«Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստան է այցելել Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) պատվիրակությունը՝ համագործակցության խորացման և Կրթական կլաստերի զարգացման ռազմավարական ուղղությունները քննարկելու նպատակով, տեղեկանում ենք Ակադեմիական քաղաք Հայաստան ֆեյսբուքյան էջից։
Սա UCL պատվիրակության երկրորդ աշխատանքային այցն է Հայաստան, որը հաջորդում է 2025 թվականի նոյեմբերին ստորագրված համագործակցության պայմանագրին։
Հանդիպմանը մասնակցել են UCL պատվիրակության ներկայացուցիչները՝ Քրիս Հազբանդսը, Ռիչարդ Քալվերթը, Լինդա Մեյսոնը, Էնդրյու Ջ. Բրաունը և Հասմիկ Կյուրեղյանը։
Հայկական կողմից հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Ակադեմիական քաղաք» ծրագրի ղեկավար Արմեն Սիմոնյանը, ինչպես նաև Կրթական կլաստերի համակարգող Աննա Սարգսյանը։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Կրթական կլաստերի կառուցվածքին, համալսարանների միավորման հնարավոր մոդելներին և ապագա միավորված համալսարանի կառավարման սկզբունքներին։
Հատուկ ուշադրություն է դարձվել ծրագրի կարևոր նպատակներից մեկին՝ ժամանակակից հմտություններով օժտված բարձրակարգ ուսուցիչների պատրաստմանը, ովքեր կկարողանան արդյունավետ աշխատել Հայաստանի դպրոցներում և նպաստել կրթության որակի բարձրացմանը։
UCL պատվիրակության ներկայացուցիչները կարևորել են համագործակցության շարունակական զարգացումը և միջազգային փորձի կիրառումը։
«UCL պատվիրակության երկրորդ այցը կարևոր քայլ է միջազգային առաջատար համալսարանների հետ համագործակցության խորացման ճանապարհին և նպաստում է «Ակադեմիական քաղաքի» տեսլականի իրականացմանը՝ որպես տարածաշրջանում կրթության, գիտության և նորարարության առաջատար կենտրոն»,- ասված է գրառման մեջ։