ՄԻՊ-ի աջակցությամբ զինծառայությունից վերադարձած ուսանողը շարունակում է ուսումը նույն կուրսում` անվճար

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ զինծառայությունից վերադարձած ուսանողը շարունակում է ուսումը նույն կուրսում` անվճար։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՄԻՊ-ից։

Պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո ուսանողը փորձել է շարունակել ուսումն այն նույն քոլեջում, որտեղ մինչև զորակոչվելը սովորել էր անվճար հիմունքներով։ Սակայն քոլեջում նրան տեղեկացրել են, որ ուսումնական պլանի փոփոխությունների հետևանքով առաջացած ակադեմիական տարբերությունները գերազանցում են թույլատրելի սահմանը, և նա չի կարող վերադառնալ 3-րդ կուրսի 2-րդ կիսամյակից։ Քաղաքացուն առաջարկել են ուսումը շարունակել վճարովի հիմունքներով՝ ավելի ցածր կուրսից, ինչը կնշանակեր կրկին սովորել երկու կիսամյակ։

Ուսանողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին` նշելով նաև, որ ակադեմիական տարբերությունները չեն առաջացել իր մեղքով, սակայն այդ հանգամանքը խոչընդոտում է իր կրթության շարունակականությանը։

Բողոքի ուսումնասիրության ընթացքում Պաշտպանի աշխատակազմը հարցը քննարկել է քոլեջի ղեկավարության և ԿԳՄՍ նախարարության հետ։ Արդյունքում նախարարությունը թույլատրել է վերականգնել ուսանողի իրավունքը՝ հնարավորություն տալով նրան սովորելու համապատասխան կուրսում։

Քաղաքացին հետագայում տեղեկացրել է, որ Պաշտպանի աջակցությամբ այժմ շարունակում է ուսումը անվճար հիմունքներով՝ 3-րդ կուրսի 2-րդ կիսամյակից։

Ըստ գործող կարգավորումների՝ պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված ուսանողները պետք է հնարավորություն ունենան շարունակելու ուսումը նույն կրթական հաստատությունում և նույն կրթական ծրագրի այն փուլից, որտեղից այն ընդհատվել է։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է իրավասու մարմինների հետ համագործակցությունը և նրանց ցուցաբերած պատրաստակամությունը՝ քաղաքացիների իրավունքների վերականգնման հարցում։

Leave a Comment