«Բաց տվյալներ Հայաստան» կազմակերպությունն առաջին անգամ անդրադարձել է մարզերում կրթության, սոցիալական պաշտպանվածության, հանցավորության դեմ պայքարի վիճակին՝ օգտագործելով միայն վիճակագրական տվյալներ։ Խոսքը 2024- 2025 թթ․ Վիճակագրական կոմիտեի, Կենտրոնական բանկի ու այլ բաց հարթակների ներկայացրած տվյալների մասին է։ Կազմակերպությունը պատասխանել է հարցերին՝ որոնք են ամենաաղքատ ու հարուստ մարզերը, որտեղ են ավելի շատ տարածված հանցագործությունները, որ մարզի երեխաներն են ավելի շատ օգտվում գրադարաններից և այլն։
Նախադպրոցական հաստատություններում երեխաներն ավելի շատ ընդգրկված են Երևանում և Սյունիքի մարզում, Արագածոտնը առաջատար է քաղաքներում մանկապարտեզների առկայությամբ և բարձր հաճախելիությամբ։ Ուսուցիչներն ավելի բարձր աշխատավարձ են ստանում Կոտայքի և Սյունիքի մարզերում, Երևանում յուրաքանչյուր դպրոցին բաժին է ընկնում միջինը 51 ուսուցիչ, մարզերում՝ ավելի քիչ։ Այս տվյալները բաց աղբյուրներից հավաքել, համադրել և ամբողջական ուսումնասիրություն է դարձրել «Բաց տվյալներ Հայաստան» կազմակերպությունը։ Համակարգող, տվյալների լրագրող Գարիկ Հարությունյանի խոսքով՝ ուշադրություն են դարձրել ոչ միայն ընդհանուր վիճակագրական, այլև ոլորտային տվյալներին։ Օրինակ՝ թե որ մարզում են դպրոցականներն ավելի շատ օգտվում գրադարաններից կամ հետաքրքրվում արվեստով։
«Գրադարաններից, օրինակ, հետաքրքիր է, որ Երևանում քիչ են օգտվում, Սյունիքում շատ շատ են օգտվում․ պատճառը չգիտենք, մեզ հասկանալի չէ։ Ընդ որում՝ մենք կարող էինք վերցնել գրադարաններում գրանցվածների թիվը, որը մեզ բացարձակապես ոչինչ չէր տա, կարծում եմ, կհամաձայնեք, որովհետև կարելի է գրանցվել և չօգտվել առհասարակ, բայց այստեղ արդեն հաճախումների քանակն է, որը հնարավոր է հաշվել ու եզրակացություններ անել»։
Երևանի և Սյունիքի բնակիչներն ամենաքիչն ունեն նպաստների կարիք, Շիրակի մարզի բնակիչները՝ ամենաշատը։ Այդ մարզում, մյուսների համեմատ, շուրջ 5 %-ով ավելի շատ են նպաստառուները։
«Ծայրահեղ աղքատությունը, որ մուգ կանաչ գույնով նշված է, այս մարզերում, օրինակ, ընդհանրապես ծայրահեղ աղքատություն չկա, բայց Շիրակում է ավելի շատ կենտրոնացած է խնդիրը, և ընդհանրապես, եթե Շիրակի մասին խոսենք, այնտեղ սոցիալական խնդիրները ավելի արտահայտված են»։
100 հզր բնակչի հաշվով հանցագործություններն ավելի շատ են Երևանում, խուլիգանության դեպքերը՝ Լոռիում, սպանություններն ու ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահվան դեպքերը՝ Սյունիքի մարզում։ Հանցավորությունն ամենաքիչը տարածված է Գեղարքունիքի մարզում՝ մանրամասնում է Գարիկ Հարությունյանը․
«Թմրամիջոցների առումով շատ կարծրատիպային է ստացվել քարտեզը։ Մենք մտածում ենք, որ դա հորինված կարծրատիպ է, բայց պարզվեց, որ իրոք Արմավիրում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները շատ են, տասն անգամ ավելի շատ, քան Գեղարքունիքում, որտեղ ամենաքիչն է։ Էլի չենք ուզում ստիգմատիզացնել, չենք ուզում կարծրատիպերը էլի մեխել և այլն, բայց թվերի հետ դժվար է վիճել, այս տվյալները պետք է օգտագործվեն էդ հարցերը լուծելու համար»։
Գործազրկության ամենաբարձր ցուցանիշը Տավուշի մարզում է, զբաղվածության խնդիրն ամենաշատն ունի Շիրակի մարզը։ Սրան հակառակ՝ Սյունիքում ոչ միայն չկա աշխատանքի խնդիր, այլև այդ մարզում համեմատաբար ավելի բարձր են աշխատավարձերը, ինչը մասնագետները կապում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային գորածարանի աշխատանքի հետ։ Հետաքրքիր են ֆինանսական, մասնավորապես վարկերի մասին տվյալները՝ նկատում է Գարիկ Հարությունյանը․
«Օրինակ՝ Վայոց ձորում ավելի ցածր տոկոսադրույքով են վարկեր ստանում, իսկ Տավուշում ՝ավելի բարձր։ Սա, ի դեպ, կարող է շատ տարբեր պատճառներ ունենալ՝ սկսած սուբսիդավորումից, վերջացրած նրանով, որ, օրինակ, մարզերից մեկում, ենթադրենք, շատ մարդիկ կան, որոնք սև ցուցակներում են»։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համայնքային տեղեկատվության հոսքերի կառավարման բաժնի պետ Գարեգին Մանուկյանն ասում է՝ պետական կառավարման համակարգում տվյալների ճշգրտության կամ ճիշտ համադրման խնդիր կա։
«Հարցին, թե կարող ենք եզրակացություններ անել մարզերի բարեկեցության վերաբերյալ՝ հիմնվելով այս տվյալների վրա, կարծում եմ՝ այո՛, կարող ենք անել, բայց ավելի ճշգրիտ, ավելի որակյալ որոշումների համար կառավարման ոլորտում, ես կարծում եմ, մենք դեռ անելիք ունենք տվյալների ճշգրտման, դրանց արդիականությունը ապահովելու, դրանց հավաստիությունն ապահովելու հարցում»։
Մանուկյանն ընդգծում է՝ օրենքով ամրագրված է, որ տեղական ինքնակառավարման բոլոր մարմինները պետք է ունենան համացանցային կայքեր և այնտեղ ներկայացնեն համայնքապետարանի մասին վիճակագրական տվյալները։
«Այսօրվա դրությամբ դուք կարող եք տեսնել համայնքային կայքեր, որոնցում տեղադրվում է թիմի գործունեության մասին շատ մեծ ծավալի տեղեկություններ, գրեթե ամբողջ գործունեությունը։ Նաև բյուջե, ծախսեր, եկամուտներ, համայնքային գույք, համայնքապետարանի կառուցվածք, կոնտակտային տվյալներ։ Այսինքն՝ էս առումով ևս աշխատանք կատարված է, և չասեմ, թե ունենք փայլուն վիճակ, բայց կարող ենք հետևյալ արձանագրումը անել․ այն տեղեկություն է տալիս համայնքապետարանի ընդհանուր գործունեության մասին, իր ընտրած մարմինների գործունեության մասին»։
Նախարարությունն առաջիկայում էլեկտրոնային միասնական հարթակ կստեղծի՝ մեկտեղելով բոլոր մարզերի մասին տվյալները։ Միաժամանակ կշարունակի գործակցել մասնավոր ոլորտի կազմակերպությունների հետ՝ հնարավորինս ճշգրիտ վիճակագրական պատկեր ունենալու և այն պարբերաբար թարմացնելու համար։