«Շատ վատ», «ի՞նչ է արել, որ դատում են», «չգիտեմ». քաղաքացիները՝ Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասին

Դատարանը 7-րդ անգամ երկարաձգել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։

Գործարարին, ում հունիսի 18-ից սկսած 7 ամիս պահում էին ԱԱԾ մեկուսարանում, դեկտեմբերի 30-ին տեղափոխել էին տնային կալանքի՝ արգելելով նրան հանդես գալ տեսաուղերձներով կամ հարցազրույցներով։

Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու ղեկավարության դեմ իրականացվող իշխանության քայլերը քննադատելուց հետո. նրա խոսքերը որակվել էին որպես իշխանությունը զավթելու կոչեր, ինչին հաջորդել էր նաև տնտեսական բնույթի մեղադրանքների առաջադրումը:

Կարապետյանը կալանավորվելուց հետո քաղաքական հայտ էր ներկայացրել և հանդես եկել ուղերձներով, որոնք հրապարակում էր նրա փաստաբանական թիմը: Այդ ուղերձներում գործարարը ներկայացրել էր Հայաստանի զարգացման իր տեսլականը և հայտարարել, որ պայքարելու է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռացնելու համար:

Ավելի ուշ նա հայտարարել էր «Մեր ձևով» շարժման ստեղծման մասին, որը հիմք է դարձել «Ուժեղ Հայաստան» կուսակցություն ձևավորվման: Կուսակցությունը Կարապետյանին ընտրել է նախագահ և առաջադրել որպես վարչապետի թեկնածու Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

Armenia Today-ը հարցում է իրականացրել Երևանում՝ պարզելու քաղաքացիների վերաբերմունքը Կարապետյանի տնային կալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ։

Հարցվածների մեծամասնությունը նշել է, որ բացասաբար է վերաբերվում Կարապետյանի կալանքին՝ տեղի ունեցածը կապելով քաղաքական ենթատեքստի և հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին նրա մասնակցությունը կանխելու փորձի հետ:

«Արհեստական խոչընդոտներ են ստեղծում ընտրությունների նախաշեմին»,- ասել է քաղաքացին։

Որոշ քաղաքացիներ անհասկանալի են համարել կալանքի պատճառները։

«Կարո՞ղ եք ինձ բացատրել՝ ի՞նչ է նա արել, որ որոշել են բանտարկել»,- նշել է հարցվածներից մեկը: Մեկ այլ քաղաքացի հավելել է, որ չի հասկանում՝ «արդյոք նա որևէ հանցագործություն կատարել է»։

Մի քանի հարցվածներ հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը՝ նշելով, որ այն համարում են քաղաքական գործընթացների մաս:
«Չգիտեմ, դա իրենց գործն է, ոնց համարում են ճիշտ այդպես էլ կանեն, բայց ես ուզում եմ՝ բոլոր լավ մարդիկ ազատ արձակվեն»։

Այլ հարցվածներ նշել են, որ կալանքին վերաբերվում են չեզոք կամ դրական, սակայն միևնույն ժամանակ չեն կարողացել հստակեցնել, թե կոնկրետ ինչում է մեղադրվում Կարապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment