Աղմկահարույց նոր փաստաթուղթ՝ ընտրություններից առաջ․ ինչ է պատրաստվում հրապարակել Փաշինյանը

Նոր աղմկահարույց փաստաթղթի հրապարակման խոստում՝ Նիկոլ Փաշինյանից․ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ վարչապետն ասել է, որ երկու օր առաջ աշխատանքային հարց քննարկելիս իր ձեռքի տակ է հայտնվել նոր փաստաթուղթ, որը և խոստացել է հրապարակել։ Այն առնչվում է ԼՂ-ի հարցով նախկին իշխանությունների վարած քաղաքականությանը՝ մանրամասնել է վարչապետը, նաև՝ անդրադարձել նախընտրական շրջանում կիրառվող հիբրիդային սպառնալիքներին։ Փաշինյանը խոսել է պատերազմի վտանգի մասին ևս, անգամ ժամկետ նշել և հստակեցրել, թե որ դեպքում կարող է նման ռիսկ լինել։

Վերջին տասնամյակներին նախորդ իշխանությունների օրոք շրջանառված՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային փաստաթղթերի հրապարակումից հետո  վարչապետ Փաշինյանը պատրաստվում է հրապարակել նոր փաստաթուղթ՝ ապացուցելու, որ Հայաստանի ղեկավարությունը միշտ էլ ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, պարզապես  այդ իրողությունը թաքցրել է հանրությունից։

«Երկու օր առաջ քաղաքաշինության կոմիտեի նախագահն էր եկել և հարց էր զեկուցում։ Չեմ հիշում՝ որ թվին՝ 2005–2006, գուցե 10–15–ին կամ որևէ թվականի Հայաստանում տարաբնակեցման ծրագիր հաստատելու պրոցես է տեղի ունեցել, և կցված են փաստաթղթերը, որտեղ Հայաստանի սահմանը սահմանագծված է այնպես, ինչպես մենք արձանագրել ենք խաղաղության նախաստորագրված համաձայնագրում։ Իսկ դրանից արևելք մեծ տառերով գրած է Ադրբեջան։ Դա ՀՀ կառավարության պաշտոնական փաստաթուղթն է, սա այնքան ակնհայտ բան է։ Ըստ էության, ՀՀ և Ղարաբաղի ժողովրդից էլ թաքցվել է իրողությունը»։  

Ընդդիմադիր դաշտից այս շրջանում հնչող նախընտրական խոսույթները,  վարչապետի ընկալմամբ, լուրջ վտանգ են պարունակում՝ հակասելով խաղաղության օրակարգին։ Խաղաղության դիրքերից հանդես եկող ուժերը պատրաստում են նոր պատերազմ հայտարարում է Փաշինյանն՝ անգամ ժամկետ նշելով՝ ընտրություններից շատ չանցած, ամենաուշը՝ աշնանը։ Ում նկատի ունի վարչապետը՝ անուններ չի հնչեցնում, բայց հստակեցնում է, թե քանի նման ուժ կա։ 

«Իրենք բոլորը էմիսարներ են` թույլ չտալու, որ Հայաստանը անկախանա։ Այսօր պատրաստ չեմ այդ թեմայով շատ խոսել, բայց այնպես ստացվեց, որ երեկ ինչ–որ նկարներ եմ տեսնում։ Նյուզ ֆիդում երևում է «ուժեղ խաղաղություն» կամ նախորդ օրը տեսնում եմ վերնագրեր` «ների՛ր մեզ Արցախ, մենք չգիտեմ ինչ կանենք, ինչ կանենք»։ Հասկանու՞մ եք։ Կամ ասում են` Արարատը մերն է, Դադիվանքը մերն է։ Դա պատերազմ է։ Իրենք պատերազմից շահելու են հետևյալը լինելու են ֆորպոստի և ոչ թե պետության կառավարիչ։ Ժամանակը ցույց է տվել, որ դա իրենց  ֆինանսապես ձեռնտու է, և պահպանելու են որոշ երկրներում իրենց ունեցած միլիարդները։ Այդ հիմնական ուժերը՝ երեքն էլ, ովքեր այդ դիրքից հանդես են գալիս, միլիարդների ունեցվածք ունեն Ռուսաստանում և Բելառուսում։ Հիմա իրենց ասվել է` ուզո՞ւմ եք այդ ունեցվածքը պահեք՝ աշխատեք, քրտնեք»։  

Այս ուժերի մասին խոսելիս է Փաշինյանն օգտագործում «պատերազմի կուսակցություններ» ձևակերպումը, նաև հիբրիդային սպառնալիքներն է համարում այդտեղից եկող։ Դրանց հակազդելու հարցում է, որ գործակցում են ԵՄ-ի և այլ գործընկերների հետ։

Մինչ վարչապետը Երևանում խոսում էր այս խնդիրների մասին, ԱԺ «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Արթուր Խաչատրյանը Եվրախորհրդարանում՝ ԵՄ–Հայաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի նիստին, խոսել է երկրում իրավիճակի, հիբրիդային պատերազմի և խաղաղության մասին՝ ընդդիմադիր ուժերի դիրքերից․

«Խոսել եմ խաղաղության մասին։ Չի կարող լինել խաղաղություն, երբ օկուպացիոն զորքերը ՀՀ տարածքում են։ Լավագույն դեպքում մենք ունենք հրադադար, և որպեսզի հրադադարը վերածվի իրական խաղաղության, արդար սկզբունքների վրա կերտված խաղաղության համար մենք պետք է ջանքեր թափենք, պետք է ստիպենք Ադրբեջանին վերջացնի իր ծավալապաշտական, ագրեսիվ քաղաքականությունը և պաշտպանենք հայկական շահերը»։

Ուշագրավ է, որ Արթուր Խաչատրյանն իր ելույթում արձանագրել է, որ ԼՂ բնակիչների վերադարձի հարցում եվրոպական կառույցներն այս պահին կիսում են Հայաստանի  վարչապետի մոտեցումները։

Վերադառնալով հիբրիդային պայքարին․ Փաշինյանը դրա հնարքներից է համարում այն, որ ընտրապայքարի պատրաստվող ուժերից մեկի ղեկավարը խուսափում է ուղիղ եթերներից, ինչի իրավունքն իրեն տրվել է, ու հանրությանը դիմում է արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութերով։ Խոսքը տնային կալանքի տակ գտնվող  Սամվել Կարապետյանիի մասին է։ 

«Պրոբացիան պաշտոնապես հրապարակել է, որ Սամվել Կարապետյանը կարող է մտնել ուղիղ եթեր։ Թող մտնի ուղիղ եթեր, ասի` ինչ է ասում։ Մի հատ էլ ուժեղի և թույլի հարց են բարձրացնում։ Մի հատ հասկանանք` իրենք այդ ինչո՞վ են ուժեղ, մենք ինչո՞վ ենք թույլ։ Եթե կարող են 30 անգամ ասենք` ձգվեն այդ օլիգարխները, թող ուղիղ եթերում 30 անգամ ձգվեն, ես չեմ կարող 30 անգամ ձգվեմ, անկեղծ ձեզ ասեմ։ Բայց ես կարող եմ 100 կմ հեծանիվ քշեմ։ Ուրիշ ինչի՞ց են ուժեղ, ինտելեկտի՞ց են ուժեղ։ Թող մտնեն ուղիղ եթեր, իրենց ինտելեկտը ցույց տան»։  

Փաշինյանը տարակուսում է որոշ գործիչների նախընտրական խոսույթից էլ։

«Նրանցից ոմանք, ըստ ամենայնի, չեն էլ հասկանում` ինչ են ասում։ Առավել ևս՝ իրենց ասածը, խոսացածը չհասկացող ուժերը և քաղաքական գործիչները, իհարկե, չպետք է կարողանան ընդհանրապես Հայաստանում որևէ պաշտոնական կարգավիճակի հավակնել»։

Արդյոք ասված ու չարվածների շարքում չի կարելի դիտարկել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական որոշ խոստումներ առնվազն Լեռնային Ղարաբաղի առնչությամբ․ Փաշինյանը հարկ է համարում պարզաբանել դրանք․

«Մենք մի նախընտրական ծրագրով մտել ենք ընտրական պրոցես, որը եղել է, այո, ավանդական, հայկական ՔՊ/դաշնակցական ծրագիր, բայց մենք լրիվ ուրիշ ծրագրով դուրս ենք եկել, որովհետև այդ ընթացքում ՀՀ քաղաքացիները և հատկապես քաղաքացիների այն հատվածը, ում ես պայմանականորեն անվանեցի «սնուցող մայրեր»,  շատ կոնկրետ պատգամով են հանդես եկել` մեզ հորդորելով խաղաղությունը դարձնել բացարձակ առաջնահերթություն։ Երկրորդ․ Ղարաբաղի հետ կապված ոչ մի կառավարություն չի արել Ղարաբաղի համար այնքան, որքան արել է մեր կառավարությունը, և դա՝ թվերով։ Ձեր ասած ուժերն էին, որ տոնում էին Ղարաբաղում իշխանություն վերցնելը, որ հեսա–հեսա տեսեք ինչ են անելու, և ընդամենը օրեր հետո ամեն ինչ ավարտվեց։ Հիմա բացարձակապես նույն ուժերը նույնը ուզում են անել ՀՀ հետ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով»։

Առաջիկա ընտրություններում սեփական հաջողությունների մասին այս շրջանում ակտիվ կանխատեսումներ են անում բոլոր ուժերն էլ։ Սամվել Կարապետյանի թիմում, ի դեպ, համոզված են, որ հաջողելու են առաջիկա ընտրություններում, վկայակոչում են իրենց ձեռքի տակ ունեցած սոցհարցումների որոշ տվյալներ՝ համոզված լինելով, թե գործող իշխանությունն անհանգիստ է այդ պատկերից։ Իշխանությունն իր հերթին խոսում է առաջիկա ընտրություններում սահմանադրական մեծամասնություն ձևավորելու հավակնության մասին, քանի որ համոզված է՝ անգամ Ռուսաստանից եկող ՀՀ քաղաքացիները իրականում քվեարկելու են խաղաղության համար, այն է՝ հօգուտ իրենց։

Leave a Comment