Ռուբէն Վարդանեան Փորձած Է Դիմել Ազրպէյճանի Մարդու Իրաւունքներու Պաշտպանին, Սակայն Հեռաձայնը Ընդհատուած Է

13 մարտին ընտանիքին հետ հեռաձայնային հաղորդակցութեան ընթացքին Ռուբէն Վարդանեան փորձած է հրապարակային կոչով դիմել Ազրպէյճանի մարդու իրաւունքներու պաշտպան Սապինա Ալիեւային, բայց հեռաձայնի գիծը հարկադրաբար ընդհատուած է: Այս մասին նշուած է Ռուբէն Վարդանեանի ընտանիքին կողմէ հրապարակուած յայտարարութեան մէջ.

«Ռուբէն Վարդանեանը ստիպուած է եղել դիմել այս քայլին, քանի որ նախորդ 10 օրերին մարդու իրաւունքների պաշտպանի հետ փաստաբանի միջոցով, գրաւոր դիմումներով եւ հեռախօսազանգերով կապ հաստատելու փորձերը որեւէ արդիւնք չեն տուել: Դատավարութիւններն աւարտուել են մէկ ամիս առաջ, սակայն ո՛չ Ռուբէնը, ո՛չ էլ, մեր տեղեկութիւններով, միւս հայ բանտարկեալներն իրենց պաշտօնական դատավճիռների բնագիրները որեւէ լեզուով` ռուսերէն, հայերէն կամ ազրպէյճաներէն, դեռ չեն ստացել: Նրանք չգիտեն, թէ ի՛նչ յօդուածներով են դատապարտուել, երբ կամ ո՛ւր են նրանց տեղափոխելու: Մենք խորապէս մտահոգուած ենք ստեղծուած իրավիճակով: Նրա եւ միւս հայ գերիների կացութեան մասին արժանահաւատ տեղեկութիւնների բացակայութիւնը եւ Ազրպէյճանում մարդու իրաւունքների անկախ մեքանիզմների (գործիքակազմերու) վերացումը, այդ թւում` երկրից Կարմիր խաչի միջազգային կոմիտէի հեռացումը, բոլոր գերիներին զրկում են հաստատութենական որեւէ պաշտպանութիւնից: Մենք նաեւ մտավախութիւն ունենք, որ նոյնիսկ կարճ հեռախօսազրոյցները` կապի պահպանուած միակ միջոցը, կարող են դադարեցուել: Մենք հրապարակում ենք Ազրպէյճանի մարդու իրաւունքների պաշտպան Սապինա Ալիեւային ուղղուած Ռուբէնի դիմումի ձայնագրութիւնը, որը նրան թոյլ չեն տուել աւարտել: Յոյսով ենք` այն կը հասնի հասցէատիրոջը:

Ռուբէն Վարդանեանի Հրատապ Դիմումը
Ազրպէյճանի Մարդու Իրաւունքների Պաշտպան
Սաբինա Ալիեւային

(Փոխանցուել է ընտանիքի հետ հեռախօսազրոյցի ընթացքում) 2026 թուականի մարտի 13 «Ես կը ցանկանայի… Ազրպէյճանի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան, տիկին Ալիեւա. ստիպուած եմ դիմել Ձեզ: Չնայած 2023-ի հոկտեմբերին տեսախցիկի առաջ մեր առաջին հանդիպման ժամանակ Դուք մեծահոգաբար տրամադրել էիք ձեր հեռախօսահամարը, վերջին 10 օրուայ ընթացքում ես չեմ կարողացել կապուել Ձեզ հետ, թէեւ փաստաբանի միջոցով, գրաւոր դիմումներով եւ զանգելու փորձերով գործադրել եմ հնարաւոր բոլոր ջանքերը: Հետեւաբար, ստիպուած եմ դիմել Ձեզ հրապարակայնօրէն: Եւ, ցաւօք, ինձ ու իմ գործընկերների հետ այստեղ կատարուողը ձեզ փոխանցելու այլ միջոց չունեմ:

«Ես խնդրում եմ հանդիպում Ձեզ հետ: Դուք հանրային միակ հաստատութեան ղեկավարն էք, որին կարող եմ դիմել այս իրավիճակում, քանի որ ազրպէյճանական միւս բոլոր մարմինները կա՛մ իրականացնում են պետական վերահսկողութիւն, կա՛մ… (Այստեղ Ռուբէն Վարդանեանին ընդհատում են եւ թոյլ չեն տալիս շարունակել Ազրպէյճանի մարդու իրաւունքների պաշտպանին ուղղուած իր խօսքը) Եւ հիմա նրանք նոյնիսկ թոյլ չեն տալիս ինձ դա անել: Ուզում եմ ասել, որ, ցաւօք, նրանք թոյլ չեն տալիս ինձ դիմել Ձեզ, որպէսզի Դուք` միակ մարդը, որը կարող է այս իրավիճակում, այնտեղ… Ես մէկ ամիս է` չեմ կարողանում ստանալ դատավճիռը. ո՛չ ռուսերէն, ո՛չ հայերէն, ո՛չ ազրպէյճաներէն. չգիտեմ` ինչի՛ համար եմ դատապարտուել եւ ո՛ր յօդուածներով: Ես հանդիպում եմ խնդրում, որպէսզի կարողանանք քննարկել այս ամէնը: Որովհետեւ, ցաւօք, Կարմիր խաչը հեռացել է: Այստեղ չկայ որեւէ այլ հաստատութիւն, որը կարող է մեզ հետ կապ պահել: Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնն այստեղ չունի ներկայացուցչութիւն եւ զբաղուած է մատակարարումներով… է (Զանգն ազրպէյճանական կողմից ընդհատւում է` հնարաւորութիւն չտալով Ռուբէն Վարդանեանին աւարտել մարդու իրաւունքների պաշտպանին ուղղուած իր խօսքը)»:

 

Leave a Comment