Այժմ, երբ Իրանը ապացուցել է, որ կարող է փակել Հորմուզի նեղուցը, նրա հարևանները բախվել են սկզբունքորեն նոր սպառնալիքի: Եթե այն պահպանվի, վտանգը կլինի երակարաժամկետ:
Ինչպես փոխանցել է իսրայելական ռուսալեզու vesty-ն, նման տեսակետ հայտնել է ԱՄՆ Պրիստոնի համալսարանի մերձավորարևելյան հետազոտությունների կենտրոնի աշխատակից պրոֆեսոր Բեռներ Հեյկելը:
Reters-ի մեկնաբանն իր հերթին արձանագրել է, որ երկշաբաթյա ռազմական գործողությունների արդյունքում «նախաձեռնողականությունը մնում է Իրանի ձեռքերում»:
Հեղինակավոր լրատվամիջոցը պարզել է, որ Պարսից ծոցի արաբական միապետությունները «թեև ցանկանում են, որ Միացյալ Նահանգները ոչնչացնի Իրանի ռազմական հզորությունները, բայց պատերազմին մասնակցելու ոչ մի ցանկություն չունեն»:
Իրականում տարածաշրջանի երկրներից միայն Արաբական միացյալ էմիրություններն է, որ ամերիկյան կողմին ակնհայտ աջակցություն է ցուցաբերում:
Նախօրեին Եվրահանձնաժողովը բացառել է Հորմուզի նեղուց ռազմանավեր ուղարկելու հավանականությունը: «Դա մեր պատերազմը» չէ,- հայտարարել է անվտանգության և արտաքին հարաբերությունների հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Կայա Կալասը:
Նույն օրը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի երկրներին և Չինաստանին կոչ է արել միանալ Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը:
Պեկինը միանշանակորեն բացառել է ռազմական գործողություններին իր մասնակցությունը: Ամենայն հավանականությամբ, նման որոշում կկայացնի նաև ՆԱՏՕ-ն:
Ռուսաստանի ՌԻԱ Նովոստի պետական գործակալության խմբագրականը Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումը գնահատել է «ռազմավարական առումով ձախողված, քանի որ առաջադրված ոչ մի նպատակ այդպես էլ չի իրականացվել»:
Աչքի է զարնում, որ Ռուսաստանի պետական լրատվամիջոցը հատուկ կարևորում է Իրանի դեմ պատերազմին «Թուրքիայի և Ադրբեջանի չմիանալու որոշումը»:
Այս ֆոնին Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Մուստաֆաևը մամուլին հայտնել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը «աշխատում են ամբողջ ծավալով հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ»:
Դեսպանը չի մանրամասնել, թե խոսքը կոնկրետ ո՞ր ոլորտներում և ի՞նչ ծավալի համագործակցության մասին է խոսքը: Պետք է նկատի ունենալ, որ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումից կարճ ժամանակ առաջ Բաքվում է գտնվել ՌԴ Ռազմատիեզերական ուժերի հրամանատարի առաջին տեղեկալ Գրեխովը:
Կողմերն, ամենայն հավանականությամբ, Իրանի շուրջ իրավիճակի հարցով գտնվում են, այսպես ասած՝ մշտական օպերատիվ կապի մեջ: Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մասին չորս տարի առաջ ստորագրված հռչակագիրը մնում է ուժի մեջ:
Ըստ երևույթին, ռուս-ադրբեջանական հարաբերությունների լրիվ ծավալով վերականգնումը ներգրվում է իրավիճակին, որ կարող է դրսևորվել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարելուց հետո: