Դրական չեզոքություն և պետական մտածողություն․ իրանահայության ուղերձը. «Սփյուռքի ձայնը»

Մերձավոր Արևելքում և մասնավորապես Իրանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական բարդ զարգացումների ու ռազմական բախումների ֆոնին, իրանահայ համայնքը շարունակում է պահպանել կայունությունն ու կամրջող դերը Հայաստանի և Իրանի միջև: «Սփյուռքի ձայնը» հաղորդաշարի եթերում Իրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանն անդրադարձել է համայնքի ներկայիս իրավիճակին, Սփյուռքի առաքելությանը և տարածաշրջանային նոր իրողություններին:

Իրանահայությունը՝ «դրական չեզոքության» դիրքերում

Չնայած Իրանի տարածքում տեղի ունեցող ռազմական գործողություններին, իրանահայ համայնքում խուճապային տրամադրություններ և դեպի Հայաստան զանգվածային արտագաղթ չկա: Ինչպես նշում է խմբագիրը, կյանքը շարունակվում է բնականոն հունով, իսկ հայկական ենթակառուցվածքները չեն տուժել։

«Իրանահայ համայնքը նմանօրինակ բարդ իրավիճակներում մշտապես պահպանում է դրական չեզոքություն։ Համայնքի անունից հայտարարություններ չեն արվում. մենք նախընտրում ենք կանգնել այն դիրքերում, որոնք արտահայտում են երկրի ընդհանուր պետական շահը»,- նշում է Քեշիշյանը:

Պետական շահի առաջնայնությունը Սփյուռքում

Հարցազրույցի առանցքային թեմաներից մեկը Սփյուռքի և հայկական մամուլի դերակատարությունն է: Մովսես Քեշիշյանը մտահոգություն է հայտնում այն երևույթի կապակցությամբ, երբ Սփյուռքում կուսակցական շահերը վեր են դասվում Հայաստանի պետական շահերից։ Նա քննադատում է այն շրջանակներին, որոնք փորձում են ներքաղաքական օրակարգերի պատճառով վնասել հայ-իրանական հարաբերությունները.

«Նմանօրինակ թեզերի շրջանառումն ուղղակի թշնամանք է հայոց պետականության դեմ։ Իրական ինքնագրաքննությունը պետք է բխի բացառապես ազգային գիտակցությունից և պետականամետ մտածողությունից»։

Իրանի արտաքին քաղաքական վերագնահատումները

Խոսելով Թեհրանի մոտեցումների մասին՝ խմբագիրը նկատում է, որ վերջին զարգացումները ստիպել են Իրանին վերանայել իր հայացքները հարևանների նկատմամբ։ Այսօր Իրանում հստակ գիտակցում են Ադրբեջանի և Իսրայելի միջև առկա ռազմավարական կապը, ինչի ֆոնին Հայաստանի՝ որպես հուսալի գործընկերոջ դերը վերարժևորվում է: Քեշիշյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի գործոնին՝ շեշտելով, որ գերտերությունները ճգնաժամային պահերին առաջնորդվում են բացառապես սեփական շահերով։

Ապագայի տեսլականը

Իրանահայ գործիչը հույս է հայտնում, որ տարածաշրջանում կհաստատվի խաղաղություն, իսկ հայ-իրանական կապերը կթևակոխեն առավել գործնական փուլ: Նրա կարծիքով՝ դա կլինի երկու ժողովուրդների բարեկեցության և կայունության գրավականը։

Leave a Comment