«Պետական գաղտնիքի մասին» ՀՀ գործող օրենքը ընդունել է 2023 թվականի մարտի 1֊ին։
Օրենքի համաձայն պետական գաղտնիք (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ) է համարվում Հայաստանի Հանրապետության ռազմական կամ արտաքին հարաբերությունների կամ տնտեսության, գիտության և տեխնիկայի կամ հետախուզական, արտաքին հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկությունները, արտադրանքը կամ նյութերը, որոնք, սույն օրենքի համաձայն, պահպանվում և պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին։
- սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն` Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց, պաշտոնատար անձանց գործունեությանն առնչվող, սույն օրենքի համաձայն, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների շարքին չդասվող տեղեկություններն են, արտադրանքը կամ նյութերը, որոնք պարունակում են պետական գաղտնիքի տարրեր, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը, և որոնց տարածումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, ազգային անվտանգությանը, արտաքին հարաբերություններին, քաղաքական և տնտեսական շահերին, իրավակարգի պահպանությանը,
- պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների կրիչներ (այդ թվում՝ էլեկտրոնային)` (այսուհետ նաև` տեղեկակիրներ) նյութական օբյեկտներն են (այդ թվում՝ ֆիզիկական դաշտերը), որոնցում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները (այսուհետ նաև՝ գաղտնի տեղեկություններ) արտահայտվում են պատկերների, պայմանանշանների, ազդանշանների, տեխնիկական լուծումների, գործընթացի կամ այլ ձևերով
1. Ելնելով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների կարևորությունից, բնույթից, դրանց տարածման դեպքում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին պատճառված կամ սպառնացող վնասի չափից՝ սահմանվում են գաղտնիության երեք աստիճաններ`
- «Հատուկ կարևորության»
- «Հույժ գաղտնի»
- «Գաղտնի»
2. Գաղտնիության «Հատուկ կարևորության» աստիճանին համապատասխանում են Հայաստանի Հանրապետության ռազմական կամ արտաքին հարաբերությունների կամ տնտեսության, գիտության և տեխնիկայի կամ հետախուզական, արտաքին հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկությունները, որոնց տարածումը կարող է առանձնապես ծանր վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին:
3. Գաղտնիության «Հույժ գաղտնի» աստիճանին համապատասխանում են այն տեղեկությունները, որոնց տարածումը կարող է ծանր վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին:
4. Գաղտնիության «Գաղտնի» աստիճանին համապատասխանում են այն տեղեկությունները, որոնց տարածումը կարող է էական վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին:
5. Գաղտնիության աստիճաններին համապատասխան` պետական գաղտնիքի տեղեկակիրներին տրվում են «Հատուկ կարևորության», «Հույժ գաղտնի» և «Գաղտնի» դրոշմագրեր:
Պետական գաղտնիքի շարքին դասման ենթակա տեղեկությունները
Պետական գաղտնիքի շարքին դասվում են հետևյալ տեղեկությունները.
1) ռազմական բնագավառում`
- ա. զինված ուժերի և այլ զորքերի ռազմավարական, օպերատիվ և մարտավարական բնույթի պլանների և ծրագրերի, ըստ ռազմական գործողությունների ձևերի զորքերի, ներառյալ աշխարհազորի և տարածքային պաշտպանության, Հայաստանի Հանրապետության տարածքի օպերատիվ սարքավորման (կահավորման), գործողությունների նախապատրաստման և վարման, զորքերի ծավալման (այդ թվում` զորահավաքային), նրանց մարտունակության, մարտական հերթապահության կրման ձևերի ու եղանակների, ղեկավարման համակարգի փոխդասավորության, գործունեության հաջորդականության, համակարգի հասանելիության, ամբողջականության, համակողմանի ապահովման վերաբերյալ տեղեկությունը և գաղտնիության դեմ ուղղված սպառնալիքները չեզոքացնելու միջոցառումները,
- բ. ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց անվանումների, բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց մարտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների մասին,
- գ. հատուկ պահպանվող և մուտքի ու ելքի հատուկ կարգ ունեցող օբյեկտների տեղաբաշխման, նշանակության, պաշտպանվածության ու պատրաստականության աստիճանի, դրանց նախագծման և շինարարության, ինչպես նաև այդ օբյեկտների համար տարածքներ հատկացնելու մասին,
- դ. Հայաստանի Հանրապետության տարածքում դաշնակից պետությունների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, պաշտպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կազմակերպչական կառուցվածքի, զինվածության և թվաքանակի մասին,
- ե. ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության աստիճանի մասին,
- զ. զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկությունը, որի ցանկը հաստատում է Կառավարությունը.
2) արտաքին հարաբերությունների բնագավառում`
- ա. Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական, արտաքին տնտեսական (առևտրային, վարկային և արժութային) գործունեության մասին, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին,
- բ. ռազմական, գիտատեխնիկական և այլ բնույթի համագործակցության մասին տեղեկություններ, որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին.
3) տնտեսության, գիտության և տեխնիկայի բնագավառում`
- ա. Հայաստանի Հանրապետությունը հնարավոր զինված հարձակումներից պաշտպանելու վերաբերյալ նախապատրաստական ծրագրերի բովանդակության, ռազմամթերքի և ռազմական տեխնիկայի արտադրության, նորոգման գծով արդյունաբերական մոբիլիզացիոն կարողությունների, ռազմական հումքի ու նյութերի պահեստավորման և մատակարարումների ծավալի, նյութական՝ պետական, զորահավաքային և ռազմավարական պահուստների կառուցվածքի, փաստացի չափի և դրանց տեղաբաշխման մասին,
- բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման նպատակով ենթակառուցվածքների օգտագործման մասին,
- գ. պետական պաշտպանական պատվերների ծավալների, ծրագրերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության, նորոգման, մատակարարումների, դրանց արտադրական կարողությունների առկայության և զարգացման մասին, այդ նպատակով կազմակերպությունների միջև ստեղծված փոխհամագործակցության կապերի, նշված սպառազինությունները և ռազմական տեխնիկա արտադրողների կամ տեխնիկական և գիտական մշակումներ կատարողների մասին,
- դ. պաշտպանական կամ տնտեսական կարևոր նշանակություն ունեցող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մասին,
- ե. քաղաքացիական պաշտպանության ուժերի ու միջոցների, վարչական շենքերի պաշտպանվածության ու բնակչության անվտանգության ապահովվածության աստիճանի մասին,
- զ. քաղաքացիական պաշտպանության պլանների մասին,
- է. Հայաստանի Հանրապետության պետական, զորահավաքային, ռազմավարական պաշարների պահուստի, դրա ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից) մասին,
- ը. տնտեսության զորահավաքային ծրագրերի և պլանների մասին.
4) հետախուզական, արտաքին հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառում`
- ա. հետախուզական, արտաքին հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության ուժերի, միջոցների, աղբյուրների, մեթոդների, պլանների և արդյունքների, ինչպես նաև այդ գործունեության ֆինանսավորման մասին տվյալները, եթե դրանք բացահայտում են թվարկված տեղեկությունները,
- բ. հետախուզական, արտաքին հետախուզական, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց մասին,
- գ. հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց պաշտպանության ուժերի, միջոցների, աղբյուրների, մեթոդների, պլանների և արդյունքների, ինչպես նաև այդ գործունեության ֆինանսավորման մասին տվյալները, եթե դրանք բացահայտում են թվարկված տեղեկությունները,
- դ. կառավարական և այլ տեսակի հատուկ կապի համակարգի, ծածկագրերի մշակման, դրանց պատրաստման և ապահովման, ծածկագրային և հատուկ պաշտպանության միջոցների վերլուծության մեթոդների, հատուկ նշանակության տեղեկատվական վերլուծական համակարգերի, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի հարձակումներից պաշտպանվածության մասին,
- ե. պետական գաղտնիքի պահպանման և պաշտպանության կազմակերպման և դրա փաստացի վիճակի մասին,
- զ. ահաբեկչության հակազդման և որոշակի անձանց նկատմամբ պետական պաշտպանության միջոցներ կիրառելու մեթոդների, եղանակների մասին,
- է. ահաբեկչության հետ հնարավոր առնչություն ունեցող անձանց և կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական մոնիտորինգի արդյունքների մասին,
- ը. պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության մեթոդների ու միջոցների մասին,
- թ. պետական պահպանության ենթակա կառույցների անվտանգության ապահովման ուժերի, միջոցների, մեթոդների, ինչպես նաև դրանց գործունեության ֆինանսավորման մասին տվյալները, եթե դրանք կարող են բացահայտել թվարկված տեղեկությունները,
- ժ. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության և պաշտպանության մասին,
- ժա. կադրերի պատրաստման մասին տվյալները, եթե դրանք կարող են բացահայտել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները:
Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները, գաղտնագրման պահից (տեղեկությունները գաղտնագրելուց) սկսած, որպես գաղտնիք պահպանվում են՝
- գաղտնիության «Հատուկ կարևորության» աստիճան ունեցող տեղեկությունները՝ 40 տարի,
- Գաղտնիության «Հույժ գաղտնի» աստիճան ունեցող տեղեկությունները՝ 30 տարի,
- գաղտնիության «Գաղտնի» աստիճան ունեցող տեղեկությունները՝ 20 տարի։
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու երաշխավորված իրավունք ունեն Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։ Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը երաշխավորվում է համապատասխան պաշտոնում նրանց ընտրվելուց կամ նշանակվելուց անմիջապես հետո, և պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն չի ձևակերպվում:
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն կարող են ունենալ`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` աշխատանքային կամ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված կամ գիտական աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ,
2) օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք` աշխատանքային կամ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված կամ գիտական աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ` Կառավարության սահմանած կարգով: