19 մարտի 2026 – 15:16 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ, ասվում է ԱՄՆ հետախուզական ծառայության տարեկան զեկույցում:
Կառույցն օրինակ է բերում Հայաստանի սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջը՝ նշելով, որ ՀՀ-ում սահմանադրական հանրաքվեի ընդունումը երաշխավորված չէ, հայտնում է «Ազատությունը»:
«Նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոփոխի Սահմանադրությունը՝ հեռացնելու հղումը, որը, նրա խոսքով, ենթադրում է, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Դա կպահանջի սահմանադրական հանրաքվե Հայաստանում, որի ընդունումը երաշխավորված չէ», – գրել է ամերիկյան հետախուզական ծառայությունը։
Միաժամանակ տարեկան զեկույցը արձանագրել է, որ օգոստոսին Վաշինգտոնի հովանավորությամբ Սպիտակ տանն անցկացված Խաղաղության գագաթնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի համար ստեղծել է հնարավորություն՝ հասնելու երկարատև խաղաղության համաձայնագրի և խթանելու տարածաշրջանային կայունության աճը։
Հետախուզական ծառայությունը նաև նշել է, որ ամերիկյան կողմին հաջողվել է հասնել խաղաղության պայմանագրի դրույթների շուրջ նախնական համաձայնության, ինչպես նաև հաստատվել է TRIPP նախագիծը, որը «կառավարվելու է ԱՄՆ-ի կողմից, և Հայաստանի հարավով անցնող ճանապարհով կապելու է Ադրբեջանն իր Նախիջևան էքսկլավի հետ՝ բացելով առևտրային հոսքեր երկու երկրների և ամբողջ տարածաշրջանի համար»։
Վաշինգտոնի գնահատմամբ՝ այս զարգացումները դարձել են էական շրջադարձ հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Հետախուզական ծառայությունը հիշեցրել է, որ որ 2020 և 2023 թվականներին Ադրբեջանը ռազմական ճանապարհով վերադարձրել է Լեռնային Ղարաբաղը «Երևանի աջակցությունը վայելող էթնիկ հայ բնակչությունից»:
«Օգոստոսի 8-ից հետո երկու կողմերն էլ, կարծես, պատրաստակամ են պահպանել գագաթնաժողովից ստացված դրական ընթացքը։ Սահմանային հրադադարի խախտումները կտրուկ նվազել են, այժմ գրեթե չկան», – նշել է Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունը՝ հավելելով, որ Ադրբեջանը բենզին է մատակարարել Հայաստան, ինչպես նաև թույլատրել է ցորենի տարանցիկ փոխադրումները, իսկ վարչապետ Փաշինյանն իր հերթին փոխադարձ առաջարկ է արել նախագահ Ալիևին։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասել է, որ նոր Սահմանադրության տեքստում ներածությունը չկա, իսկ Անկախության հռչակագրին հղումը ներածության մեջ էր: Նա այդպես է պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք նոր Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրի մասին հղում լինելու է, թե ոչ: