Թեև նախընտրական արշավը ենթադրում է հանդիպումներ ընտրողների հետ, բայց ընդդիմադիր ուժերից մի քանիսը հայտարարում են, որ ընտրելու են ոչ թե նախընտրական հանդիպումների, այլ փողոցային պայքարի ձևաչափը։ Երևանի փողոցներում այսօր էլ տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, առայժմ՝ ոչ նախընտրական տրամաբանությամբ։ Քաղաքական ուժերից մի քանիսն էլ խոստացել են հաջորդ շաբաթվա ընթացքում հրապարակել իրենց ռազմավարական որոշումները։ Իշխանությունն իր հերթին ընտրողին զգուշացնում է չմոլորվել և հասկանալ պայքարի իրական նպատակները։
Այսպես կոչված՝ «փողոցային պայքարը» նախընտրական փուլում որոշ կուսակցությունների ռազմավարության անբաժանելի մասն է լինելու։ Պայքարի այդ գործիքը ընտրություններից առաջ փորձում են օգտագործել «Մեր ձևով» նախաձեռնության և «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր Սամվել Կարապետյանի աջակիցները։ Այս փուլում պայքարում են ոչ թե առաջադրվելու, այլ իրենց ղեկավարի ազատության համար։ Հիշեցնենք, որ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին Հայաստանում մեղադրանք առաջադրվեց ՔՕ մի քանի հոդվածով։
Կարապետյանի խափանման միջոցի փոփոխության հարցով հերթական դատական նիստից առաջ նրա կողմնակիցները բողոքի ակցիաներ էին կազմակերպել պետական տարբեր կառույցների մոտ։
«Բողոքի ակցիան պայմանավորված է այս ապօրինություններով, պայմանավորված է մեր ազգային արժեքները հալածելով, դրա դեմ գործողություններով, և, առհասարակ, մեր ընկալումը այսօրվա պրոցեսին հետևյալն է․ Սամվել Կարապետյանը պետք է ազատության մեջ լինի։ Եթե մի քիչ ավելի «ժողովրդավարական» խոսքով ասեմ` այդքան տղա եք, բա՛ց թողեք, տեսնենք` ընտրություններով կարող եք հաղթեք, թե չէ»:
«Մեր պայքարը չի դադարել, մենք շարունակելու ենք»։ Ա–զա–տու–թյուն, ա–զա–տու–թյուն։
Փողոցի միջոցով հանրային ճնշում գործադրելու արդյունավետության մասին Դաշնակցությունում չեն շտապում խոսելու։ Ընդունում են, որ նախորդ փուլում այս մարտավարությունը հաջող չի եղել։
«Այո՛, փողոցային ճանապարհով, այդ ճնշման միջոցով չենք կարողացել ունենալ համաժողովրդական մեծ զանգվածը»։
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի կարծիքը տարբերվում է «Հայաստան» դաշինքի առաջնորդի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքից։ Նա պնդում է, որ փողոցային պայքարով կարողացել են, այսպես ասենք, «մաշեցնել» իշխանություններին՝ դաշտ մաքրելով այլ ուժերի համար։
«Միգուցե նաև որոշ չափով մաշեցնելով ինքներս մեզ»։
Հունիսի 7–ի ընտրություններին ընդառաջ «Հայաստան» դաշինքը որոշել է ընտրողին ներկայանալ նորովի։ Նախկին երկուսի փոխարեն լինելու են երեքով՝ Դաշնակցությունը, երկրորդ նախագահի թիմը և երրորդ կուսակցություն, որի անունը դեռ չեն հրապարակում։ Ձևաչափը բացահայտելու են հաջորդ շաբաթ։ Դրանից հետո կանցնեն գործողությունների ակտիվ փուլ։ Այն փաստացիորեն կլինի առաջին հայտարարված դաշինքը, որը ԸՕ–ի նոր պահանջով պետք է հաղթահարի 8 % ձայների անցողիկ շեմը։ Մյուս ընդդիմադիրների միավորումները առայժմ տեղի են ունենում առանձին կուսակցությունների շրջանակում՝ ընտրացուցակներում տեղեր հատկացնելով միավորված ուժերի ներկայացուցիչներին։ Այդ դեպքում անցողիկ շեմը 4 %-ն է։
Ի դեպ, իր վերջին հարցազրույցներից մեկում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ ընտրությունների միջոցով է պատկերացնում իշխանություն «վերցնելը», մինչդեռ խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող Հանրապետական կուսակցությունը պայքարի այլ ձևաչափ է պատկերացնում։ Անգամ գործող ԱԺ լիազորությունների ավարտին շեշտը դնում են իմպիչմենտի գործընթացի վրա։ Թե ինչ հաշվարկով՝ բացատրում է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը։
«ՀՀԿ ԳՄ–ն մոտ օրերս նիստ կգումարի և արդեն իսկ պաշտոնական հայտարարությամբ իր եզրակացությունը կհայտնի առաջիկա պրոցեսների վերաբերյալ։ Իմպիչմենտի գործընթացը և ընտրական գործընթացը իրար հակասող չեն, իսկ փողոցային պայքարի պարագայում փոխլրացնող են։ Եվս մեկ անգամ վերահաստատեմ, եթե իմպիչմենտի օրակարգով գեներացվի փողոցային հուժկու պայքար, նույնիսկ եթե այն չհասնի իր նպատակին, ապա այն հավելյալ լծակ է իրական ընդդիմության ձեռքում, որպեսզի զսպեն իշխանություններին։ Մինչև օրս եղած բոլոր մեծ ընդդիմադիր՝ իրենց արդյունքին չհասած պայքարները, ամեն մեկը եղել են ավելի մեծ, քան նախորդը։ Դիմադրության շարժումը ավելի մեծ էր, քան Հայրենիքի փրկության շարժումը, «Սրբազան պայքարը» ավելի մեծ էր, քան դիմադրության շարժումը։ Փաստացիորեն դուք կարող եք ասել, որ կարող է հիասթափություն առաջանալ, բայց տարբեր թվեր են շրջանառվում․ այն քաղաքացիները, որոնք հրապարակում էին «Սրբազան պայքարի» ժամանակ, ոչ մի տեղ չեն վերացել։ Այդ մարդիկ կան, և չփորձել դա օգտագործել, ինձ համար, ճիշտն ասած, անընկալելի է»։
Այս փուլում ընդդիմադիրները բացառում են, որ փորձելու են փողոցը «կիսել» և իրարից ձայներ տանել։ Բայց նաև արդեն զգուշացումներ են հնչում, որ չեն հանդուրժելու թիրախավորումն ու ընդդիմադիր գործընկերների կողմից տարատեսակ մեղադրանքների դեպքում պատասխանելու են։
Հայաստանի վարչապետին անվստահություն հայտնելու օրակարգով փողոցային շարժում և հանրային ճնշում գեներացնելու մտադրությունները ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ժամանակավրեպ է համարում․
«Շուտով ընտրություններ են, ի՞նչ իմպիչմենտ, ի՞նչ փողոցային պայքար ընտրություններից առաջ։ Ընտրություններից վեց ամիս առաջ, եթե ես չեմ սխալվում, օրենքով էլ չի թույլատրվում իմպիչմենտը։ Հանրապետականները, չգիտեմ, ասենք 400 հոգի մարդ չունեն՝ ընտրություններին մասնակցեն, իրենք ի՞նչ իմպիչմենտ անեն»։
Հայաստանի վարչապետին անվստահություն հայտնելու՝ ընդդիմադիրների մտադրություններին զուգահեռ՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ընտրողների հորդորում է հիշել․
«Ժողովրդին թալանելով միլիոնատեր դարձածները պիտի դուրս շպրտվեն խորհրդարանից։ «Մարտի 1»–ի արյան վրա իշխանություն կիսածները պիտի դուրս շպրտվեն խորհրդարանից։ Օտար ուժերին ծառայող հակապետական ուժերը պիտի դուրս շպրտվեն խորհրդարանից կամ պիտի չհայտնվեն խորհրդարանում։ Ընդհանրապես, Ազգային ժողովը պետության միջնաբերդն է։ Ձայն տալ հակապետական ուժերին նշանակում է միջնաբերդի բանալին տալ նրանց, ովքեր գալու են ու քանդեն այդ պետությունը։ Բանալին ձեր ձեռքերում է՝ ապագայի բանալին, խաղաղության բանալին, պետության բանալին։ Մի՛ տվեք ձեր տան բանալին գողերին»։
Առաջիկա ընտրություններում, սակայն, կա մի խոսույթ, որն ընդունելի է և՛ իշխանության, և՛ ընդդիմության համար։ Երկու բևեռից էլ պնդում են, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են և դրանից է կախված Հայաստանի ապագան։ Եթե ընդդիմադիրն ասում են, որ դրա արդյունքից է կախված ՀՀ, պետականության ու ազգային ինքնության ճակատագիրը, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ՝ իշխող ուժը հունիսի 7–ին գնում է հերթական՝ երրորդ հեղափոխությունը անելու։ Նա այն կոչել է «պատմաքաղաքական»։