Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին ու Հայաստանի կառավարությանն Իրանից իր երկրի քաղաքացիներին անվտանգ տարհանումը ապահովելու համար։ Այս մասին նախարարը գրառում է կատարել X-ի իր էջում, գրառման մեջ նշելով նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։
«Շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Իրանից մինչև հիմա Հնդկաստանի 550 քաղաքացիների անվտանգ տարհանմանն աջակցելու համար։ Բարձր ենք գնահատում նրանք աջակցությունը նման դժվարին ժամանակներում»,- գրել է Ջայշանկարը։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մարտի 11-ին հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի Իրանում փետրվարի 28-ին պատերազմի սկսվելուց ի վեր 46 երկրի քաղաքացիներ են տարհանվել Հայաստանի տարածքով։
Ցանկում ընդգրկված են նաև Վրաստանը, Իրանը, Թուրքիան, Ամերիկյան մայրցամաքի երկրներից՝ ԱՄՆ-ն, Կանադան, Մեքսիկան, Ուրուգվայը, Եվրոպական երկրներից՝ Ավստրիան, Գերմանիան, Իտալիան, Լատվիան, Հունաստանը, Միացյալ Թագավորությունը, Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Պորտուգալիան, Սերբիան, Ուկրաինան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Եվրասիական և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների երկրներից՝ Ավստրալիան, Բելառուսը, Թուրքմենստանը, Հնդկաստան, Ղազախստանը, Ղրղզստանը, Նեպալը, Նոր Զելանդիան, Չինաստանը, Տաջիկստանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը, Ֆիլիպինները, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից՝ Գվինեան, Եգիպտոսը, Եմենը, Զիմբաբվեն, Իրաքը, Լիբանանը, Հարավային Աֆրիկան, Մարոկկոն, Նիգերիան, Սիերա Լեոնեն, Սիրիան։