Ֆինանսական աջակցություն կտրամադրվի հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց գործատուներին

Iravaban.net-ը ուսումնասիրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հանրային քննարկման դրված նախագիծը, որի ընդունմամբ ակնկալվում է ապահովել աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձնանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց մրցունակության բարձրացումը և կայուն զբաղվածությունը։

 

«Հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակումը պայմանավորված է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող (այսուհետ՝ hաշմանդամություն ունեցող) անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման հնարավորությունների մեծացման, աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման և կայուն զբաղվածության ապահովման անհրաժեշտությամբ։

Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է աջակցություն տրամադրել այն գործատուներին (բացառությամբ հանրային ծառայություն իրականացնող մարմինների, ինչպես նաև այն կազմակերպությունների, որոնց կանոնադրական կապիտալում պետության կամ համայնքի մասնակցությունը կազմում է 50 և ավելի տոկոս), որոնք առնվազն 3-6 ամիս ժամկետով նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր կկնքեն հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց հետ։ Ծրագրի շրջանակում առաջարկվում է գործատուին եռամսյակային կտրվածքով տրամադրել աշխատանքի տեղավորված անձի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի փոխհատուցում՝

  1. աշխատանքային գործունեության առաջին երեք ամիսների համար 50 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 25 000 դրամը.
  2. աշխատանքային գործունեության 4-6-րդ ամիսների համար 100 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 50 000 դրամը, միաժամանակ տրամադրելով նաև 1-3-րդ ամիսների համար շահառուի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի 50%-ի չափով գումար, բայց ոչ ավելի, քան ամսական 25 000 դրամը։

Աշխատանքի տեղավորված անձի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները փոխհատուցումը տրամադրելուց հետո ևս մեկ տարի շարունակվելու դեպքում՝ առաջարկվում է գործատուին տրամադրել նաև միանվագ աջակցություն՝ 100 000 դրամի չափով։

Leave a Comment