Այսօր առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:20-ի սահմաններում նշված քրեակատարողական հիմնարկի ծառայողները 1-ին հարկի թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերել են կալանավորի կախված դին։
Ըստ Շամշյանի՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բավականին լարված է։ Նաև մի քանի կալանավորներ ու դատապարտյալներ հայտարարել են հացադուլ։
Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյան նշել է. «Մարտի 17-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում հայտնաբերվել է ս.թ. մարտի 13-ին կալանավորված, 1973թ․ ծնված անձը՝ կախված վիճակում»։
Այլ մանրամասներ մեզ չհայտնեցին, և հարցերը, թե ինչն է եղել տղամարդու ենթադրյալ ինքնասպանության պատճառը, ինչու են մյուս կալանավորները հացադուլ հայտարարել, ինչ է արվում նման դեպքերը կանխելու համար, մնացին անպատասխան։
«Արմավիր» ՔԿՀ-ում բավականին լարված իրավիճակ է. դատապարտյալները հացադուլ են անում, ինչը, մեզ հասած լուրերի համաձայն՝ կապված է այսօր ՔԿՀ-ում տեղի ունեցած ենթադրյալ ինքնասպանության դեպքի հետ։
Հիշեցնենք, որ ժամը 11.00-ի սահմաններում կարանտինային խցում հայտնաբերվել է ս.թ. մարտի 13-ին կալանավորված, 1973թ․ ծնված անձը՝ կախված վիճակում։
Մեզ հասած տեղեկությունները Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը մասամբ հաստատեց։ Նա նշեց, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում այս պահի դրությամբ հացադուլի մեջ է գտնվում 3 անձ, որոնք հացադուլ հայտարարել են մարտի 16-ից։
«Նրանցից երկուսի հացադուլը պայմանավորված է իրենց առաջադրված մեղադրանքներով, իսկ մեկինը՝ առողջական խնդիրներով։ Վերոնշյալը որևէ առնչություն չունի արձանագրված մահվան դեպքի հետ»,- նշեց նա։