«Հայոց պատմություն»-ը կդառնա «Հայաստանի պատմություն». ԿԳՄՍ նախարարի նոր հրամանը

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը: Նախագծով նախատեսվում է համապատասխանեցնել դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգը դպրոցների ենթակայության փոխանցման գործընթացին, ինչպես նաև կատարել տերմինաբանական հստակեցումներ։

Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը

Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-356 օրենքի ուժի մեջ մտնելու արդյունքում սույն ենթաօրենսդրական իրավական ակտում կրթության պետական կառավարման լիազոր մարմնին վերաբերող դրույթներն ընդունված փոփոխություններով սահմանված նոր կարգավորումներին համապատասխանեցնելու պահանջով։ Միաժամանակ անհրաժեշտություն է առաջացել որոշակի հստակեցումների՝ կապված իրավական ակտերի միջև հակասությունների վերացման հետ։

Կարգավորման ընթացիկ իրավիճակը և առաջարկվող փոփոխությունները

2026 թվականի հունվար ամսվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական ուսումնական հաստատությունները գործում են տարբեր մարմինների ենթակայությամբ։ ՀՀ ազգային ժողովի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված և նոյեմբերի 29-ին հրապարակված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-356 օրենքի ուժի մեջ մտնելով՝ առաջացել է անհրաժեշտություն համապատասխան փոփոխություններ կատարել տվյալ ենթաօրենսդրական իրավական ակտում՝ այն գործող իրավական կարգավորումներին համադրելու նպատակով։

2026 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի ենթակայությամբ գործող, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունները կփոխանցվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը։

Հրամանի նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի «Դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգը հաստատելու և ՀՀ կրթության և գիտության նախարարության 1998 թվականի մարտի 25-ի N 78-Մ և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2006 թվականի հունվարի 10-ի N 04-Ն և 2007 թվականի հունվարի 29-ի N 39-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1507-Ն հրամանի հավելվածում կատարել հինգ փոփոխություն։

Առաջին փոփոխությունը վերաբերում է մանկավարժահոգեբանական կենտրոնների անվանմանը։ Նախագծով առաջարկվում է 3-րդ կետում «Հանրապետական մանկավարժահոգեբանական» ձևակերպումը փոխարինել «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության» ձևակերպմամբ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ բացառիկ ընդունակությունների գնահատումն իրականացվում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից։

Երկրորդ փոփոխությունը վերաբերում է առարկայի անվանմանը։ Նախագծով առաջարկվում է 10-րդ և 15-րդ կետերի 1-ին ենթակետերում «Հայոց պատմություն» ձևակերպումը փոխարինել «Հայաստանի պատմություն» ձևակերպմամբ։ Այս փոփոխությունն ապահովում է հանրակրթության պետական չափորոշիչներում և առարկայական ծրագրերում կիրառվող ձևակերպման հետ միասնականությունը։

Երրորդ փոփոխությունը վերաբերում է դպրոցների ենթակայության փոխանցմանը։ Նախագծով առաջարկվում է 15-րդ կետում «Նախարարություն» բառից հետո լրացնել «, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ միայն Նախարարություն» բառերը։ Այս լրացումը հստակեցնում է, որ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից էքստեռն քննությունների կազմակերպմամբ կզբաղվի միայն նախարարությունը։

Չորրորդ փոփոխությունը նույնպես վերաբերում է ենթակայության փոխանցմանը։ Նախագծով առաջարկվում է 16-րդ կետում «Նախարարի լիազոր ներկայացուցիչը, ՀՀ մարզերում՝ մարզպետի աշխատակազմի, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության ներկայացուցիչները» բառերը փոխարինել «Նախարարության և լիազոր մարմնի ներկայացուցիչները, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ միայն Նախարարության ներկայացուցիչը» բառերով։ Այս փոփոխությամբ հստակեցվում է, որ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից էքստեռն քննություններին կներկայանան միայն նախարարության ներկայացուցիչները։

Հինգերորդ փոփոխությունը վերաբերում է տեխնիկական ճշտման։ Նախագծով առաջարկվում է 20.1. կետում «2026 թվականից էքստեռն ավարտական և պետական ավարտական քննությունների դիմումների ընդունումը կիրականացվի» բառերը փոխարինել «Էքստեռն ավարտական և պետական ավարտական քննությունների դիմումների ընդունումն իրականացվում է» բառերով։

Ակնկալվող արդյունքները

Սույն փոփոխությունները հնարավորություն կտան ապահովել միօրինակությունն ու նորմատիվ ակտերի միջև համակարգային համապատասխանությունը։

Ֆինանսական ազդեցությունը

Սույն նախագծի ընդունումը չի նախատեսում պետական բյուջեի ծախսերի ավելացում։ Սույն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանա։

Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից,- տեղեկացնում է Iravaban.net-ը։






Կարդացեք նաև՝

Leave a Comment