Մերձավոր Արևելքի պատերազմի 14-րդ օրը – Armenia Today

Իրանում պատերազմի 14-րդ օրն է։ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը շարունակում են ավիահարվածները Թեհրանին և Իրանի մյուս հատվածներին, Իրանը պատասխանում է: Իսլակաման Հանրապետությունում զոհերի թիվը, պաշտոնական տվյալներով, մոտենում է 1500-ի: Հարյուրավոր զոհեր կան նաև Լիբանանում, որին նույնպես հարվածում է Իսրայելը:

Չնայած երկրում իշխող ռեժիմը փոխելու ԱՄՆ-ի և Իսրայելի մտադրությունների մասին հայտարարություններին և պատերազմի հենց առաջին օրը Գերագույն առաջնորդ Ալի Խամենեեի սպանությանը, Իրանն արդեն ընտրել է նրան փոխարինողին՝ Մոջթաբա Խամենեիին։ Նա սպանված առաջնորդի որդին է:

Իրանն այսպիսով փորձում է ցույց տալ, որ նույնիսկ ԱՄՆ-ն ի վիճակի չէ ազդել Իսլամական Հանրապետության առաջնորդի ընտրության վրա, ասում է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Պատերազմական պայմաններում ընտրությունն ունի ոչ միայն հոգևոր, այլև հստակ ռազմաքաղաքական պատճառաբանություն»,- նշել է փորձագետը:

Իրանի պատասխան հարվածները թիրախավորում են ոչ միայն Իսրայելը, այլև Մերձավոր Արևելքի երկրները, որտեղ ամերիկյան ռազմաբազաներ են տեղակայված՝ այնտեղ թողնելով մեծաթիվ, այդ թվում՝ հայ զբոսաշրջիկների: Դուբայ, Աբու Դաբի, Դոհա, Շարժա և հակառակ ուղղությամբ մի շարք չվերթեր այս օրերին չեղարկվել են, որոշ քաղաքացիներ այս կետերով տարանցմամբ այլ երկրներ պետք է մեկնեին կամ վերադառնային Հայաստան: 

Կառավարությունն ապահովել է ԱՄԷ-ից Օման անվճար ուղևորափոխադրումը ցամաքային ճանապարհով, իսկ Օմանի մայրաքաղաք Մասկատից դեպի Երևան իրականացվող թռիչքներով վերադարձած քազաքացիներն ստիպված էին հազար եվրոյից ավելի արժողությամբ տոմսեր գնել, ինչը դժգոհություն էր առաջացրել: Բողոքների ու քննադատությունների ֆոնին՝ ՀՀ ԱԳՆ-ն մարտի 7-ին հայտնել էր, որ կառավարությունը կտրամադրի մինչև 250 000 դրամ փոխհատուցում Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով վերադարձի նոր տոմսեր ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին։ 

Հարևան երկրում ընթացող իրադարձությունների մասին Հայաստանի քաղաքացիներն իրենց անհանգստությունն են հայտնում։ Քաղաքացիները Երևանում Իրանի դեսպանատան դիմաց պատերազմի սկզբից ի վեր ծաղիկներ են խոնարհում՝ ի հիշատակ զոհերի: Հայ հասարակությունը հատկապես քննադատում է Իրանի Մինաբ քաղաքում աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակումը, որի հետևանքով զոհերի թիվն անցնում է 160-ը, մեծամասնությունը՝ դպրոցի աշակերտներ։

ՀՀ իշխանություններն ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել են Իրանի ղեկավարությանը Գերագույն առաջնորդի և մյուս զոհերի մահվան կապակցությամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև շնորհավորել է նորընտիր առաջնորդին: Դեսպանատուն են այցելել նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ 

Պատերազմի պայմաններում հայ-իրանական սահմանը բաց է մնում, միայն առաջին օրն էր փակվել կարճ ժամանակով։ Այն դարձել է բազում իրանցիների ու երկրում գտնվող արտերկրացիների փրկության ուղի։ Հիմնականում գալիս են Թեհրանից, Սպահանից, Թավրիզից և այլ քաղաքներից։ Կան նաև այլ երկրների քաղաքացիներ՝ չինացիներ, հնդիկներ, ռուսներ և աֆրիկյան երկրներից մարդիկ, որոնք Իրանում գտնվել են աշխատանքի կամ զբոսաշրջության նպատակով։

Անցակետով հիմնականում բեռնատարներ են անցնում՝ և՛ Իրանից Հայաստան, և՛ հակառակ ուղղությամբ։ Մարդատար մեքենաների հոսքն ավելի քիչ է։ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունից մարտի 5-ին Armenia Today-ին հայտնել էին, որ անցակետում քաղաքացիների հոսքը բնականոն է։

Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հիմնադրամի հիմնադիր, իրանագետ Փույա Հոսեինին կարծում է՝ պատերազմի 14 օրերը ցույց են տվել, որ Իրանից արտագաղթը զանգվածային չէ, հետևաբար՝ մեծ հոսքեր չեն սպասվում։

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին վստահեցնում է՝ չնայած ունեցած կորուստներին՝ Իրանում վակուում չի ձևավորվել։

Պատերազմն ընդլայնվում է, և այս օրերին լարվել են նաև Իրան-Ադրբեջան հարաբերությունները, Բաքուն Թեհրանին մեղադրել է Նախիջևանին հարվածելու մեջ, Իրանից, սակայն, հերքել են իրենց առնչությունը միջադեպին։

Իրանագետ Հոսեինին կարծում է, որ Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ, չի ներգրավվի պատերազմի մեջ։ 

Իրանում պատերազմը մեծ վնասներ է հասցնում ենթակառուցվածքներին, բնակելի շենքերին, տնտեսությանը, որը կարող է առաջացնել սոցիալական և հումանիտար  խնդիրներ։ Հոսեինին չի բացառում, որ պատերազմը կարող է շաբաթներ տևել, ինչն, անխոս, կունենա իր հետևանքները տարածաշրջանի ու, մասնավորապես, Հայաստանի վրա։ Ըստ նրա՝  հետևանքները նախ և առաջ կլինեն տնտեսական։

Պատերազմի տնտեսական գինը տարածաշրջանի համար դեռ նոր է սկսում հաշվարկվել։ Թեհրանը փորձում է պահպանել կայունությունը ռազմական ճնշման ներքո։

Սահմանի անխափան աշխատանքն այսօր առաջնահերթություն է, սակայն պատերազմի շաբաթները կարող են փոխել տարածաշրջանի ամբողջ տնտեսական քարտեզը: Իրան-Ադրբեջան լարվածությունը նոր ռիսկեր է ավելացնում Հայաստանի համար։ 

Քանի դեռ դիվանագետները փորձում են գնահատել վնասները, զոհերի թիվը շարունակում է աճել։ Մինաբի ողբերգությունը հիշեցնում է՝ այս պատերազմում ամենաբարձր գինը վճարում է խաղաղ բնակչությունը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a Comment