NBC News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռ պատրաստ չէ Իրանի հետ նոր գործարք կնքել, քանի որ առաջարկվող պայմանները «բավականաչափ լավը չեն»։
Թրամփի խոսքով՝ Թեհրանը ցանկանում է համաձայնության գալ Վաշինգտոնի հետ, սակայն բանակցությունների համար անհրաժեշտ պայմանները դեռ չեն ձևավորվել։ Նա հրաժարվել է հստակ նշել, թե ինչ պայմաններով կարող է համաձայնել դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները, սակայն ընդգծել է, որ ցանկացած հնարավոր գործարք պետք է ենթադրի, որ Իրանը լիովին հրաժարվի միջուկային ծրագրից։
Նույն հարցազրույցում ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ մի շարք երկրներ պատրաստակամություն են հայտնել աջակցել Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովմանը, սակայն չի մանրամասնել, թե որ պետությունների մասին է խոսքը։ Ավելի վաղ նա նշել էր, որ այդ առաքելությանը կարող են մասնակցել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Ճապոնիան և Հարավային Կորեան՝ իրենց ռազմանավերն ուղարկելով տարածաշրջան։
Թրամփը նաև պնդել է, որ ԱՄՆ-ն «ամբողջությամբ ոչնչացրել է» Իրանի Խարգ կղզին, որտեղ գտնվում է երկրի խոշորագույն նավթային տերմինալը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնը կարող է կրկին հարվածներ հասցնել այդ օբյեկտին։
ԱՄՆ նախագահը փորձել է հանգստացնել միջազգային շուկաներին՝ նշելով, որ նավթի բարձր գները չպետք է լուրջ անհանգստություն առաջացնեն։ «Աշխարհում այնքան շատ նավթ և գազ կա, պարզապես այժմ որոշ խոչընդոտներ կան, որոնք շատ շուտով կվերացվեն»,-ասել է նա։