Իրանը «շուտով հանձնվելու է». Թրամփ

Իրանը «շուտով հանձնվելու է». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը G7 երկրների առաջնորդների հետ անցկացված վիրտուալ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Իրանը «շուտով հանձնվելու է»։ Այս մասին հայտնել են G7 երկրների երեք պաշտոնյաներ, որոնք ծանոթ են եղել զանգի բովանդակությանը։

Ըստ Axios -ի տեղեկությունների՝ չորեքշաբթի առավոտյան G7-ի հետ զրույցում Թրամփը հպարտացել է «Operation Epic Fury» գործողության արդյունքներով՝ դաշնակիցներին ասելով. «Ես վերացրի մի քաղցկեղ, որը սպառնում էր մեզ բոլորիս»։

Թրամփը միաժամանակ հայտարարել է, որ Իրանը պատրաստվում է հանձնվել, բայց նաև նշել է, թե Թեհրանում այլևս կարող են չլինել պաշտոնյաներ, որոնք իրավասու են նման որոշում ընդունել։

«Ոչ ոք չգիտի, թե ով է առաջնորդը, ուստի չկա մեկը, ով կարող է հայտարարել հանձնվելու մասին»,- ըստ Axios-ի աղբյուրների՝ ասել է Թրամփը։

Նախկինում Թրամփը ծաղրել էր Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին՝ նրան անվանելով «թեթև քաշային» և ասել, որ այաթոլլա Ալի Խամենեիի որդու առաջնորդ դառնալը ԱՄՆ-ի համար «անընդունելի» կլինի։

Հինգշաբթի օրը պետական հեռուստատեսությամբ լրագրողի կողմից ընթերցված ուղերձում Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել իրանական «նահատակների» համար և բացել պատերազմի նոր ճակատներ «այն վայրերում, որտեղ թշնամին քիչ փորձ ունի և խոցելի է»։

Նա նաև հայտարարել է, որ Իրանը կշարունակի սպառնալ Հորմուզի նեղուցին։ Այդ տարածքում արդեն իսկ տանկերների վրա հարձակումները նավթի գինը բարձրացրել են ավելի քան 100 դոլար մեկ բարելի համար և առաջացրել համաշխարհային տնտեսական ճգնաժամի մտավախություններ։

Զանգի ընթացքում մյուս բոլոր առաջնորդները Թրամփին կոչ են արել հնարավորինս արագ ավարտել պատերազմը՝ ընդգծելով, որ Հորմուզի նեղուցի անվտանգությունը պետք է ապահովվի որքան հնարավոր է շուտ։

Axios-ի տեղեկություններով՝ Թրամփը հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը բարելավվում է և առևտրային նավերը պետք է վերսկսեն աշխատանքը այդ շրջանում։ Սակայն նույն գիշեր Իրաքի ափերի մոտ առնվազն երկու տանկեր հրդեհվել է։ Թրամփը նշել է, որ հիմնական հարցը, որի շուրջ ինքը դեռ մտածում է, գործողությունների ժամանակացույցն է։ Նա վերջնաժամկետ չի նշել, սակայն ընդգծել է. «Մենք պետք է ավարտենք գործը», որպեսզի հինգ տարի անց կրկին պատերազմ չլինի Իրանի հետ։

Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունները։

Leave a Comment