Օմանում բացվել է ՀՀ ռեզիդենտ դեսպանությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Օման պաշտոնական այցի շրջանակներում Մասկատում տեղի է ունեցել Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել է Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդին:

Դեսպանության առջև բարձրացվել է Հայաստանի Հանրապետության եռագույնը, հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, և ժապավենի կտրելու հանդիսավոր արարողությունից հետո պաշտոնապես ազդարարվել է դեսպանության բացումը:

Հայաստանի ԱԳ նախարարն Օմանի ԱԳ նախարարին ներկայացրել է ՀՀ դեսպանությունը, երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ կայացել է կարճ զրույց։

Միջոցառմանը մասնակցել են Օմանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Օմանում բնակվող ՀՀ քաղաքացիներ։

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր խոսքում ընդգծել է,- «Օմանի Սուլթանություն արտաքին գործերի նախարարի մակարդակով իրականացվող այս առաջին այցի շրջանակներում ինձ համար մեծագույն պատիվ է այսօր ներկա գտնվել Հայաստան-Օման երկկողմ հարաբերությունների հերթական պատմական հանգրվանին՝ Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության պաշտոնական բացման արարողությանը։

Հայաստանի Հանրապետության կառավարության՝ Մասկատում մշտական դեսպանություն հիմնելու որոշումը ոչ միայն արտացոլում է մեր երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ և բովանդակալից համագործակցությունը, այլև հստակորեն վկայում է մեր ջերմ քաղաքական երկխոսության հետևողական խորացման մասին։ Իր խորհրդանշական նշանակությունից զատ՝ դեսպանության բացումը նաև գործնական կարևոր քայլ է՝ ուղղված մեր գործընկերության ողջ ներուժի լիարժեք իրացմանը և տնտեսական, կրթական ու մշակութային ոլորտներում համագործակցության առավել ամրապնդմանը»։

Leave a Comment