Վրաստանում համազգային սուգ է հայտարարվել․ 93 տարեկանում մահացել է Համայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը։
Կառավարության որոշմամբ՝ երկրի ողջ տարածքում վարչական շենքերում պետական դրոշները կիսով չափ իջեցվել են։
Ազդեցիկ հեղինակություն և ազգի առաջնորդ համարվող կաթողիկոս–պատրիարքին Վրաստանում հրաժեշտ կտան Սամեբայի Սուրբ Երրորդություն առաջնորդանիստ տաճարում, ուր և այսօր կտեղափոխվի նրա մարմինը:
Իլիա II-ը՝ Վրաստանի պատմության ամենահեղինակավոր դեմքերից մեկը՝ հոգևոր առաջնորդը, կյանքից հեռացավ շուրջ կեսդարյա գահակալությունից հետո։
«Նա դարաշրջան կերտած գործիչ էր։ Հսկայական կորուստ է ողջ աշխարհում ուղղափառ եկեղեցու համար։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում յուրաքանչյուր վրացու, ողջ Վրաստանին, մեր եկեղեցուն և ամբողջ քրիստոնեական աշխարհին։ Բացառիկ դեմք, որ ստեղծել է մի ամբողջ դարաշրջան»,-հայտարարեց պատրիարքական գահի տեղապահ մետրոպոլիտ Շիո Մուջիրին հոգևոր առաջնորդի մահից րոպեներ անց։
Վրաց ուղղափառ եկեղեցին գրեթե կես դար՝ Իլիա II–ի գահակալության շրջանում, վերածննունդ էր ապրում։
Պատրիարքական գահը ստանձնեց 44 տարեկանում՝ Խորհրդային Վրաստանում, երբ քչերն էին եկեղեցի հաճախում, բացեց նոր էջ վրաց եկեղեցու պատմության մեջ։
Փակ եկեղեցիները բացվեցին, հավատացյալները սկսեցին եկեղեցի հաճախել, ողջ երկրի տարածքում կառուցվեցին նորերը, ինչպես, Թբիլիսիի Սուրբ Երրորդությունը՝ առաջնորդանիստ տաճարը Հավլաբարի բարձունքում։
Վրաց եկեղեցու և կաթողիկոս-պատրիարքի հեղինակությանը զգալիորեն նպաստեցին նաև պատմական իրադարձությունները․ փլուզվեց Խորհրդային Միությունը, Վրաստանը ձեռք բերեց անկախություն, ապրեց պատերազմներ, հակամարտություններ և քաղաքական ցնցումներ։
Այդ ողջ ընթացքում վրաց ժողովրդի համար բացառիկ հեղինակություն էին եկեղեցին և Իլիա II-ը․ դժվարագույն բոլոր շրջաններում մարդիկ նրան էին դիմում, աղոթում Մայր տաճարում։
1989-ի «Արյունոտ կիրակի» անունը ստացած ողբերգական իրադարձությունները հիշելիս շատերն են ափսոսում, որ չհետևեցին կաթողիկոս-պատրիարքի կոչին. շարունակեցին կանգնել Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդային զորքերի ու տանկերի առաջ։
«Ես հենց նոր տեղեկացա, որ սպառնալիքն իրական է։ Հնարավոր է՝ այն ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա է։ Հետևաբար, իմ հոգևոր զավակներ, օրհնում եմ ձեզ, միասին գնանք Քաշվեթիի եկեղեցի՝ աղոթելու և շնորհակալություն հայտնելու Տիրոջը»,-դիմելով 1989-ի ապրիլի 9-ին Թբիլիսիի կենտրոնում հավաքված հազարավոր ցուցարարներին՝ ասել էր Իլիա II-ը։
Վրաց պատրիարքարանն այս տարիներին շարունակել է մնալ երկրի ամենաազդեցիկ հաստատություններից մեկը, իսկ Իլիա II-ը, ըստ հարցումների, ամենահեղինակավոր անձը, որի ժողովրդականությունը վեր է բոլոր ժամանակների քաղաքական գործիչներից ու առաջնորդներից։ Արդեն կես դար Վրաստանի բոլոր իշխանությունները հաշվի են նստում պատրիարքի հետ։
«Սիրում եմ քեզ, իմ պատրիարք․․․»,-վրաց կաթողիկոսին տեսնելով՝ այսպես էին դիմում մեծերն ու փոքրերը։
Նրա որոշումն էր անձամբ մկրտել ընտանիքներում երրորդ և հաջորդ երեխաներին՝ ժողովրդագրական բարդ իրավիճակի պայմաններում, որը 2008-ին բերեց երկրում ծնելիության մակարդակի կտրուկ աճի։
Այդ ժամանակվանից ի վեր տարեկան մի քանի անգամ տեղի են ունեցել հարյուրավոր նորածինների զանգվածային մկրտություններ։ Այսօր պատրիարքն ունի ավելի քան 50 հազար սանիկ։
Սակայն վերջին տարիներին վատառողջ լինելու պատճառով պատրիարքը հանրությանն ավելի ու ավելի հազվադեպ էր ներկայանում։ Միևնույն ժամանակ եկեղեցին հաճախ հայտնվում էր սկանդալների կենտրոնում, իսկ առանձին հոգևորականների, երբեմն նույնիսկ պատրիարքարանի հռետորաբանությունը գնալով ավելի էր հակասում քաղաքացիների մեծամասնության ընտրած եվրոպական ինտեգրման ուղղությանը։
Գործող իշխանությունը՝ «Վրացական երազանքը», վերջին ընտրություններում իր քարոզարշավը կառուցեց ավանդույթների և հավատի պաշտպանի հայեցակարգով՝ ակտիվորեն կիրառելով կրոնական խոսույթը։ Եկեղեցու ազդեցությունը հաշվի առնելով՝ սա դիտարկվեց որպես նախընտրական ռազմավարական քայլ։
Իր հերթին Վրաստանի պատրիարքարանը քվեարկությունից մի քանի օր առաջ հայտարարեց, որ չի կարող քաղաքական դիրքորոշում զբաղեցնել, բայց «անվերապահորեն կաջակցի այն ընտրությանը, որը Վրաստանին կբերի երկարատև խաղաղություն և կամրապնդի հասարակության մեջ քրիստոնեական և ընտանեկան ավանդույթները խթանող արժեքները»։
Վրաց եկեղեցու հովվապետը ավելի քան տասը տարի առաջ մայիսի 17-ը հայտարարել է Ընտանիքի ամրության և ծնողների մեծարման օր։
«Վրաստան, սիրում եմ քեզ․․․»։
Եվ անկախ քաղաքական բոլոր վայրիվերումներից՝ Իլիա II-ը տասնամյակներ շարունակ վայելել է աննախադեպ իշխանություն՝ հիմնված ժողովրդի գրեթե անվերապահ սիրո և վստահության վրա։