Դոնալդ Թրամփի նախագահության առաջին շրջանում ազգային անվտանգության հարցերով նրա գլխավոր խորհրդական Բոլթոնի գնահատմամբ՝ իրանական «սպառնալիքը երեք բաղադրիչ ունի՝ միջուկային ծրագիր, բալիստիկ հրթիռներ և ահաբեկչության հովանավորում, և իսրայելա-ամերիկյան հարվածներն ուղղված են այդ երեք սպառնալիքի ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ, իսկ դրանք օրինական թիրախներ» են:
Ռազմական առումով Իրանի դեմ պատերազմը նա համարում է «հաջող», քաղաքական տեսակետից՝ «կատարյալ ձախողում»:
Ամերիկացի նախկին բարձրաստիճան պաշտոնյան վերջին բնորոշումը հիմնավորում է նրանով, որ Թրամփը Միացյալ Նահանգների քաղաքացիներին «պատերազմի անխուսափելիությունը չի հիմնավորել, չի խորհրդակցել Կոնգրեսի հետ և շարունակում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մնալ Ուկրաինայի համար վտանգավոր պայմանավորվածությունների մեջ»:
Բոլթոնը միանշանակ պնդում է, որ Թրամփը «չի կարող հայտարարել հաղթանակի մասին, քանի դեռ Հորմուզի նեղուցը փակ է»:
Միջազգային մամուլը գրում է, որ Իրանի դեմ պատերազմի առաջին օրը Միացյալ Նահանգներին արժեցել է հինգ-վեց միլիարդ դոլար: Եվ դա դեռ միայն օգտագործած ռազմամթերքի արժեքն է, այսպես կոչված «օժանդակ ծախսերը» հայտնի չեն:
Պատերազմը շարունակվում է արդեն տասնհինգ օր: Եվ եթե մոտավոր հաշվարկ արվի, ապա կստացվի, որ Թրամփի վարչակազմը կես ամսում այնքան գումար է ծախսել, որքան Բայդենի վարչակազմը երկու ու կես տարում հատկացրել է Ուկրաինային:
Իսկ Թրամփն, ինչպես հայտնի է, Բայդենին սուր քննադատում է «ամերիկյան հարկատուների գումարները շռայլելու» մեջ:
Ռուսաստանին Ուկրաինայի դիմադրությունը գլոբալ առումով եվրոպական, եվրաատլանտյան անվտանգության ապահովման բաղադրիչ է: Ամերիկյան և եվրոպական ֆինասնական ներարկումները Կիևը ծախսել է ոչ միայն որպես ռազմամթերքի, այլև գերարդիական տեխնոլոգիաների ձեռքբերման աղբյուր:
Հաճելի՞ է դա Վաշինգտոնին կամ Մոսկվային, թե՞՝ ոչ, փաստ է, որ Պարսից ծոցի արաբական երկրներն արդեն դիմել են Ուկրաինայի օգնությանը, որպեսզի դիմագրավեն իրանական դրոնների և բալիստիկ հրթիռների հարձակումներին:
Մեծ է հավանականությունը, որ նույն քայլին կդիմի նաև Թուրքիան, որի Ռուսաստանից ձեռք բերած C- 400 զենիթային համակարգերը, պարզվում է, «դանդաղկոտության պատճառով» նույնիսկ չեն ֆիքսել «Իրանից հրթիռարձակումները», օգնության են հասել ՆԱՏՕ-ի՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում տեղաբաշխված ՀՕՊ միջոցները:
Ռուս-ուկրաինական պատերազմը բացահայտել է Ռուսաստանի ռազմավարական «անպիտանիությունը»: Եվ եթե Կրեմլում դա համառորեն չեն ընդունում, չի նշանակում, թե աշխարհը ոչինչ չի տեսնում:
Պուտինի դառը փորձից ելնելով՝ Թրամփը, եթե առաջնորդվեր քաղաքական պրագմատիկ հաշվարկներով, Իրանի դեմ «իր դեմքով» հարձակում չպետք է գործեր: Այսօր աշխարհը արձանագրում է փաստը՝ Իրանի կրոնապետությունը տապալված չէ, Հորմուզի նեղուցը մնում է փակ, Պարսից ծոցի արաբական միապետությունները «թղթե վագր են», Իսրայելը՝ ընդամենը «ամերիկյան պրոքսի»:
Բայց կոնկրետ Հայաստանի համար չափազանց կարևոր է Թուրքիայի «վարքի» դիտարկումը: Էրդողանը «հոգի ի բուռ» ճգնում է ռազմական բախումից խուսափել: Ըստ երևույթին, Ուկրաինայում՝ Ռուսաստանի, Իրանում ԱՄՆ «մերկացումը» նրա համար հստակ ցուցիչ է, որ իրական պատերազմը բացահայտելու է նաև Թուրքիայի գլոբալ «գաճաճությունը», և նա փորձում է թուրքական բանակի, ազգային սպառազինությունների «աննախադեպության» իր իսկ կողմից սնուցված «լեգենդը» փորձություններից զերծ պահել:
Իրանն, ընդհակառակը, ընտրել է «մարտադաշտը կպարզի, թե ով ով» է սկզբունքը և, կարծես, ամեն ինչ անում է, որպեսզի Թրամփը դիմի վերջին միջոցին՝ ցամաքային ուղղակի ագրեսիա սկսի: ԱՄՆ նախագահը կգնա՞ այդ քայլին: Ջոն Բոլթոնը ասում է, թե «ամերիկյան հատուկ նշանակության խմբերն արդեն Իրանի տարածքում» են:
Ամերիկյան և եվրոպական մի քանի լրատվամիջոցներ հայտնել են ամերիկյան ծովային հետևակի «շուրջ երկուսուկես հազարանոց զորախումբը Մերձավոր Արևելք ուղարկելու» մասին: ԱՄՆ նախագահի և Չինաստանի առաջնորդի գագաթաժողովին մնացել է երկու շաբաթ: