Տոնոյան․ «Առաջարկ Հայաստանին» միացած որևԷ ուժ կամ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման

Տոնոյան․ «Առաջարկ Հայաստանին» միացած որևԷ ուժ կամ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման

13 մարտի 2026 – 14:42 AMT

PanARMENIAN.Net – ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրին միացած որևԷ ուժ կամ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման, հայտարարել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար, «Առաջարկ Հայաստանին» ծրագրի անդամ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նա նշել է, որ չեն դնելու տարաբաժանում՝ դատավոր չեն և չեն հավակնում լինել:

«Շարունակվում են հանրային միավորների, քաղաքական ուժերի և մասնագիտական ու հանրային մեծ հեղինակություն ունեցող գործիչների հայտարարությունները՝ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրին միանալու մասին։ Առաջիկայում այս ընթացքը շարունակվելու է ավելի մեծ թափով։ Ուրախ եմ արձանագրել, որ հանրային աջակցությունն իսկապես մեծ է, և մենք խորին հարգանքով ենք վերաբերվում յուրաքանչյուր նման նախաձեռնությանը»,-գրել է նա:

Տոնոյանը հավելել է, որ «Առաջարկ Հայաստանինը» իրավամբ դառնում է ժողովրդական ծրագիր։

«Վստահ ենք՝ միայն միասնական ուժերով, հանրային, վերկուսակցական մոտեցմամբ նախաձեռնության շուրջ համախմբվելով է հնարավոր երկիրը դուրս բերել ստեղծված բարդ իրավիճակից։ Իսկ այդ ճանապարհը հնարավոր է միայն հասարակության լայն աջակցության շնորհիվ։ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի գաղափարի հիմքում բոլոր կարող, սրտացավ ու պրոֆեսիոնալ ուժերի ու անհատների լայն կոնսոլիդացիան է և այն բաց է բոլոր պարկեշտ, սրտացավ, պրոֆեսիոնալ և պատասխանատու մարդկանց համար։

Հատկանշական է նաև, որ երբեմն նման հայտարարությունների մասին մեր թիմը տեղեկանում է լրատվամիջոցներից։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ այդ աջակցությունն ազնիվ ու ինքնաբուխ է։ Նման դեպքերում երբեմն լսում ենք՝ «բա պե՞տք էր, որ սա գար» և այլ ձևակերպումներ։

Մենք չենք դնելու տարաբաժանում։ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին։ Ո՞վ է լավը, ո՞վ՝ավելի լավը, ո՞վ արժանին կամ՝ ոչ։

Ուրախությամբ եմ նշում, որ առ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ՝ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման։ Մենք դա գնահատում ենք։

Մեզ հետ համագործակցության սկզբունքը շատ պարզ ձևակերպել է հենց Գագիկ Ծառուկյանը՝ «պաշտոնը կարևոր չէ, երկիրն է կարևոր, մանդատը կարևոր չէ, աշխատանքի արդյունքն է կարևոր»։

Ու նաև՝ բոլոր կարող ուժերն ու անհատները, պարկեշտ, ունակ, աշխատասեր մարդիկ իրենց արժանի տեղն են ունենալու մեր մեծ թիմում և Հայաստանի վերականգնման գործում»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ մասնակցելու է 2026–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությամբ:

«Դա լինելու է «առաջարկ Հայաստանին»։ Էս վիճակից երկիրը հանելու համար ոչ այդպիսի մարդ կա, ոչ էլ այդպիսի կուսակցություն։ Պետք է համախմբում լինի գաղափարի, ծրագրի շուրջ։ Լինելու է առաջարկ Հայաստանին։ Կարող է մարդը քաղաքականությամբ չզբաղվի, բայց ցանկություն ունենա, որ մեր երեխաները, մեր թոռները այս խեղճացած, պարտված իրավիճակից դուրս գան»,–ասել է նա։

Leave a Comment