Կենտրոնական բանկի խորհուրդը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այս պահին 6,5 % է։ 2025-ի չորրորդ եռամսյակում տնտեսական աճը Հայաստանում զգալիորեն արագացել է. բարձր տնտեսական աճին դարձյալ նպաստել են շինարարության, ծառայությունների և մշակող արդյունաբերության ոլորտները: Առողջապահության ապահովագրության համակարգի ներդրումը կարող է գնաճի ռիսկեր առաջացնել, բայց ոչ շատ՝ արձանագրել են գլխավոր դրամատանը։ ԿԲ–ում քննարկում են նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։
Ի՞նչ ազդեցություն կունենա տարածաշրջանում աճող լարվածությունը Հայաստանի տնտեսության, հատկապես դրա ֆինանսական հատվածի վրա։ ԿԲ կանխատեսումներով՝ գնաճի վրա ազդեցությունը կտատանվի 1,2–1,7 %–ի շրջանակում։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասում է, որ այդ ցուցանիշը ներառում է նավթի ու ներմուծման այլընտրանքային ուղիներով փոխադրումների գնի աճի բաղադրիչը, Իրանից ներմուծվող ապրանքների որոշակի փոխարինումը։
«Անդրառնալով, թե ինչ ազդեցություն կունենան վերջին իրադարձությունները Հայաստանի տնտեսության վրա, ապա այստեղ մի քանի ուղի կա, որոնք մենք քննարկել ենք։ Ուղիներից և թերևս կարևորներից մեկը կոնֆլիկտի ազդեցությունն է համաշխարհային տնտեսության և, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում տնտեսական աճի և ընդհանուր տնտեսական միտումների վրա։ Մեր գնահատմամբ՝ հակամարտությունը, որը կա Միջին Արևելքում, այս պահի դրությամբ ավելացնում է տնտեսության դանդաղման ռիսկերը, մյուս կողմից՝ իր մեջ ունի որոշակի ներուժային պոտենցիալ՝ գնաճի ավելացման տեսանկյունից, ինչը բավական անցանկալի երևույթ էլինելու մեզ համար»։
Եթե համաշխարհային տնտեսությունն անկում ապրի, կանդրադառնա նաև Հայաստանի տնտեսության վրա։ Ազդեցություն կարող է լինել նաև այն դեպքում, եթե արտաքին պահանջարկը նվազի․
«Մարդիկ, որոնք տրամադրվել էին, որ այս տարի պետք է այցելեն Հայաստան, տեսնելով, որ Հայաստանի շուրջը ինչ– որ վատ սցենարներով են ծավալվում իրադարձությունները, գուցե զերծ մնան էս տարի Հայաստան այցելելուց»։
Հայկական ընկերությունները Մերձավոր Արևելքի շուկաներում խնդիրներ կունենան, որոնք կսահմանափակեն արտահանումը։ Նավթի գները առաջնային ու երկրորդային ազդեցություն ունեն։ Բացի էներգակիրներից՝ այլ ապրանքներ ևս կթանկանան։ Սրանք արտաքին շուկաների ազդակներն են։ Գնաճի վրա ազդեցությունը պարզ կդառնա, երբ կամփոփվեն մարտ ամսվա տվյալները։
«Գնաճի մեջ կան կոմպոնենտներ, որոնք պայմանավորված են առաջարկի գործոններով։ Այստեղ զգալի գործոններ կան, որոնք հիմնականում առաջարկով են պայմանավորված, օրինակ, չգիտեմ, մսի թանկացումը, որը, ըստ էության, պիտի լինի մեկանգամյա, և, որպես կանոն, այդ թանկացումները հենց մեկանգամյա են լինում, բայց նաև կա որոշակի օրինակ` առողջապահական ծառայությունների թանկացում և այլ կոմպոնենտներ, որոնք իրենց մեջ որոշակի պահանջարկի էլեմենտներ ունեն»։
Իրանի դեմ պատերազմի ամենամեծ ազդեցությունը տնտեսության ֆինանսական հատվածի վրա կարող է լինել։ Ֆոնդային տարբեր բորսաներ պարբերաբար հայտարարում են շուկաները փակելու մասին։Տնտեսագետ Էդգար Աղաբեկյանն ընդգծում է՝ նման իրավիճակներում ֆինանսական շուկաները փակելը բնական է, մեծ տատանումների և անգամ գնային շոկերի պայմաններում դրանք չեն կարող գործել։
«Հիմնական ազդեցությունները կարող են լինել էներգետիկ ռեսուրսների գնաճի, Իրանի հետ արտահանման կամ ներմուծման շղթաների կամ, ընդհանրապես, ապրանքների լոգիստիկ շղթաների խզման կամ դրանց փոփոխությամբ առաջացած գնաճի հետևանքով։ Նաև որոշակիորեն արդեն Իրանի հետ բնակչության, այսինքն՝ Իրանից որոշակի բնակչության՝ Հայաստան գալու կամ դրա հետ կապված որոշակի ռիսկերի առումով»։
Անշարժ գույքի շուկայի ազդակնեըր տարբեր են։ Այստեղ գործարքները որոշ չափով ավելացել են։ Հնարավոր է, որ դա պայմանավորված է Իրանում տեղի ունեցողով՝ ասում է ԿԲ նախագահը, բայց վերջնական գնահատականի համար ժամանակ է պետք։ Իսկ ի՞նչ ազդեցություն կունենա միգրանտների հոսքը տնտեսության վրա։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյան․ «Իրանից ներգաղթի հետ կապված նշեմ, որ դեռ թվերի մեջ չի երևում այն մակարդակը, որը մեզ կարող է բերել այն մտահոգիչ իրավիճակին, որ արտաքին պահանջարկը այնքան բարձր է լինի, որ գնաճը հավելյալ չափով բարձրանա։ Իհարկե, մենք այդ սցենարը քննարկում ենք, ինչպես 2022–ին էր՝ ռուս–ուկրաինական պատերազմի ժամանակ»։
Վերջին տվյալներով՝ դեռ չկա միգրացիոն այն հոսքը, որ էական գնաճ առաջացնի, ասում է ԿԲ նախագահը։