
Այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ Մարտին Միքայելյանի ծննդյան 100-ամյակը։ Նրա մասնագիտական ժառանգությունն ընդգրկում է Հայաստանի ողջ աշխարհագրությունը՝ Ջերմուկից մինչև Մեծամոր՝ ներառելով հանգստյան տներ, մշակույթի օջախներ ու մանկատներ։
Հոր մասին ջերմ հուշեր են պատմում որդիները՝ Արեգը և Ավետը, որոնց ճարտարապետը դեռ մանկուց պարբերաբար տարել է Հայաստանի տարբեր անկյուններ՝ սովորեցնելով ճանաչել ու սիրել հայրենիքը։ Այսօր Արեգ Միքայելյանը Բյուրականի աստղադիտարանի տնօրենն է, իսկ Ավետը շարունակել է հոր ուղին՝ ընտրելով ճարտարապետի մասնագիտությունը։ Երկուսն էլ որդիական խոր ակնածանքով են հիշում հոր խստապահանջությունը, բացառիկ նվիրումն ու յուրաքանչյուր օրն իմաստավորելու նրա կարողությունը։
Նրանց բնորոշմամբ՝ հեղինակի ամենասիրված նախագծերից մեկը Ջերմուկի առողջարանի հանգստյան սրահն էր, որն այսօր, ցավոք, ավերված է։ Անխնամ ու կիսաքանդ վիճակում են գտնվում նաև վարպետի նախագծած մշակույթի տներից շատերը, որոնց պահպանումն այսօր առավել քան արդիական է, քանի որ նմանօրինակ կառույցներ այլևս չեն հիմնվում։ Մարտին Միքայելյանի 100-ամյա հոբելյանի շրջանակում Ճարտարապետության թանգարանում արդեն բացվել է նրա աշխատանքների ցուցահանդեսը։ Առաջիկայում նախատեսվում է նաև հեղինակի պատկերագրքի հրատարակումն ու պոեզիայի երեկոյի անցկացումը, որտեղ կհնչեն նրա բանաստեղծությունները։