
Ֆորմուլա 1 միջազգային ավտոմոբիլային առաջնությունը հայտարարել է, որ չեղարկվում են ապրիլին Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում նախատեսված երկու մրցարշավները՝ համապատասխանաբար ապրիլի 12-ին և 19-ին կայանալիք Գրան Պրիները։
Առաջնության կազմակերպիչների փոխանցմամբ՝ մրցարշավները չեղարկվել են «Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի» պատճառով։
Ֆորմուլա 1-ը նաև նշել է, որ դիտարկվում են մրցումները այլ վայրերում անցկացնելու տարբերակներ, սակայն այս պահին այլընտրանքային մրցարշավներ կազմակերպելու որոշում չի ընդունվել։
«FIA-ն միշտ առաջնահերթություն է տալիս մեր աշխատակիցների և ավելի լայն համայնքի անդամների անվտանգությանն ու բարեկեցությանը։ Մեր ուշադիր կշռադատված որոշումը հիմնված է հենց այդ համոզմունքի վրա»,- հայտարարել է FIA-ի նախագահ Մոհամմեդ բին Սուլայեմը։
Մերձավոր Արևելքում նախատեսված մրցարշավների չեղարկման հետևանքով Ֆորմուլա 1 առաջնությունում կձևավորվի հինգշաբաթյա ընդմիջում՝ մարտի 27–29-ին կայանալիք Ճապոնիայի Գրան Պրիի և մայիսի 1–3-ը Մայամիում նախատեսված մրցարշավի միջև։