Հայաստանը չպետք է հարմարվի իրականությանը, այլ լինի իրականություն ստեղծող •

«Հայաստան» դաշինքի կազմակերպած բավական ներկայանալի նախընտրական «շնորհանդեսին» հնչել են մի քանի ելույթներ: Դրանց մի զգալի մասը «պաթետիկայի ժանրից» էր:

Առանձանում է դաշինքի առաջնորդ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի միտքը, որ իրենք դեմ չեն Ադրբեջանի հետ խաղաղությանը, բայց այն «պետք է կառուցված լինի անվտանգության վրա»:

Քոչարյանը մշտապես շեշտել է, որ Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունները «պետք է երաշխավոր ունենան»: Ավելի քան քառորդ դար Հայաստանը հավատացել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները՝ Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, «Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ-բանակցային կարգավորման երաշխավորն են և թույլ չեն տա, որ Ադրբեջանը դիմի ագրեսիայի»:

Իրականության մեջ այդ վստահությունը փլուզվեց 2016թ. ապրիլին, երբ Ադրբեջանը դիմեց ագրեսիայի, և Մինսկի խմբի համանախագահ երկրները Բաքվին չդապարտեցին: Քառասունչորսօրյա պատերազմի մասին խոսել իսկ չարժե:

Հայաստան- Ադրբեջան խաղաղության երաշխավորի հարցը բարդ է: Նախ, որ՞ երկիրն է նման պատասխանատվություն ստանձնելու: Երկրորդ, իսկ ի՞նչ երաշխիք, որ այդ երաշխավորությունը չի հանգեցնելու գերտերությունների կամ տարածաշրջանի ազդեցիկ երկրների միջև սուր մրցակցության: Երրորդ, որ ամենակարևորն է, գործընթացի մեկնարկից ի վեր Ադրբեջանը մի քանի անգամ և ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ երրորդ կողմի միջամտությունը ցանկալի չէ:

Ռոբերտ Քոչարյանը չի կարող թվարկած և այլ «անհարմարությունների» մասին տեղյակ չլինել, բայց շարունակում է իրենը պնդել: Նրա դիրքորոշումը հասկանալու համար, երևի, հարկ է ուշադրության առնել դաշինքի մաս կազմող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «լրացումը», որ նա ձևակերպել է այսպես. «Հայաստանը չպետք է հարմարվի իրականությանը, այլ լինի իրականություն ստեղծող»:

Եթե «փակագծերը բացենք», կստացվի, որ ՀՅԴ-ն Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված պայմանագիրը գնահատում է որպես Հայաստանի կողմից «իրականության հարկադրված ճանաչում», իսկ իրենք գալիս են իշխանության և Ռոբերտ Քոչարյանին ընտրելու են վարչապետ, որպեսզի «Հայաստանը նոր իրականություն ստեղծի»:

Համադրելով Քոչարյանի «անվտանգության վրա կառուցված խաղաղությունը» և Իշխան Սաղաթելյանի «Հայաստանը պետք է իրականություն ստեղծի» ուղենշային շեշտադրումները, արդյունքում ունենում ենք «Հայաստան» դաշինքի նախընտրական գլխավոր նպատակը, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել «ուժեղ երաշխավորի հովանու ներքո»:

Բաքուն և Մոսկվան ռազմավարական դաշնակցային հարաբերությունները ողջ ծավալով վերականգնելու նպատակ են հռչակել:

Leave a Comment