Սերբիայի Զրենյանին քաղաքում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է առաջին ոսկե մեդալը: 130 կգ քաշային կարգում փայլուն ելույթներ է ունեցել և մայրցամաքի չեմպիոնի կոչմանն արժանացել Արամայիս Հարությունյանը:
Եզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը բավականին լուրջ տիտղոսակիր էր՝ Մ-20 տարիքայինների աշխարհի չեմպիոն և Եվրոպայի եռակի ոսկե մեդալակիր, հունգարացի Լաշլո Դարաբոշը: Չափազանց համառ պայքարում գրանցվել է 1:1 հաշիվը, սակայն լրացուցիչ ցուցանիշի՝ վերջին արդյունավետ գործողության շնորհիվ հաղթանակը շնորհվել է Արամայիս Հարությունյանին: Հատկանշական է, որ սա մեր գերծանր քաշային ըմբիշի կարիերայի առաջին միջազգային մեդալն էր, և այն ոսկե ստացվեց:
Մինչ չեմպիոնականա գոտեմարտը Հարությունյանը պայքարից դուրս էր թողել ավստրիացի Լեոնարդ Յունգերին (5:0), Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Մելեխովին (4:1) և ուկրաինացի Իվան Յանկովսկուն (6:0):