Զախարովա․ ՀՀ զարգացման եվրոպական վեկտորը հարցեր է առաջացնում՝ աբստրակտ չափանիշները մատուցվում են որպես առավելություն

Զախարովա․ ՀՀ զարգացման եվրոպական վեկտորը հարցեր է առաջացնում՝ աբստրակտ չափանիշները մատուցվում են որպես առավելություն

19 մարտի 2026 – 11:50 AMT

PanARMENIAN.NetՀայաստանի զարգացման եվրոպական վեկտորը հարցեր է առաջացնում, քանի որ ԵՄ չափանիշները հաճախ մատուցվում են որպես անվերապահ առավելություն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստրասբուրգյան ելույթը։

Նրա խոսքով՝ այն տրամաբանությունը, ըստ որի` Հայաստանը շահած դուրս կգա թե եվրաինտեգրման դեպքում, թե առանց դրա, հակասական է թվում։ Զախարովան նման մոտեցումը համեմատել է մի իրավիճակի հետ, երբ մարդը շախմատում հաղթում է ինքն իրեն, հայտնում է Sputnik Արմենիան:

Զախարովան նաև նշել է, որ եվրոպական ստանդարտները ներկայացվում են աբստրակտ ձևով՝ առանց դրանց գործնական հիմքի հստակ ընկալման։

«Արդյունքում ձևավորվում է գրավիչ, սակայն մեծապես դեկլարատիվ պատկեր», — ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Այս համատեքստում Զախարովան մատնանշել է Եվրամիության ներքին խնդիրները, այդ թվում՝ արդյունաբերական արտադրության անկումը, պետական պարտքի աճն ու միգրացիոն ճգնաժամը։

Բացի այդ, նա տարակուսանք է հայտնել, որ Հայաստանը ձգտում է ներդնել եվրոպական ստանդարտները՝ չմասնակցելով դրանց մշակմանը։

«Մինչդեռ եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումներում՝ ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում, Հայաստանը ոչ միայն բուն կառույցների, այլև որոշումների կայացման գործընթացների լիիրավ մասնակից է»,-հավելել է նա։

Զախարովան շեշտել է, որ եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում բոլոր չափանիշներն ու որոշումները ձևավորվում են անդամ պետությունների մասնակցությամբ, համատեղ մշակման և հաստատման միջոցով։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն կայուն տնտեսական դինամիկա ունի և ավելացնում է իր մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում։

Ըստ նրա՝ Հայաստանի տնտեսությունն իր բարձր տեմպերը պահպանում է հիմնականում հենց ԵԱՏՄ-ի հետ կապերի շնորհիվ. 2025 թվականին ՀՆԱ-ի աճը, նրա գնահատմամբ, գերազանցել է համաշխարհային միջին ցուցանիշները և կազմել է ավելի քան 7–7․2%:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ եվրոպական և եվրասիական ինտեգրացիոն նախագծերին միաժամանակյա մասնակցությունն անհնար է։ Դա հակասում է տրամաբանությանը, առողջ դատողությանը և տնտեսական օրենքներին: Իրատեսական չէ ԵՄ ստանդարտների այնպիսի ներդրում ակնկալել, որը չի հակասի ԵԱՏՄ նորմերին ու կանոնակարգերին»,-հայտարարել է նա։

Միաժամանակ Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը հետագա ուղղվածության ընտրությունը համարում է Հայաստանի ինքնիշխան իրավունքը։ Սակայն Մոսկվան ակնկալում է, որ հայկական կողմը հետևողականորեն կկատարի ԵԱՏՄ շրջանակում ստանձնած պարտավորությունները և խոչընդոտներ չի ստեղծի ռուսական բիզնեսի համար կամ էլ հստակ կձևակերպի իր դիրքորոշումը այդ հարցում։

Զախարովան անդրադարձել է նաև Հայաստանի իշխանությունների և եկեղեցու փոխհարաբերությունների թեմային։

«Այս համատեքստում այսպես կոչված «ԿԳԲ-ի գործակալների» հիշատակումները, ըստ էության, նպատակ ունեն շահել արևմտյան լսարանի աջակցությունը, որը, ըստ ամենայնի, շարունակում է մտածել հակախորհրդային հարացույցով, ինչն էլ վերաճում է ռուսատյացության»,-հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ կրոնական թեմայի քաղաքականացումը և հավատքի ու հոգևորականության գործունեության հարցերը մարգինալացնելու փորձերը ծայրահեղ վտանգավոր են։ Զախարովան ընդգծել է, որ նման մոտեցումները կարող են հանգեցնել հասարակության պառակտման խորացման։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարտի 11-ին ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում, հայտարարել է, որ Հայաստանի եվրաինտերգրման գլխավոր խնդիրը Եվրամիության և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված կարգավիճակն է։ Նա հիշեցրել է, որ Հայաստանի խորհրդարանը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը ընդունեց այն բանից հետո, Վրաստանը ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ էր ստացել։ Դա, ըստ նրա, շոշափելի դարձրեց Հայաստանի՝ ԵՄ անդամ դառնալու հեռանկարը։

ՀՀ-ն մնում է ԵԱՏՄ անդամ և միաժամանակ հայտարարում է ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու մտադրության մասին։ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու մասին քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ 2025 թվականի մարտի 26-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց Եվրոպական միությանն անդամակցելու մտադրության մասին օրինագիծը։ ԵՄ-ից անդամակցության առաջարկ չի եղել:

Leave a Comment