
ԱՄՆ-ն կոչ է արել Սիրիայի կառավարությանը զորքեր ուղարկել Լիբանանի արևելյան հատված՝ օգնելու համար զինաթափելու լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժմանը, սակայն Սիրիան վախենում է նման գործողությունից՝ տարածաշրջանային ավելի մեծ հակամարտության մեջ ներքաշվելու վտանգի պատճառով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով բազմաթիվ իրազեկ աղբյուրների։
Աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ի և Սիրիայի պաշտոնյաներն այս գաղափարն առաջին անգամ քննարկել են 2025 թվականին։ Այնուհետև, ԱՄՆ պաշտոնյաների կողմից այն կրկին բարձրացվել է՝ փետրվարին Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների մեկնարկից կարճ ժամանակ առաջ։
Նշվում է, որ Դամասկոսի կողմից ընկալվող ռիսկերի թվում են Իրանի հնարավոր հրթիռային հարվածները և շիական փոքրամասնության շրջանում անկարգությունների սպառնալիքը, որը կվտանգի իրավիճակը կայունացնելու ջանքերը։
Սիրիացի պաշտոնյան գործակալությանը հայտնել է, որ Լիբանանի ներսում հնարավոր որևէ գործողության վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չի կայացվել, սակայն «լիբանանյան իշխանությունների և «Հեզբոլլահ»-ի միջև հակամարտության դեպքում միջամտության տարբերակը մնում է բաց»։
Մարտին Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել էր «Հեզբոլլահ»-ի զինաթափման հարցում լիբանանյան իշխանություններին իր աջակցության մասին և հիշեցրել, որ տարածաշրջանում հակամարտության սրման ֆոնին սիրիական բանակը ուժեղացրել է իր ռազմական ներկայությունը Լիբանանի և Իրաքի սահմաններին՝ անվտանգությունն ապահովելու և սահմանային զինված խմբավորումների գործունեությունը կանխելու համար։