Կաթողիկոսի մեկնումն արգելելը բացասական անդրադարձ է հայ-վրացական եղբայրական հարաբերություններին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ,  սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է․

 «Խորին ցավակցություն եմ հայտնում իմ վրացի բարեկամներին Նորին Սրբություն Իլյա Բ-ի վախճանի կապակցությամբ, որի հոգևոր ժառանգությունը հաղթահարում է բոլոր սահմանները: Նրա երկրային հրաժեշտը մեծ կորուստ է ողջ քրիստոնեական աշխարհի համար։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վրաց Ուղղափառ Եկեղեցու հարաբերությունները դարավոր պատմություն ունեն։

Դրանք մշտապես եղել են հայ-վրացական եղբայրական կապերի կարևորագույն հիմնասյուներից մեկը՝ խարսխված փոխադարձ հարգանքի, քրիստոնեական ընդհանուր արժեքների և պատմական համատեղ փորձի վրա։

Այս հարաբերությունները բազմիցս ուղեկցել և ամրապնդել են երկու ժողովուրդների բարեկամությունը՝ նույնիսկ ամենադժվար ժամանակաշրջաններում պահպանելով երկխոսության և համագործակցության ոգին։

Եթե Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը որոշի մասնակցել Վրաց Պատրիարք Իլյա Բ-ի հուղարկավորության արարողությանը, ապա այդ այցը կդառնա ոչ միայն հարգանքի և եղբայրական հարաբերությունների արտահայտություն, այլև կարևոր ուղերձ՝ ուղղված հայ-վրացական եկեղեցական և միջպետական հարաբերությունների հետագա սերտացմանն ու ամրապնդմանը։

Այս ճանապարհին որևէ խոչընդոտ կամ արգելք բացասական անդրադարձ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջազգային հեղինակությանը, ինչպես նաև հայ-վրացական եղբայրական հարաբերություններին և երկու եկեղեցիների միջև ձևավորված բազմադարյա ամուր կապերին»,-գրել է նա:

Leave a Comment