Մոջթաբա Խամենեին աղոթում է, որ նոր զոհեր չլինեն
Իրանի նորընտիր ղեկավար Մոջթաբա Խամենեիի անունից պետական հեռուստատեսությամբ ընթերցվել է ուղերձ, որով նա շնորհավորում Է ժողովրդին իրանական նոր տարվա՝ Նովրուզի կապակցությամբ:
Դա աշխարհի ամենահին տոներից է, որը նշում են դեռ հեթանոսական ժամանակներից՝ գարնանային գիշերահավասարի օրը:
Գերագույն հոգևոր առաջնորդի պաշտոնում 86-ամյա սպանված հորը՝ Ալի Խամենեիին փոխարինած Մոջթաբան ուժ ու կորով է մաղթել հայրենակիցներին, նախագահ Մասուդ Փեզեշքիանին, կառավարության անդամներին, ցավակցել է սպանվածների հարազատներին, ասել է, թե աղոթում է Աստծուն, որ նոր զոհեր չլինեն:
«Թշնամիները պետք է իմանան՝ անվտանգություն այլևս չունեն»
Կրտսեր Խամենեին առ այսօր անձամբ չի ներկայացել հանրությանը, նրա ուղերձները պետական մամուլն է փոխանցում:
Հավանաբար, այդպես է արվում նոր լիդերին հարձակումներից պաշտպանելու համար, բացի այդ, գուցե նա վիրավորում է ստացել իսրայելա-ամերիկյան օդային գրոհների ընթացքում: Մոջթաբա Խամենեին իր ուղերձով դիմել է նաև դրսի աշխարհին:
«Թշնամիները պետք է իմանան՝ անվտանգություն այլևս չունեն, Իրանը ծայրահեղ կոշտ պատասխան կտա, եթե նրանք հարվածեր հասցնեն մեր էներգետիկայի հիմնարկներին»,- ասվում է ուղերձում:
«Արդյո՞ք մեկը կարող է Թրամփին ասել, թե նա ինչ պետք է անի»
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոստացել Է նման հարվածների չդիմել, նշելով, թե այդ մասին նրան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Է խնդրել:
«Արդյո՞ք կան մարդիկ, որոնք կարծում են, թե ինչ-որ մեկը կարող է նախագահ Թրամփին ասել, թե նա ինչ պետք է անի: Լավ էլի, նախագահ Թրամփը միշտ որոշում է կայացնում առաջնորդվելով նախևառաջ Ամերիկայի շահով: Եվ այս պարագայում թույլ տվեք ավելացնել, որ նաև ապագա սերունդների շահով»,- ասել է Նեթանյահուն:
Թրամփն Իրանում ցամաքային գրոհ չի նախատեսում
Ինքը՝ Թրամփը, Սպիտակ տանն ընդունել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիին: Զրույցում նա անդրադարձել է Իրանի թեմային, ասելով, թե ցամաքային օպերացիա անցկացնելու մասին չի մտածում, ապա հավաստիացրել Է, որ նավթի գնաճը կանգ կառնի:
Նա այս պատերազմը վերստին անվանել է «էքսկուրսիա», ասել է թե՝ «ուղևորություն» կամ «զբոսանք»:
«Ես բնավ չէի ուզում այս էքսկուրսիան, սակայն մենք պարտավոր էինք անել, ես նույնիսկ ավելի վատ թվեր էի սպասում, բայց սա արվում է ավելի ապահով աշխարհ ունենալու համար»,- ասել է ԱՄՆ ղեկավարը:
Ամերիկան և Իսրայելը պնդում են, որ արդեն հաղթել են, նրանց տեխնոլոգիական առավելությունն ակնհայտ է, բայց պատերազմը շարունակվում է:
Ամենաթանկ «էքսկուրսիան» պատմության ընթացքում
Այդուհանդերձ, սա ամենաթանկ էքսկուրսիաներից մեկն է մարդկության պատմության ընթացքում:
Դրա ապացույցը բյուջեն է, որն անհրաժեշտ է սույն «զբոսանքն» ավարտելու համար:
Պաշտպանության, կամ, ինչպես նոր տարբերակով են ասում՝ ռազմական նախարար Փիթեր Հեգսեթի խոսքով, Պենտագոնին մեծ գումար է պետք, ինչքա՞ն:
«Դե մոտ 200 միլիարդ դոլար, թիվը կարող է փոխվել, վատ տղերքին վերացնելու համար փող է պետք: Մենք կգնանք Կոնգրես, որտեղ մերոնք պետք է ապահովեն անհրաժեշտ միջոցներ, որ ֆինանսավորենք այն, ինչ հիմա է պետք, այն, ինչ պետք կգա ապագայում, որ ամեն բան ստանանք, ունենանք անհրաժեշտը և դրանից ավելին»,- ասել է Հեգսեթը:
Այս պահին հայտնի չէ, թե երբ Պենտագոնը կխնդրի Սպիտակ տանը՝ լրացուցիչ գումարի հայտ տալ Կոնգրեսին: Օրենսդիրների կարծիքն էլ դժվար է կանխատեսել:
Այսօր պատերազմի 21-րդ օրն է, այս ընթացքում Իրանում սպանվել է ավելի քան 1400 մարդ: