«Կապույտ մորուք»․ սեր, գաղտնիքներ ու վտանգներ, 9 կանանց պատմություն մյուզիքլի ժանրում

Երգի պետական թատրոնում հանդիսատեսը մի նոր, հետաքրքիր մյուզիքլի ականատեսը կլինի։ Բեմին «Կապույտ մորուքն» է։ Այս պատմությունը հանդիսատեսին տեղափոխում է 1600-ականների Փարիզ։ Շքեղ մի բնակարանում  ապրում է Սատուրնինեն, գլխավոր հերոսուհին։ Երիտասարդ աղջիկը կանգնած է ճակատագրական ընտրության առաջ։

Այս ներկայացումը պարզապես հին հեքիաթի ժամանակակից վերաշարադրումը չէ։ Այն մարդկային հարաբերությունների, բարոյական արժեքների և հոգում թաքցրած գաղտնիքների շուրջ մտորելու առիթ է։

Երգի պետական թատրոնի բեմին պրեմիերա է։ «Կապույտ մորուք» մյուզիքլը բեմադրված է Ամելի Նոտոմբի նույնանուն վեպի մոտիվներով։ Այն ատմում է վարձով տուն փնտրող Սատուրնինեի դրամատիկ պատմությունը։ Փարիզյան շքեղ բնակարանում ապրելու համար նա ստիպված է ընդունելու տանտիրոջ պայմանները՝ երբեք չմտնել արգելված սենյակ, ընթրել նրա հետ և դառնալ նրա սրտակիցը՝ վտանգելով սեփական կյանքը։

Իսպանացի այս ազնվականը հայտնի է նրանով, որ այդ բնակարանի նախկին ութ վարձակալուհիներն անհետացել են։ Այս կերպարները բախվում են միմյանց մահացու մենամարտում, փորձելով պաշտպանել սեփական արժեքներն ու գոյության իրավունքը։ Ողջ պատմությունը մարդկային բարդ հարաբերությունների, սիրո, մահվան և բազմակնության մասին է։

Բեմադրության հեղինակը Մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչ Քեշիշյանն է։ Ռեժիսորն ասում է․ «Ամելի Նոտոմբը շատ խորն է մտել մարդաբանության մեջ։ Ինձ համար կարևոր էր ստեղծել այն, ինչը թատերական հանդիսատեսի համար ընկալելի կլինի։ Այս պատմությունը ոչ միայն սիրո և շահագործման մասին է, այլև մարդու օրինաչափությունների, էգոյի և արժեքների սահմանների մասին»։

Դերասանուհի Նարինե Պետրոսյանը Երգի պետական թատրոնի բեմում առաջին անգամ է հանդես գալիս։

«Սատուրնինեի կերպարը լի է ուժով ու համարձակությամբ։ Նա մարտահրավեր է նետում մի մարդու, որը կարող է խլել իր կյանքը։ Այս ներկայացումը կյանքի և մահվան պայքար է, և յուրաքանչյուր ընտրություն կարող է ճակատագրական լինել»։

17-րդ դարի իրադարձությունները մյուզիքլում համեմված են մեր օրերի հիթերով։ Ներկայացման միակ արական կերպարը՝ իսպանացի ազնվականին մարմնավորում է Արսեն Գրիգորյանը։

«Կերպարը գաղտնիք ունի, բայց ժամանակի ընթացքում պիտի բացահայտվի։ Սա այն տեսակն է, որ հեռացել է իրականությունից, փակվել է իր մեջ և ձևավորվել են նրա մանիակալ դրսևորումները»։

Բեմադրության ևս մի առանձնահատկություն ունի․ մյուզիքլին մասնակցում են Երգի պետական թատրոնի երիտասարդ երգչուհիները։ Սա լավ հնարավորություն է նրանց համար ոչ միայն հնչեցնելու իրենց ձայնը, այլև ցուցադրելու դերասանական հմտությունները։ «Ութ կանայք, որոնք բոլորը իմ կյանքի մասն են կազմում»․ նրանց այսպես է բնութագրում գլխավոր հերոսը։

Զգեստների հեղինակը Ֆանինա Հարությունյանն է, պարուսույցը՝ Դիանա Հայրապետյանը, երաժշտական ձևավորման հեղինակը Էրիկ Նազարյանն է։

Leave a Comment