«Շրջանակելով ժամանակը, մեր վախերն ու հույսերը»․ մեկնարկել է հայ-գերմանական արվեստի փառատոնը

Գերմանիայի Ֆրայբուրգի համալսարանի «Ցվետաևա» Կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «ՀայԱրտ» Կենտրոնի համագործակցությամբ մեկնարկել է «Շրջանակելով ժամանակը» խորագրով արվեստի փառատոնը։

Դրա շրջանակներում նախատեսվում են ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, վարպետաց դասեր և գիտական համաժողով, որտեղ կքննարկվեն արդի արվեստին և կրթությանը վերաբերող բազմաթիվ հարցեր:

Երեք շաբաթ շարունակ «ՀայԱրտ» կենտրոնում կգործի «Շրջանակելով ժամանակը, մեր վախերն ու հույսերը»․ հայ-գերմանական արվեստի փառատոնը։

Ֆրայբուգից ժամանած 47 հոգանոց պատվիրակությունը ներկայացնում է գերմանական մշակույթի ամենատարբեր ոլորտները՝ կերպարվեստ, կինո, թատրոն, երաժշտություն։ Սա բացառիկ առիթ է հայ և գերմանացի արվեստագետների համար միմյանց ճանաչելու և մասնագիտական փորձ փոխանակելու, ասում է «ՀայԱրտ» կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հարությունյանը․

«Մենք այս համագործակցության միջոցով ցանկանում ենք երկու քաղաքների միջև բարեկամական մշակութային և միևնույն ժամանակ ինստիտուցիոնալ համագործակցությունը ընդլայնել ու նոր զարկ հաղորդել»։

Փառատոնի շրջանակներում «ՀայԱրտ» կենտրոնում կգործի «Մեղադրանքը՝ հայ․ Խորհրդային տեռորը ցեղասպանության ստվերի ներքո» ցուցահանդեսը։ Այն պատմում է Հայաստանում խորհրդային բռնաճնշումների և այն մարդկանց մասին, որոնք այս կամ այն կերպ դիմակայել են այդ քաղաքականությանը։ Ցուցահանեսում ներկայացվում է նաև, թե ինչպես է խորհրդային ժամանակաշրջանի այդ իրողությունը հիշվում և ընկալվում այսօր Հայաստանում։ Ցուցահանդեսը ներկայացնում է պատմաբանների աշխատություններ, լուսանկարներ, ձայնագրություններ ու տեսանյութեր և այլն։

Ցուցահանդեսի համադրող Աննա Մարգուլիսն արդեն երկար տարիներ ուսումնասիրում է Խորհրդային Միությունում պետական ահաբեկչության թեման․

«Այս ցուցահանդեսը նվիրված է Խորհրդային Միության ահաբեկչությանը Խորհրդային Հայաստանում։ Մեր ցուցահանդեսը բաղկացած է 3 մասից։ Առաջին մասը վերաբերում է հենց բռնաճնշումներին՝ խորհրդայնացումից մինչև խորհրդային իշխանության ավարտը, 2-րդ մասը նվիրված է գաղտնի խմբերին և բողոքներին, ցույցերին, որոնցով հայերը հակադրվել են խորհրդային պաշտոոնական ներկայացմանը, իսկ 3-րդ մասը նվիրված է հիշողությանը, թե ինչպես են այս թեմաները հիշվում, հիշատակվում կամ երբեմն չեն հիշվում այսօր Հայաստանում»։

Փառատոնի կազմակերպիչները վստահեցնում են, որ ծրագիրը շատ բազմազան է և հետաքրքիր հանդիպումներ, վարպետության դասընթացներ է նախատեսում հանդիսատեսի համար։

Leave a Comment