Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Իրանի կողմից Կատարի գազային ենթակառուցվածքներին հարվածներից հետո զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։
Ավելի վաղ Իրանի ԻՀՊԿ-ն հաստատել էր, որ հարձակվել է Մերձավոր Արևելքի էներգետիկ օբյեկտների վրա։ Դրանից առաջ Կատարի Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Իրանի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Կատարի ամենամեծ հեղուկացված բնական գազի (LNG) արտադրության օբյեկտի մոտ՝ երկրի հյուսիսում գտնվող Ռաս Լաֆան արդյունաբերական քաղաքում։
«Ես հենց նոր խոսեցի Կատարի էմիրի և նախագահ Թրամփի հետ ՝ այսօր Իրանում և Կատարում գազի արտադրության օբյեկտներին ուղղված հարվածներից հետո։ Մեր ընդհանուր շահերից է բխում անհապաղ մորատորիում սահմանել քաղաքացիական ենթակառուցվածքների, մասնավորապես՝ էներգետիկ և ջրային ենթակառուցվածքներին հարձակումների վրա», – գրել է Մակրոնը X սոցիալական ցանցի էջում։