ՀՀ-ն մերժել է ՌԴ օգնությունն արցախցիներին՝ «նախընտրական շրջանում նվիրատվությունների սահմանափակման պատճառով»

ՀՀ-ն մերժել է ՌԴ օգնությունն արցախցիներին՝ «նախընտրական շրջանում նվիրատվությունների սահմանափակման պատճառով»

12 մարտի 2026 – 18:35 AMT

PanARMENIAN.Net – Պաշտոնական Երևանը հրաժարվել է Ռուսաստանի կողմից առաջարկված հումանիտար օգնությունից, որը նախատեսված էր Արցախից բռնի տեղահանվածների համար։ Այս մասին հայտնել է Երևանում գտնվող դիվանագիտական աղբյուրը, գրել է ՌԻԱ Նովոստին։

Տեղեկությունը հայաստատել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է Sputnik Արմենիան:

Նա մեջբերել է նա Երևանի պատասխանը․ «Հայկական իրավական նորմերը սահմանափակում են նվիրատվությունների և բարեգործական օգնության տրամադրումը նախընտրական շրջանում»: Զախարովան հավելել է, որ ռուսական կողմը փորձել է պարզել, թե ինչ է դա նշանակում, սակայն հստակ պարզաբանում չի ստացել։

Նա նշել է, որ Հայաստանը հրաժարվել է «Ռուսական մարդասիրական առաքելություն», «Եվրասիա» կազմակերպությունների և Ռոսսոտրուդնիչեստվոյի միջոցով ղարաբաղցիներին տրամադրվող աջակցությունից, որը սկսվել էր 2025 թվականի հունիս–հուլիսին՝ հայկական հասարակական կազմակերպությունների դիմումի հիման վրա։

«Այս ընթացքում օգնություն է ցուցաբերվել հանրապետության գրեթե բոլոր խոշոր քաղաքներում և հեռավոր ու դժվարամատչելի համայնքներում ու գյուղերում գտնվող գրեթե 7 հազար ընտանիքի», – նշել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը երբեք չի թողել այդ տարածաշրջանի մարդկանց առանց աջակցության և անտարբեր չի մնացել Հայաստանում գտնվող ղարաբաղցիների ճակատագրի նկատմամբ։ Զախարովան նաև հիշեցրել է, որ Մոսկվան առաջիններից էր, որը մարդասիրական օգնություն էր ուղարկել Հայաստան, թեև արդեն այն ժամանակ Երևանում այդ աջակցությունը այնքան էլ դրական չէր ընդունվել։

Նրա խոսքով՝ այդ ընթացքում մատակարարվել է մոտ 140 տոննա բեռ՝ սննդամթերք, առաջին անհրաժեշտության ապրանքներ և մասնագիտացված մանկական հավաքածուներ։ Նա ընդգծել է, որ հիմնական կարիքների ապահովումը հնարավորություն էր տալիս մարդկանց և Հայաստանի իշխանություններին ավելի շատ կենտրոնանալ հրատապ խնդիրների վրա՝ բնակարան, զբաղվածություն և սոցիալական վերաինտեգրում։

Բացի այդ, որոշ ապրանքներ գնվել են հենց Հայաստանում, ինչը, ըստ Զախարովայի, լրացուցիչ խթան է դարձել տեղական արտադրության և փոքր բիզնեսի համար։

«Երևանի հրաժարվելը հասկանալի կլիներ, եթե օգնության կարիք չլիներ։ Այդ դեպքում ակնհայտ է, որ ռուսական կողմն էլ չէր առաջարկի», – նշել է նա։

Միևնույն ժամանակ Զախարովան ասել է, որ քաղաքացիների դիմումների թիվը աճել է, իսկ այն հիմնավորումը, որի համաձայն մերժվել է օգնության հաջորդ խմբաքանակի մատակարարումը, ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ։

Նրա գնահատմամբ՝ քաղաքական ենթատեքստ չունեցող մարդասիրական օգնությունից հրաժարվելը պայմանավորված է Հայաստանի իշխանությունների նախընտրական ցանկությամբ՝ ջնջել Ռուսաստանի մասին ցանկացած հիշատակում։

ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից բռնի տեղահանվել է 115,365 մարդ։

Leave a Comment