93 տարեկանում մահացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի տեղապահ Շիոն եպիսկոպոսը հայտարարել է Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլյա II-ի մահվան մասին։

«Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Նորին Սրբություն և Երանություն Իլյա II-ը մահացավ մի քանի րոպե առաջ։ Սա կորուստ է ողջ ուղղափառ աշխարհի համար», – վրացի լրագրողներին ասել է եպիսկոպոս Շիոն։

Կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ը մահացել է հիվանդանոցում 93 տարեկան հասակում, ըստ «Մտավարի արխի» հեռուստաալիքի։

Կառավարության գրեթե բոլոր անդամները՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ, գտնվում էին Թբիլիսիի Կովկասյան բժշկական կենտրոնում, որտեղ Իլյա II-ը տեղափոխվել էր առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին նույնպես հիվանդանոցում էր։ Նրանք բոլորը լքել են հիվանդանոցը առանց մեկնաբանությունների։

Պատրիարք Իլյա II-ը չորեքշաբթի օրը կհուղարկավորվի Թբիլիսիի Սուրբ Երրորդության տաճարում, ըստ պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անդրիա Ջագմաիձեի։

Առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն լրագրողներին ասել է, որ ժամը 21:00-ի սահմաններում պատրիարքի կենսական օրգանները սկսել են չգործել, և նրան փրկել հնարավոր չի եղել։

93-ամյա Վրաստանի պատրիարք Իլյա II-ը հոսպիտալացվել է երեքշաբթի երեկոյան։ Նա գտնվում էր Թբիլիսիի «Կովկաս» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Նա հոսպիտալացվել է ստամոքսային արյունահոսության պատճառով։

Leave a Comment