«Հանրակրթական համակարգն ունի կենցաղապաշտ օկուպացիայից ազատագրվելու կարիք»․ Հակոբ Բադալյան

«Հանրակրթական համակարգն ունի կենցաղապաշտ օկուպացիայից ազատագրվելու կարիք»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սարսափն այս նկարագրությունն ունի. «Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին երեխայի մայրը՝ Երևանի բնակիչ 38-ամյա Մ․ Մ-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 12։30-ի սահմաններում դպրոցում երեխան բանավոր տարաձայնություն է ունեցել իր դասընկերուհի՝ Դ․ Դ-ի հետ, և վերջինս ձեռքերով և ոտքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր երեխայի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով վերջինիս փորի և ծնկային հատվածներին առկա են կապտուկներ»:
Նշեմ, խոսքը 11-ամյա աղջիկների մասին է:
Եթե որևէ մեկին թվում է, թե սա մի ինչ որ «մարգինալ», բացառիկ երևույթ է մեր հանրակրթական դպրոցական համակարգում, սխալվում է չարաչար:
15 րոպե շրջեք դպրոցների մերձակա տարածքներում, որպեսզի ամբողջապես պատկերացնեք, թե ինչ «ենթամշակութային» շերտեր են իրենց հաստատուն ու տարածված տեղը գտնում աշակերտական վարքուբարքում, առանց սեռային տարբերակումների:
Այդ «շքերթը» չկանխելու դեպքում, մեզ սպասում է պարզապես աղետ, որքան էլ ես տևական ժամանակ ձեռնպահ եմ մնացել խնդիրները բարձրաձայնելիս խուսափել առանձնապես վախճանաբանական ձևակերպումներից:
Իսկ այդ «շքերթը» կանխելու խնդիրը չի կարող լինել միայն ուսուցիչների ուսերին, որովհետև խնդիրը խորացել է այնքան, որ ուսուցիչները պարզապես անզոր են դրա դեմ: Կանխելու համար պետք է լայն «ճակատ», սկսած պետական քաղաքականությունից՝ ոչ միայն կրթական, այլ նաև մշակութային, մինչև ծնողներ:
Բայց ինքնին մի առանձին «աղետ» է պետական քաղաքականությունը, որի գագաթն այն է, որ հանրակրթական համակարգի մտածողական ուղենիշը իջեցվել է կենցաղային շրիշակի մակարդակին՝ «լավ սովորիր, որ լավ ապրես»: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է՝ դե, իսկ եթե ունես լավ ապրելու այլ տարբերակ, կամ պատկերացում, դե ուրեմն սովորում ես, որ ի՞նչ անես»:
Երբ դպրոցը իջեցնում ես կենցաղային նշաձողերի մակարդակի, ապա անխուսափելի է արդեն կենցաղային «ենթամշակութային» մյուս բոլոր շերտերի օկուպացիոն ներխուժումը դպրոց: Ինչն ըստ էության տեղի է ունենում լայն թափով:
Ըստ այդմ, բոլորովին չափազանցություն չէ այն, որ հանրակրթական համակարգը ունի կենցաղապաշտ օկուպացիայից ազատագրվելու կարիք: Դա է պատճառ, որ հանրակրթական համակարգի «դեօկուպացիան» այլևս չի կարող լինել միայն ուսուցչական խնդիր»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան

Leave a Comment