13 մարտի 2026 – 14:45 AMT
PanARMENIAN.Net – Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՀԱԵ ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանի ներկայացրած միջնորդությունը՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյան) գործով: Միջնորդությունը ներկայացվել է մարտի 6-ին, հայտնում է Factor.am-ը:
Ըստ Զոհրաբյանի՝ գործը քննող դատավորը չի կարող անաչառ քննել գործը, քանի որ նա նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ է և իր գործողություններով, ըստ փաստաբանի, փաստացի կատարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցանկությունը։
Փաստաբանը հիշեցրել է, որ Փաշինյանը հունվարի 10-ին այս գործի առնչությամբ գրել էր. «Ասել եմ արդեն, որ …. Ներսիսյանը Ամենայն Հայոց կաթողիկոս չէ և, հետևաբար, այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առ ոչինչ են։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»։
Զոհրաբյանը նաև նշել է, որ նույն օրը Սարոյանը ազատվել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից։ Նրա գնահատմամբ՝ դատարանը օրենքի խախտմամբ է վարույթ ընդունել հայցադիմումը, ինչպես նաև օրենքի խախտմամբ է բավարարել Սարոյանի ներկայացրած միջնորդությունը՝ հայցի ապահովման վերաբերյալ։ Բացի այդ, դատավորը մերժել է հայցի ապահովումը վերացնելու միջնորդությունը և, լինելով Բարձրագույն դատական խորհրդի անդամ, նպաստել է եկեղեցու ներկայացուցչի անվանական թիրախավորմանը։
Դատավոր Էդգար Հովհաննիսյանը բացարկը մերժելու վերաբերյալ իր որոշման մեջ անդրադարձել է փաստաբանի ներկայացրած բոլոր չորս հիմնավորումներին։ «․․․Փաստում եմ, որ դատական ակտերը կայացրել եմ ինքնուրույն, զերծ եմ մնացել իմ խոսքով կամ վարքագծով կողմնակալություն դրսևորելուց և ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց, ինչպես նաև՝ այնպիսի գործողություններ ձեռնարկելուց, որոնք ողջամտության սահմաններում կարող են ստեղծել բացարկի հիմքեր: Հետևաբար, գտնում եմ, որ չեմ խախտել դատավորի վարքագծի որևէ կանոն, իսկ պատասխանողի ներկայացուցչի վկայակոչած հանգամանքները՝ դատավորի կողմից ՀՀ վարչապետի ցանկությունը կատարելու, իր պատկերացումների և Բարձրագույն դատական խորհրդի կողմից իր հայտարարությանը հասցեական անդրադառնալու հետևանքով իր ու դատավորի փոխհարաբերություններում ժխտական վերաբերմունքի առկայության մասին, նրա սուբյեկտիվ ընկալման հետևանք են և դատավորի անաչառության մասին ողջամտորեն կասկած հարուցող, ինչպես նաև դատավորի կողմից իր հանդեպ կանխակալ վերաբերմունք ունենալու փաստը հավաստող տվյալներ չեն»,- նշել է դատավորը։
Գործի շրջանակում Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ եկեղեցու։ Նա պահանջում է անվավեր ճանաչել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից հունվարի 10-ին հրապարակված հայրապետական տնօրինությունը, որով ազատվել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից, և վերականգնել իրեն այդ պաշտոնում։
Հայցադիմումը հունվարի 15-ին ընդունվել է վարույթ և մակագրվել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանին։ Դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց և ժամանակավորապես վերականգնել Սարոյանին թեմի առաջնորդի պաշտոնում։ Սակայն հունվարի 27-ին Գարեգին Բ կաթողիկոսը կարգալույծ է հռչակել Սարոյանին։ Նա այն 10 եպիսկոպոսների շարքում է, որոնք պահանջել են Վեհափառ Հայրապետի հրաժարականը։