիրավորներ չկան։ Սուրբ Հարության տաճարի շրջակայքում ընկած բեկորները էական վնասներ չեն հասցրել, լրատվամիջացներին հայտնել են Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությունից։ Սակայն անվտանգության նկատառումներից ելնելով Երուսաղեմի հայկական տաճարների ու Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի՝ Հիսուսի գերեզման մուտքերը փակ են։ Եթե լարվածությունը շարունակվի, ապրիլին սկզբին նախատեսված զատկական խոշոր արարողությունները կարող են չեղարկվել ու անցկացվել միայն հոգևորականների մասնակցությամբ՝ տեղեկացնում են Երուսաղեմից։