17 մարտի 2026 – 16:38 AMT
PanARMENIAN.Net – Մերձավոր արևելքում հակամարտության սրման դեպքում ՀՀ-ի վրա այն կարող է ունենալ 1.2-1.7 % գնաճի էֆեկտ, հայտնել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով՝ նման ազդեցությունը կարող է պայմանավորվել մի քանի գործոններով՝ նավթի գների հնարավոր աճով, ներմուծման այլընտրանքային ճանապարհների օգտագործմամբ և Իրանից ներմուծվող պարենային ապրանքների փոխարինմամբ։ Նա նշել է, որ դրանք դեռևս ռիսկեր են, որոնք իրականանալու դեպքում միայն կարող են բերել նշված գնաճին, հայտնում է Panorama.am-ը:
«Մերձավոր Արևելքում հակամարտությունը մեծացնում է ստաֆիլացիոն, տնտեսության դանդաղման ռիսկերը և ներուժային պոտենցիալում՝ գնաճի առումով»,- ասել է ԿԲ նախագահը:
Նա հավելել է, որ համաշխարհային տնտեսական ակտիվության նվազումը անխուսափելիորեն ազդեցություն է ունենալու նաև Հայաստանի վրա։
Անդրադառնալով հակամարտության հնարավոր հոգեբանական ազդեցությանը՝ Գալստյանը նշել է, որ որոշ մարդիկ, որոնք ցանկանում են այցելել Հայաստան, կարող են փոխել իրենց որոշումը՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։
Նրա խոսքով՝ խոչընդոտներ կարող են առաջանալ նաև Հայաստանից արտահանման և ԱՄԷ-ի հաբի միջոցով իրականացվող լոգիստիկ փոխադրումների ոլորտում։
«Իրանի շուրջ զարգացումները, նկարագրում են սիրիական սցենարը, եթե այդպես լինի, ապա այն շատ վատ ազդեցություն կարող է ունենալ մեզ վրա, բայց այս պահին դրա մատերալիզացիան չկա»,- ասել է Գալստյանը:
Նա հավելել է, որ նման ռիսկեր ի հայտ գալու դեպքում համապատասխան միջոցներ կձեռնարկվեն դրանց հնարավոր բացասական հետևանքները մեղմելու համար։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: