«Մենք մեզ պարտված չենք համարի, ինչ էլ լինի» բանաձեւը փաստորեն դրվել է հենց սկզբից. Հակոբ Բադալյան

«Այ «տուֆտա», պարտություն չէ, հրադադար, 17 անգամ պարտություն բառն օգտագործեցիր», գրում է մեկը Օրվա թեմայի երեկվա թողարկման մեկնաբանությունների բաժնում: Թողարկման հղումը կդնեմ այս գրառման ներքո:

«Տուֆտան» դնենք մի կողմ, սա իմ մասնագիտականից դուրս է, որովհետեւ այլոց հետ անհամաձայնություն արտահայտելու այդօրինակ նկարագիրը կարծում եմ բժշկական գիտությունների ուսումնասիրության առարկա է:

Ի՞նչ է նշանակում հրադադար, այլ ոչ թե պարտություն: Նշանակում է ինքնախաբեություն: Ինքնախաբեություն, որը ներկայիս կառավարող համակարգի «քաղաքական հավատամքն» է: Իհարկե ներկայիս կառավարող համակարգը չի ասում հրադադար, ասում է՝ խաղաղություն: Բայց դա արդեն «ոճի» հարց է, որովհետեւ հիմքային բովանդակությունը ըստ էության նույնն է:

Նույնն է այն իմաստով, որ երկու պարագայում էլ կա իրողության մերժում: Մի դեպքում կա Արցախի մերժում, մյուսում՝ հակառակը: Բայց, կրկնեմ, սա արդեն էական չէ, երբ կտրվում ես հիմքից: Իսկ հիմքը, որքան էլ ծանր, որքան էլ դաժան՝ պարտության փաստն է: Եվ, եթե մենք ի վիճակի չլինենք առերեսվել այդ փաստի հետ, մենք երբեք չեն կարող դուրս գալ հաղթանակի իրական ճանապարհ: Ի՞նչ կապ ունի՝ պարտության ռեժիմը հրադադա՞րն է, թե՞ կապիտուլյացիայի ակտը:

Կապիտուլյացիան անգամ հավերժ չէ: Բայց այն հավերժ դառնում է ոչ թե որեւէ փաստաթղթով, այլ իրականության հետ առերեսվելու անկարողությամբ: Երբ դու հրաժարվում ես ընդունել, որ կրել ես պարտություն, դու հավերժացնում ես պարտությունը որպես իրականություն, քանի որ քեզ կտրում ես իրականությունից: Հիշեք «մոգական» խոսքը սեպտեմբերի 27-ին՝ «մենք մեզ պարտված չենք համարի, ինչ էլ լինի»: Բանաձեւը փաստորեն դրվել է հենց սկզբից:

Մինչդեռ, երբ դու պարտվել ես, բայց հրաժարվում ես ինքդ քո համա, ինքդ քո առաջ ընդունել այդ հանգամանքը, հետեւաբար վերլուծել, ախտորոշել քո պարտությունը, ըստ այդմ գալ ամենաարդյյունավետ բուժման եզրակկացության, դու երբեք չես կարող վերադառնալ հաղթանակի: Սա է հարցը: Եվ այստեղ է, որ ուզում են կտրել հայ հանրությանը իրականությունից, պաշտոնապես խաղաղասիրական, իսկ ոչ պաշտոնապես երբեմն պաթետիկ հերոսական հռետորաբանությամբ:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

Leave a Comment